Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան»-ը տրանսպորտի նոր սակագներ է առաջարկում․ նախագիծը մուտք են արել քաղաքապետարան

Փետրվար 19,2024 15:44

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը միասնական տոմսային համակարգի կամ ավելի պարզ ասած՝ տրանսպորտի սակագների վերանայման նախագիծ է դնում շրջանառության մեջ։ Այսօր խմբակցությունն այդ մասին որոշման նախագիծը մուտք է արել քաղաքապետարան։

Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով իրենց նախագծով առաջարկվող սակագներն, ասաց, որ որպես համադրելի քաղաք են վերցրել Թբիլիսին, եւ իրենց առաջարկած սակագները նույնիսկ մի փոքր ցածր են Թբիլիսում առկա գներից։

Ըստ «Մայր Հայաստանի» նախագծի՝ առաջարկվում է՝

1 օրվա համար ֆիզիկական քարտ կամ առցանց հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեւորություն՝ 400 դրամ։

«Իշխանությունն իր հաշվարկում ելակետ է ընդունել, որ մարդը երկու տրանսպորտ փոխելով՝ կարող է հասնել աշխատավայր ու վերադառնալ, մենք այս պարագայում առաջարկում ենք 400 դրամ, ենթադրելով, որ մարդը կարող է 5 կամ 6 անգամ օգտվել»,-ասաց Սուքիասյանը։

1 շաբաթվա համար նախատեսված տոմս՝ 2000 դրամ։ Այստեղ, ըստ Սուքիասյանի, նույն չորս ուղեւորափոխադրման հաշվարկն է՝ 71 դրամ։

1 ամսվա համար նախատեսված տոմսը՝ 5500 դրամ, ըստ Սուքիասյանի՝ ուղեւորափոխադրման հաշվարկը՝ 46 դրամ։

6 ամսվա համար նախատեսված տոմս՝ 20 հազար դրամ, ուղեւորափոխադրման հաշվարկն է՝ 28 դրամ։

1 տարվա տոմս՝ 35 հազար դրամ, ուղեւորափոխադրման հաշվարկը՝ 24 դրամ։

«Այսինքն` մենք առաջարկում ենք 24-100 դրամ ներառող սանդղակը։ Ի դեպ, այն, ինչ մենք առաջարկում ենք օրը 400 դրամ, Թբիլիսում 450 դրամ է, մեկ շաբաթվանը 3000 դրամ, մեկ ամսվանը՝ 6000 դրամ, վեց ամսվանը՝ 22500 դրամ, մեկ տարվանը 37500 դրամ»,-ասաց Սուքիասյանը։

«Մայր Հայաստան» խմբակցության նախագծով առաջարկվում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար ամբողջությամբ անվճար ուղեւորափոխադրում։ Բացի այս, խմբակցությունն առաջարկում է որոշումն ընդունելուց հետո այն ուժի մեջ մտնի, ոչ թե ինչպես ՔՊ-ն է անում՝ այս տարվա սեպտեմբերին, այլ 2025 հունվարի մեկից, որպեսզի քաղաքային իշխանությունը ժամանակ ունենա օրենսդրությունը համապատասխանեցնի, ավտոբուսների առանձնացված գծերի հարցը լուծի, նոր շարժակազմի համալրում իրականացնի։

Սուքիասյանի վստահեցմամբ՝ իրենց առաջարկած նախագծով տրանսպորտի գինը մնում է անփոփոխ՝ մեկ անգամ օգտվողների համար այն կլինի 100 դրամ։

Հիշեցմանը, որ քաղաքային իշխանության հաշվարկով՝ տրանսպորտի իրական սակագինը մեկ ուղեւորափոխադրման համար պետք է 220 դրամ լինի, Սուքիասյանն ասաց, որ իրենց հաշվարկով 130 դրամ է․ «Իրենք կամ չեն տիրապետում կամ կեղծիք կա կամ էլ մոլորեցնելու միտում։ Եթե դու ենթադրում ես, որ կա կոռուպցիա ու դու չունես բավարար կամք կամ գործիքակազմ, որ պայքարես, նշանակում է դու, որպես քաղաքային իշխանություն, քո տեղում չես»։

Սուքիասյանի խոսքով՝ այն թվերը, որ քաղաքային իշխանությունը հրապարակել է՝ տարվա ընթացքում վերգետնյա եւ ստորգետնյա ուղեւորափոխադրումները տարանջատելով, ընդ որում մետրոն կառավարության ֆինանսավորման ներքո է, 685 ուղեւորափոխադրումների հաշվարկով՝ ծայրահեղ դեպքում տրանսպորտի սակագինը կարող է լինել 130 դրամ․ «Բայց իրենք մինչեւ 280 դրամ նախատեսում են բարձրացնել։ Մի կարեւոր հանգամանքն էլ՝ Երեւանում է կենտրոնացած հանրապետության տնտեսական շարժի մեծ մասը՝ տեղական տուրքեր, հարկեր եւ այլ վճարներ, ահռելի ծավալի շինթույլտվություններ։ Եթե չեք կարողանում դրանից դոտացիա հանել, որ հատուցեք տրանսպորտի վնասի հատվածը, բա ինչի՞ համար եք, միայն պարգեւավճարների՞»։

Սուքիասյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունը միասնական տոմսային համակարգի ծրագիրը ներկայացնելիս, նշում էին, որ համակարգում ստվեր կա եւ այն ենթադրվում է, որ առկա է վառելիքի, տեխսպասարկման գործընթացում, վարորդներն են գրպանում․ «Ու մեզ պարզ ասում են՝ մենք չենք կարողանում դրա դեմ պայքարել, ժողովուրդ ջան, եկեք ավել վճարեք, որ կարողանանք էլի ավտոբուսներ առնենք։ Սա ամենաանկարող եւ ապաշնորհ մոտեցումն է։ Չեք կարող, հրաժարվեք պաշտոններից»։

Սուքիասյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի նախագիծը քննարկվի համապատասխան հանձնաժողովում եւ օրենքով նախատեսված ընթացակարգերով անցնի, որպեսզի ավագանու նիստում իրավական խոչընդոտ չլինի։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829