Թեհրանում կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը։ Արցախի հիմնահարցն ու կորուստը, ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, առկա մտահոգությունները, ապագա հնարավոր զարգացումներն ու հայկական կողմի անելիքներն այն թեմաներն էին, որոնք քննարկվել են Թեհրանում՝ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում:
Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ փետրվարի 15-16-ը, Հայ հասարակական միության (Հայ ակումբ) սրահում կազմակերպված «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանից, Արցախից հրավիրված բանախոսներ, ՀԱԵ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչներ և ազգային մարմիններ: Խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության եւ ինքնիշխանության պահպանման համար»:
Հայ դատի հանձնախմբի հրավերով խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են.
Կարդացեք նաև
- համազգային ճգնաժամը դիմագրավելու գործում Հայ Առաքելական եկեղեցու կարողություններին, եկեղեցու դեմ տարվող արշավին,
- առկա պայմանների եւ իրականության պարագայում Հայ դատի պայքարի նորօրյա թիրախների ճշգրտմանը, ռազմավարության եւ մարտավարության մշակմանը
- ՀՀ ներքաղաքական իրավիճակին, առկա ճգնաժամը հաղթահարելու գործում ընդդիմության անելիքներին,
- տարածաշրջանային խնդիրներին, դրանց աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին:
- բռնագաղթած արցախահայության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակին եւ Արցախի Հանրապետության պետական-քաղաքական ինստիտուտների պահպանման կարևորությանը:
ՀՀ-ից ժամանած գործիչները Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում նաև փակ ձևաչափով հանդիպումներ մտքերի փոխանակումներ են ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:
«Հայ դատն այսօր» խորհրդաժողովը Հայ դատի Թեհրանի հանձնախմբի ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպվում է ավելի քան 15 տարի անընդմեջ։ Այն կարևոր նշանակություն ունի իրանահայ համայնքի կյանքում, որին ամեն տարի մասնակցում են հեղինակավոր գործիչներ, փորձագետներ՝ քննելու հայության ներկա կացությունը և լուծումներ գտնելու առակ խնդիրների համար։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ