Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կոտրվելու, մենք այլ տարբերակ չունենք՝ պիտի կռվենք ու կռվենք». Արթուր Սահակյան

Փետրվար 19,2024 18:35

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի անձնակազմը դեմ է իրենց թատրոնը լուծարելուն եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հետ միանալուն: Գործն էլ դատական փուլում է գտնվում: Փետրվարի 19-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր դատական նիստը:

Aravot.am-ի հետ զրույցում «Գոյի» թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը հետեւյալը հայտնեց. «Դատարանն ասել է, թե իր իսկ վարույթի գործը չէ: Իսկ մինչ այդ ասել էին, որ սա ընդհանուր իրավասության դատարանի գործն է, հիմա էլ ասում են՝ պետք է ուղղել վարչական դատարան…Մի խոսքով, այս գործը վարույթ չեն ընդունում, ամեն կերպ խոչընդոտում են…»:

Արթուր Սահակյանը տեղեկացրեց, որ իրենց փաստաբանը կրկին Կարո Ասատրյանն է, ով հունվարի 15-ին անակնկալ կերպով տեղեկացել էր, որ իր լիազորությունները դադարեցվել են. «Գոյը» պետռեգիստրում ապօրինաբար հանել են գրանցումից… Գործը դեռ դատարան չընդունած, իրենք ինչ-որ գործողություն արեցին ու «Գոյը» հանեցին, բայց  «Գոյի» անձնակազմը հավաքվեց եւ Կարո Ասատրյանին նշանակեց իր շահերի ներկայացուցիչ: Հիմա նորից Կարոն է մեր փաստաբանը, ում հետ փորձում ենք այս պատը ճեղքել»:

«Գոյի» գեղարվեստական ղեկավարից հետաքրքրվեցինք՝ որեւէ լուր ունե՞ն  ԿԳՄՍ նախարարության  կողմից անսպասելի նշանակված նոր տնօրեն Կարեն Սիմոնյանից, որին «Գոյի»  անձնակազմը անվստահություն էր հայտնել:

«Ոչ մի լուր, բացարձակ ոչ մի ձայն, ոչ մի բան, անգամ կասկածներ ունեմ, որ  գուցե իր հետ ինչ-որ վատ բան է պատահել, որ ծպտուն չկա»,-ասաց մեր զրուցակիցը:

«Գոյի» գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն ընդգծեց, որ «Գոյը» չի ընկրկելու ու գնալու է մինչեւ վերջ. «Ճար չունենք մենք կոտրվելու, կոտրվենք, ի՞նչ անենք: Իրենց ուզածն էլ դա է: Մենք այլ տարբերակ չունենք, պիտի կռվենք ու կռվենք»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829