«Փաստինֆո». Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ՝ պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայրը նշանակվել է դատավոր, ընդ որում՝ բացասական եզրակացությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում հայտարարել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը՝ անդրադառնալով փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով ԲԴԽ-ի աշխատակազմի տարածած տեսանյութին։
Նախշքարյանն ընդգծեց այդ գործով ձգձգումները, ինչով պայմանավորված կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացել է՝ այդպես էլ չտեսնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
Նկատենք, որ ԲԴԽ-ն, ստեղծման օրվանից, երբևէ տեսանյութ չի պատրաստել, որը կվերաբերեր մեկ գործի։ Ըստ Նախշքարյանի՝ տեսանյութը ծառայեցվել է քաղաքական նպատակի, որի համար պատվիրվել է։ Մասնավորապես, տեսանյութում անուղղակիորեն գովազդվում է Արա Մխիթարյանի ծեծի գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական գրասենյակը, որի սեփականատերերն են ԲԴԽ նախագահի կինը և ՀՀ Արդարադատության նախարարը։ Բացի այդ, տեսանյութում առկա են մի շարք մանիպուլյացիաներ, օրինակ՝ արձանագրվել է, թե որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ Տրդատ Սարգսյանն առնչություն չունի այս գործին, սակայն դատավորը նման բան չի ասել։
«Դատավորին ևս դարձրել են այս կրկեսի անդամ։ Դատավորը չի ասել՝ Տրդատ Սարգսյանը մեղավոր է կամ անմեղ, նա ասել է, որ այդ հարցը չի քննել, որովհետև իրեն ներկայացվել է մեղադրանք՝ Հարություն Գրիգորյանի մասով, բայց հաղորդավարը եզրակացրել է, որ որևէ ապացույց չկա, ինչը ճիշտ չէ։ Դատավճռով արձանագրվել է առնվազն երկու վկայի ցուցմունք, որոնք պնդել են, որ Տրդատ Սարգսյանն ականատես է եղել դեպքին։ Այսինքն՝ այս առումով ևս որոշ քաղաքական օժանդակություն է ցուցաբերվում գործող իշխանության կուսակից, ներկայիս ԱԺ պատգամավոր, այդ ժամանակաշրջանում՝ մարզպետ՝ Տրդատ Սարգսյանին։ Դա արվում է ոչ միայն այն պատճառով, որ դա իշխանահաճո երանգ ստանա, այլև՝ նրա համար, որ Տրդատ Սարգսյանի եղբայրը բոլորովին վերջերս նշանակվել է դատավոր, ընդ որում՝ բացասական եզրակացությամբ՝ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու դեպքում»,- նշեց Նախշքարյանը՝ ընդգծելով, որ իր տպավորությամբ՝ ԲԴԽ ներկայիս նախագահը հանդես է գալիս բոլոր հարթակներում, բոլոր գործողություններով, բոլոր հանձնարարականները՝ իր նախկին կուսակցության դիրքերից և շահերից։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորների նկատմամբ հարուցված վարույթներով երկակի ստանդարտներին՝ Նախշքարյանը հիշեցրեց, որ ԲԴԽ-ն նույն փաստական տվյալներով, նույնական հանգամանքներով չորս դատավորի, այդ թվում՝ ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանի լիազորությունները չեն դադարեցվել, մինչդեռ ավելի վաղ ԲԴԽ-ն նույնական հանգամանքներում դադարեցրել էր Տիգրան Պետրոսյանի և մյուսների լիազորությունները։
Իզաբել Սահակյան