Լրահոս
Օրվա լրահոսը

40.000.000 դրամ շուկայական արժեքով հողամասը 440.000 ՀՀ դրամով օտարել է ընկերոջը. Նոր Գեղի նախկին ղեկավարը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում

Փետրվար 19,2024 16:09

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի նախկին ղեկավար Վարդան Պապյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել:

Ըստ այդ օպերատիվ տվյալների՝ ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի թիվ 27-Ն որոշմամբ համայնքին փոխանցված գյուղատնտեսական նպատակային նշանակության 2.758004 հա հողամասը Պապյանն իր եղբորը՝ Ա. Պապյանին օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին։ Այն է՝ խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ աճուրդի կազմակերպչի կողմից անցկացվելիք աճուրդի մասին ՀՀ հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակային ծանուցում ներկայացնելու պահանջները, այդ կերպ հնարավոր այլ շահառուներին զրկել է աճուրդին մասնակցելու իրավունքից և իրական հնարավորությունից:

Իրավապահներին հասած օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Պապյանը հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, օգտագործելով համայնքի գույքի նկատմամբ տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորությունները՝ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստացի չկայացած աճուրդի վերաբերյալ կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, հողամասն աճուրդով վաճառելու մասին 21.02.2020թ. արձանագրությունը, որոնցում ի թիվս այլնի՝ անձնական այլ դրդումներով կեղծ տեղեկություններ են մտցրել աճուրդի անցկացման, այլ անձի մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ, ապա հաստատելով այն՝ համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 40.000.000 դրամ շուկայական արժեքով հողամասն անշարժ գույքի առուվաճառքի 03.03.2020թ. պայմանագրով ընդամենը 440.000 ՀՀ դրամ գումարով օտարել է իբր աճուրդի հաղթող իր ընկեր Ս. Հ-ին, որը շուրջ երկու տարի անց անշարժ գույքի ձևական առուվաճառքի պայմանագրով այն փոխանցել է Պապյանի եղբորը։ Եվ այդ կերպ, ըստ ահազանգի՝ իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, համայնքին զրկել է սեփական գույքերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից և վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 39.560.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

Վարդան Պապյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Նոր Գեղի նախկին ղեկավար Վարդան Պապյանը մեզ հետ զրույցում զարմացավ, որ այդ օրինական գործընթացը կասկածների տեղիք է տվել. «Սահմանված կարգով աճուրդ է եղել, ձեռք է բերել էդ մարդը՝ մեր գյուղից է։ Հետո որոշել է, որ չի կարողանում վարի։ Հետո որոշել է վաճառել, եղբայրս էլ գնել է։ Ինչ կապ ունի՝ քանի տարի հետո է վաճառել, ինչ խնդիր կա, բացարձակ որեւէ խնդիր չկա»:

Անդրադառնալով տվյալներին, թե 40.000.000 դրամ շուկայական արժեքով հողամասը 440.000 ՀՀ դրամով օտարել է ընկերոջը, Պապյանը պարզաբանեց. «Նման բան չի կարող լինի, որովհետեւ էդ այլ նշանակության հող էր, այդ հողը էն ժամանակ շատ էժան էր, ընդ որում նախկինում շահագործված քարհանք է եղել, գյուղատնտեսության համար էլ ոչ պիտանի: Այնտեղ այս մեկ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ներդրում ենք արել, հող ենք լցրել, որ դառնա ինչ-որ մի բանի համար պիտանի: Անհասկանալի է: Ես որեւէ կեղծիք թույլ չեմ տվել»:

Ինչ վերաբերում է օպերատիվ այն տվյալներին, թե այս ամենի արդյունքում Վարդան Պապյանը վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 39.560.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, Պապյանը ծիծաղեց՝ հարցնելով՝ լո՞ւրջ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829