Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյանն Արցախի հարցը դե յուրե փակում է․ ստանալով ՀՀ քաղաքացիություն՝ արցախցիները կկորցնեն Արցախի հանդեպ իրենց իրավունքները»․ Մարգարիտա Քարամյան

Փետրվար 19,2024 20:30

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդիրների վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարություններին։

Կառավարության նախորդ նիստում եւ Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բնակարանային խնդիրները լուծելու համար պետք է արցախցիների համար նույն պայմաններն ապահովել, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Ըստ Փաշինյանի՝ սա շատ կարեւոր է նաեւ լարվածություններ չառաջացնելու տեսակետից: «Մենք պարտադիր ենք համարելու, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր այն քույրերը եւ եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանան»,- ասել էր Փաշինյանը։

«Նիկոլ Փաշինյանի պարագայում զարմանալի ոչինչ չկա․ Հայաստանի վարչապետը Արցախի հայերի բռնի տեղահանումից հետո կատարում է ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի բոլոր պահանջները, այդ թվում՝ նաև այն պահանջը, որ Հայաստանում չպետք է խոսվի փախստականների մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մարգարիտա Քարամյանը։

Նրա խոսքով՝ դեռեւս 2020 թվականին Հադրութից, Շուշիից, Քարվաճառից եւ Քաշաթաղից բռնի տեղահանված անձինք բանակցում էին ՀՀ կառավարության հետ, որպեսզի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց համար կառուցվեր բնակավայր, ինչը հնարավորություն կտար պահպանել համայնքային կյանքը՝ բարբառները, ինչպես նաեւ թույլ կտա միջազգային հանրությանը ներկայացնել կոմպակտ ապրող ցեղասպանությունից փրկված եւ իրենց բնակավայրերը լքած մարդկանց խնդիրները: «Ցավոք, ՀՀ կառավարությունն ընտրեց այլ տարբերակ․ 2021-2022 թվականների ընթացքում Արցախի Հանրապետության բյուջե փոխանցվեց 210 միլիարդ դրամ՝ իբր տեղում բռնի տեղահանվածների համար բնակարանային խնդիրները լուծելու նպատակով:

Չանդրադառնանք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Արցախում 2021-2023 թվականներին: Պարզ է, որ ՀՀ կառավարությունը անտեղի այդ ահռելի գումարները քամուն տվեց: Ու մի բան էլ պարզ չէ, այդ գումարների գոնե մի մասն օգտագործվե՞լ է խոցելի խմբերին բնակարաններով ապահովելու համար, թե՞ սովորության համաձայն հոսել են չինովնիկների գրպանները: Հիմա արդեն անհնարին է դա պարզել, քանի որ արխիվների մի մասը ոչնչացվել է, մյուս մասը գաղտնի պահվում է ՀՀ տարբեր գերատեսչություններում»,- ասաց նա։

Քարամյանը հիշեցրեց, որ տեղահանված անձանց եւ նրանց ընտանիքներին ՀՀ տարածքում առաջարկում էին պետական աջակցությամբ սեփական ուժերով տներ կառուցել Մեղրու սահմանամերձ Նռնաձոր գյուղում: Ըստ վկաների՝ այնտեղ մի քանի տան հիմքեր են գցվել, սակայն տները այդպես էլ չեն կառուցվել: «Իսկ մեր օրերում այդ գյուղով անցնող ճանապարհը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տակ, եւ նույնիսկ բնակիչներն ու լրագրողները չեն կարող անցնել այդ գոտի՝ առանց ռուսական զորախմբի կողմից հատուկ թույլտվության: Ըստ երևույթին, տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծումը նոր փողեր լվանալու սխեմա է, որը կիրառվում է ՀՀ կառավարության կողմից: Այսինքն՝ գումարներ են ներդրվում այն բնակավայրերում ու մարզերում, որոնք Փաշինյանը պատրաստ է հանձնել Ադրբեջանին ու ռուս խաղաղապահներին: Փաշինյանը նշված եռյակի պահանջով անում է ամեն ինչ, որպեսզի արցախցիները ստանան ՀՀ քաղաքացիություն, ինչը թույլ կտա Ռուսաստանին ու Ադրբեջանին հետագայում էլ պնդել, որ Արցախում ցեղասպանություն եւ էթնիկ զտում չի եղել, մարդիկ իրենց կամքով են լքել Արցախը: Սա, ըստ երևույթին, շահավետ է բոլոր երեքի համար: Ռուսաստանի ու Ադրբեջանի պարագայում պարզ է՝ նրանք ձգտում են խուսափել պատասխանատվությունից եւ հատուցումից, որը միևնույն է լինելու է:
Փաշինյանի պարագայում դա ձեռնտու է, քանի որ ինքն էլ է ձգտում, որ Արցախի հարցը փակվի Հայաստանի համար: Ընդ որում, եթե առաջին երկուսը պնդում են, որ Արցախի հարցը դե ֆակտո փակված է, Փաշինյանը իր քաղաքականությամբ ու գործելաոճով փակում է այն դե յուրե։ Այսինքն, ստանալով ՀՀ քաղաքացիություն, արցախցիները կկորցնեն իրենց բոլոր իրավունքները Արցախի հանդեպ: Դա վերադարձի իրավունքն է, Ադրբեջանից իրենց կորցրած անշարժ և շարժական գույքի փոխհատուցման իրավունքն  է, իրենց հարազատների շիրիմների այցելության իրավունքն է: Ու, ամենակարևորը, փաստականների համար նախատեսված բոլոր արտոնություններից ու իրավունքներից, որոնք ամրագրված են «Փախստականների մասին» ՀՀ օրենքում»,- նշեց Մարգարիտա Քարամյանը։

Նրա խոսքով՝  Փաշինյանը նորից մանիպուլյացնում է արցախցիների բնակարանային խնդիրները: «Նա արդեն երկրորդ անգամ հայտարարել է որ այդ ծրագիրը պետք է նաեւ նույնքան հասանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսինքն՝ վարչապետը հավասարեցնում է ՀՀ քաղաքացիներին ցեղասպանության ենթարկված եւ տեղահանված անձանց հետ: Հերթական աբսուրդի ժանրից մտածելակերպ, որը նա հիմնավորում է «խտրականության» բացառմամբ: 30 տարվա իրավաքաղաքական խառնաշփոթն ամեն անգամ փակուղի է մտցնում ՀՀ բոլոր իշխանություններին: Այսօրվա իշխանությունը կամ պետք է ճանաչի, որ Արցախը Հայաստանի մաս է, եւ Արցախի բնակիչները նույն ՀՀ քաղաքացիներն են, կամ պետք է իր ոճով ճանաչի արցախցիներին՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ, հետևաբար, փախստականներ՝ դրանից բխող բոլոր հետեւություններով: Այսինքն, ոչ ոք իրավունք չունի արցախցիներին ստիպել ընդունել ՀՀ քաղաքացիություն: Առավել եւս, ստիպել ցեղասպանությունից փրկված եւ էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված անձանց բնակություն հաստատել սահմանամերձ բնակավայրերում, որոնց ճակատագրի հետ Փաշինյանը հանգիստ խաղում է այնպես, ինչպես Արցախի ճակատագրի հետ»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Տիկին Քարամյան, Դուք չգիտեք?, որ նիկոլը նշանակվել է դրսից – Արցախը հանձնելու համար։ Արցախցիներով միացեք, բողոքի ակցիա արեք, երեւանցիներն էլ ձեզ կմիանան, որ էդ օտարահպատակ դրածոյից ազատվենք։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829