Տեւական ժամանակ է՝ մամուլում քննարկվում է, որ ՊԵԿ-ը, այսպես ասած, «խոպանչիներին»՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ինչ-որ նամակներ է ուղարկում՝ հարկային դաշտ բերելու: Այսօր լրագրողները ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին հարցրեցին՝ մարդիկ մտահոգվել են, աշխատում են ՌԴ-ում, հարկեր են վճարում, եկել են այստեղ, իրենց ուզում են մտցնել հարկման դաշտ, սա ի՞նչ մոտեցում է:
Պապոյանը պատասխանեց. «Նախ, օրենքն ընդունվել է 2016-ին եւ ասվում է, որ եթե ես ստանամ տեղեկատվություն, որ մարդը ՀՀ քաղաքացի է, աշխատել է այլ երկրում, այդ երկրում ստացել է եկամուտ, բայց ավելի քիչ հարկ է վճարել, քան ՀՀ-ում, տարբերությունը պետք է վճարի: Հակառակն էլ կա, երբ մարդիկ գալիս, աշխատում են ՀՀ-ում, իրենց երկրում եկամտահարկն ավելի բարձր է, իրենք էլ այնտեղ են գնում, 5% վճարում: Օրենքը եղել է, վաղուց, կիրառվել է IT եւ այլ ոլորտներում: Հարցը ինչու է այդքան զգայուն: ԵԱՏՄ համաձայնագիրը բոլոր երկրների հետ սկսել է ուժի մեջ մտնել: Կա՛մ մենք պիտի ԵԱՏՄ-ից դուրս գանք, կա՛մ պիտի հայտարարենք, որ ԵԱՏՄ-ի այդ կանոնը չենք կիրառում, դա նույնպես խնդիր է: Բոլոր երկրները կանոնը կիրառում են: Օրինակ, եթե ՌԴ-ում 6 ամսից ավելի ես աշխատում, քո եկամտային հարկը ՀՀ-ից ցածր է, մինչեւ 6 ամիս աշխատելու դեպքում՝ բարձր է:
ՌԴ-ն իր քաղաքացուն նույնն է ասում՝ այնտեղ 20 ես տվել, մի բան էլ պետք է մեզ մոտ տաս: Մենք մտել ենք մի համակարգի մեջ, որտեղ այդ կանոններով պիտի խաղանք, կամ պետք է ասել, որ ես այդ կանոնով չեմ խաղում: Նախ, պետք է մյուսները համաձայնվեն, որ դու այդ կանոնով չխաղաս, հետո, եթե չհամաձայնեցին, պետք է քո քաղաքականությունը փոխես: Բայց հիմա ՊԵԿ-ը ոչ մի վարչարարություն չի իրականացնում, ընդամենը տեղեկատվություն է ուղարկում, որ ժողովուրդ ջան, կա ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ այլն, որոնք իրար հետ այս խաղի կանոններով են աշխատում, կա ԵԱՏՄ համաձայնագիր: Գումարած՝ 2016-ին ընդունվել է օրենք ու այսպիսի պահանջներ ունի: Տարբերություններ կան մոտ 6%: Թե ինչ կլինի, ով կմուծի, ինչ վարչարարություն կարվի, սրանք հետագայի քննարկման հարցեր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ