«Կարմիր Խաչական լինելը էդպիսին նաեւ ծնվում են…կարմիր խաչականը առանձին կոչում, ապրելակերպ ու մտածելակերպ է: Ինչ կապ ունեմ ես Մխիթար Մնացականյանի հետ: Ես նրա թոռն եմ, Աննա Եղիազարյանն էլ հորեղբորս կինն է, բայց այստեղ հարցը ընդհանրապես բարեկամական կապերի մեջ չէ, հարցը կազմակերպության զարգացման մեջ է եւ կազմակերպության շահերը բարձր դասելու մեջ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կարմիր Խաչ» հայկական ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Ներսիսյանը: Նկատենք, որ ստացվում է՝ «Կարմիր Խաչում» պաշտոնի հիմնական կռիվը ազգականների միջեւ է:
Մխիթար Մնացականյանը ՀԿԽԸ նախագահն է: Վերջինս, ըստ ՀԿԽԸ տարածած հաղորդագրության, դեկտեմբերի 29-ին նշանակված 28-րդ հերթական համագումարից առաջ ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում, իսկ վերջինիս որդին՝ Ալեքսանդր Մնացականյանը, հոր առողջությամբ զբաղվելու փոխարեն, դեկտեմբերի 28-ին հանդիպելով ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ, հայտ ներկայացրեց ընտրվելու ՀԿԽԸ նախագահ, պնդելով, որ դա իր հոր կամքն է և իրեն պետք է հրատապ ելույթ տրամադրեն։
Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնը ընտրովի է, մեկ մարդու կամքից կախված չէ, և համագումարն է ընտրում ՀԿԽԸ նախագահին: Ինչպես այսօր ասուլիսին խոստովանեց Մխիթար Մնացականյանի թոռը՝ Դավիթ Ներսիսյանը, Աննա Եղիազարյանն էլ հորեղբոր կինն է: Ի դեպ, վերջին նախագահության նիստի ժամանակ է որոշվել բացել գլխավոր քարտուղար/գործադիր տնօրենի տեղակալի պաշտոն, որին նշանակվել է հենց ինքը Դավիթ Ներսիսյանը։
Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին ՝ ինչպես են մի կազմակերպությունում այդքան խնամի-ծանոթ-բարեկամ հայտնվել, որովհետեւ, ըստ մամուլի հրապարակումների, այդ կազմակերպությունում են նաեւ Աննա Եղիազարյանի, սանիկ, խնամի, ծանոթ, այլ բարեկամներ: Լրագրողներից մեկն էլ նկատեց՝ վերածել եք ընտանեկան բիզնեսի, այս ամենին Դավիթ Ներսիսյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում բիզնես, սա հասարակական կազմակերպություն է, ի՞նչ եք ենթադրում, եթե խնամական կամ բարեկամական կապ կա դրա թափանցիկությունը դրանից նվազո՞ւմ է»:
Կարդացեք նաև
Ներսիսյանին ընդհատեց նրանց ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը. «Դրա պատասխանը պետք է տաք դուք՝ լրագրողներդ: Կազմակերպությունն ունի կենսագրություն, բարի համբավ, ահավասիկ պայմանական վերցնում ենք, որ կազմակերպությունում կան ընտանիքի,բարեկամների ներկայացուցիչներ, դրա պատասխանը դա է՝ նայեք գրանցացած արդյունքը: Եթե իրավական հարցեր կան, տվեք, եթե՝ ոչ…»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ