Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՂ հայերի անվտանգությունը ո՞ւմ պատասխանատվությունն էր՝ ՌԴ-ի, ԼՂ հայերը ապրո՞ւմ են այնտեղ՝ ոչ, չեն ապրում, հետեւաբար, կա՞ 9-րդ կետը՝ չկա». Պապոյան

Փետրվար 19,2024 16:20

«Կփոխվի Հայաստանում Սահմանադրությունը, թե ոչ, դա մեր ներքին գործն է: Եթե ՀՀ-ում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց մինիմում 25%-ից ավելի զանգված եւ այդ զանգվածի քվեարկությունը 50+ տոկոսով կլինի կողմ, ապա Սահմանադրությունը կփոխվի: Եթե այնպիսի բան կլինի, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, չի քվեարկի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ նշելով, թե ինքն անձամբ պայքարելու է, որ մեկ քվե չկեղծվի, էական չի, այդ Սահմանադրությունը իր սրտո՞վ կլինի, թե՞ ոչ:

Նրա խոսքով՝ եթե նախկին իշխանություններն ասում էին, որ կլինեն Սահմանադրական փոփոխություններ, ուրեմն այդ փոփոխությունները անցնելու էին, որովհետեւ «էլիտաներն» էին որոշում ժողովրդի փոխարեն, իսկ հիմա այդպես չի. «Հիմա ժողովրդի ձայնը լսելի է, մեկ ձայն չի կեղծվելու, մեր բոլոր ընտրողները գիտեն, որ իրենց ձայնը տեղ է հասնում»:

Հարցին՝ եթե Սահմանադրությունը դրվեց քվեարկության ու ժողովուրդը մերժեց, չուզեց, որ Անկախության հռչակագրին հղումը հանվի, ցեղասպանության պահանջատիրությունը չլինի, դա ի՞նչ կարող է տալ, արդյոք վտանգավոր չի՞ լինի, Ադրբեջանը դրանից ավելի ագրեսիվ չի՞ կարող դառնալ՝ Պապոյանը պատասխանեց. «Մենք բոլոր հարցերի լուծումը չենք պատկերացնում միայն դիվանագիտությամբ, միայն Սահմանադրությամբ, միայն կրթությամբ, անվտանգությամբ: Մեր պատմության ամենախոշոր բյուջեն ունենք այսօր, պետք է ունենալ էֆեկտիվ տնտեսական համակարգ, որտեղ այդ իշխանությունները չեն տնտեսությունը կազմում, այլ տնտեսվարողները, պետք է ունենալ արդյունավետ կառավարման համակարգ»:

Վարչապետ Փաշինյանը մյունխենյան հանդիպման ժամանակ խոսելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, ասաց, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատռել, մի կողմ են գցել նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Հարցին՝ Հայաստա՞նն էլ նույն տրամաբանությամբ կգործի, կպատռի ու կգցի՞ այդ փաստաթուղթը՝ Պապոյանը պատասխանեց. «Լաչինի միջանցքը ո՞ւմ պատասխանատվությունն էր՝ ՌԴ-ի, կա՞ Լաչինի միջանցք՝ չկա: ԼՂ հայերի անվտանգությունը ո՞ւմ պատասխանատվությունն էր՝ ՌԴ-ի, ԼՂ հայերը ապրո՞ւմ են այնտեղ՝ ոչ, չեն ապրում: Հետեւաբար, կա՞ այդ կետը՝ չկա: Կա՞ կետ, որ Ադրբեջանը պետք է հարձակվեր, այդ տարածքները գրավեր՝ ոչ, չկա: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այն, ինչ ՀՀ-ին է վերաբերվել, ՀՀ-ն իր բոլոր պարտավորությունները կատարել է, բայց ինչը վերաբերվում է ՌԴ-ին ու Ադրբեջանին, ոչ մեկը չի կատարվել, կամ ինչ-որ մի շրջան կատարվել է, հիմա վերջին հաշվով կատարված չէ: Ինձ համար շատ տարօրինակ է, երբ որ իրենք են խոսում նոյեմբերի 9-ի պայմանագրի մասին, որովհետեւ այդ պայմանագրի բոլոր կետերը խախտել են:

Հարցին, թե Մյունխենում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունից խոսելը հակառուսականության դրսեւորում չէ՞ր՝ Պապոյանը պատասխանեց, որ երբ մենք դրանից խոսում ենք, մենք մեր տարածքային ամբողջականւթյան համար ենք դա անում. «Եթե դա կասկածի տակ է դրվում, նշանակում է շատ լեգիտիմ է, երբ երրորդ երկիրն է քո տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնում: Սա ՌԴ-ի դեմ չէ, Ուկրաինայի կողմ չէ, սա Հայաստանի համար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829