Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Սաղյանը ՌԴ-ում պարգևատրվել է «Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալով

Փետրվար 19,2024 17:16

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, սույն թվականի փետրվարի 8-ին մասնակցել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) հիմնադրման 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ՌԳԱ արտասահմանյան անդամ Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում պարգևատրվել է «Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալով, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2022թ․ դեկտեմբերի 5-ի N 874 հրամանով։ Մեդալը ՀՀ ԳԱԱ նախագահին է հանձնել ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Գենադի Կրասնիկովը։

«Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալ է շնորհվել նաև Բելառուսի Գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԳԱ արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Վլադիմիր Գուսակովին։

ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցել է ՌԳԱ հոբելյանական միջոցառման Կրեմլի պետական պալատում, որտեղ շնորհավորական ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի դերը կառավարական և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Նշել է, որ ստորագրել է հրամանագիր ՌԳԱ նախագահին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդում ընդգրկելու մասին։

Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ բոլոր նշանակալից նախաձեռնությունները պետք է ՌԳԱ-ի կողմից ենթարկվեն խորը, օբյեկտիվ գիտական ​​փորձաքննության։ ԲՈՒՀ-երի և դպրոցների դասագրքերը պետք է պարտադիր ակադեմիական քննություն անցնեն, ԲՈՀ-ի գործառույթները վերապահվում են ՌԳԱ-ին և այլն։

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պետական բյուջեից ՌԳԱ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ աճել է մինչև 6 միլիարդ ռուբլով։ Նաև մեկուկես անգամ ավելացել են ակադեմիկոսների և թղթակից անդամների ամսական վճարները։

ՌԳԱ 300-ամյակի առթիվ պետական պարգևների են արժանացել առաջատար գիտնականներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել