Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս մարդկանց չի հուզում ոչ Հայաստանի ապագան, ոչ Արցախը. սա է ցավալի պատկերը». Սամվել Լուլուկյան

Փետրվար 19,2024 19:22

Գերմանիայի հայկական երկու կարեւորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչները չեն մասնակցել Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Հրավերք ստացել են, բայց չեն մասնակցել հանդիպմանը. այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը:

«Ես հանդիպմանը մասնակցել եմ, որպես համայնքի անդամ, ոչ թե որպես գերմանահայոց կենտրոնական խորհրդի ղեկավար մարմնի անդամ եւ հարցս ուղղել եմ իմ անունից»:

Հիշեցնենք, երեկ Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպմանը ներկա է եղել Մյունխենի հայ համայնքի ատենապետը, որը շատ հայտնի է պրոնիկոլական իր հայացքներով: Հանդիպմանը ներկաների մեծամասնությունը Գերմանիայի հայ համայնքի հետ ընդհանրապես կապ չունեին: Կային ուսանողներ, Ուկրաինայից ինչ-որ փախստականներ. հայ համայնքը ներկայացնող անդամներ այդ հանդիպմանը հիմնականում չկային, մեծամասնությունը հայ համայնքի հետ կապ չուներ»,- մանրամասնեց Սամվել Լուլուկյանը:

Ի դեպ, Սամվել Լուլուկյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված կորսված հայրենիքի մասին դիտարկումից հետո, ներկաներից Արագած Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեց՝ այն մարդկանց, ովքեր մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, իր ինքնաթիռով տանել Հայաստան, որպեսզի կանգնեն սահմանին եւ թույլ չտան հողերը հանձնել:

Սամվել Լուլուկյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է մտածում այդ մասին:

«Այդ անձնավորությունը Մյունխենի հայ համայնքի ատենապետի մտերիմներից է: Հանդիպման ավարտից հետո նա ինձ էլ մոտեցավ եւ հարցրեց՝ դուք դաշնա՞կ եք: Ես ասացի, գիտեք, հենց դա է խնդիրը, որ դուք ձեր այդ պարզունակ ենթադրություններով, չճանաչելով մարդուն, չիմանալով նրա կենսագրությունը՝ կարծիք եք հայտնում: Ասացի, որ ես եղել եմ ԱԻՄ անդամ, «Մովսես Գորգիսյան» ուսանողական միության անդամ, Հայաստանի անկախության համար եմ պայքարել, պետականության ստեղծման համար եմ պայքարել եւ դու ասում ես՝ ինձ Հայաստա՞ն ուղարկեն, էն էլ Նիկոլ Փաշինյանի օդանավով: Ասացի, որ մյուս ամիս ինքս մեկնում եմ Հայաստան եւ քեզ էլ հաճույքով հետս կտանեմ ու կբերեմ, եթե դա քեզ համար խնդիր է:

Այս մարդիկ, զոմբիացված մասսա են, ոչ ժողովրդավարությունից են հասկանում, ոչ էլ հայրենիքն է իրենց հուզում: Հիմնական հարցերը, բայցի իմ հարցից, անձնական բնույթի էին՝ վիզայի հարց, քաղաքացիության հարց եւ այլն: Այս մարդկանց չի հուզում ոչ Հայաստանի ապագան, ոչ Արցախը. սա է ցավալի պատկերը»,- կարծում է մեր զրուցակիցը:

Նկատեցինք նաեւ՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Նիկել Փաշինյանը հանդիպումներ ՝ ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ, որից հետո գոհունակություններ հնչեցին եւ հետաքրքրվեցինք՝ պաշտոնական հանդիպումներից հետո եղած հայտարարություններից զատ որոշ տեղեկություններ ունի մեր զրուցակիցն այն մասին, թե ի՞նչ խոսակցություններ են եղել փակ հանդիպումների ժամանակ: Սամվել Լուլուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրածից զատ՝ ինքը որոշ տեղեկություններ ունի, բայց դրանք դեռ ճշտումների կարիք ունեն, ուստի ձեռնպահ է մնում հրապարակել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լուսանկարը՝ Սամվել Լուլուկյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829