Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան, որը փորձելով երկու աթոռին նստել, տեսնում ենք՝ ինչ վիճակում է․ արդյոք նման վտանգ մեզ չի՞ սպառնում․ հարց ՀՀ վարչապետին

Փետրվար 19,2024 15:24

«Իմ ասածը թող բառախաղ չթվա, բայց ինձ թվացել ու թվում է՝ մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պիտի լինի մեր երկրի շահերը։ Մենք վեկտոր փոխո՞ւմ ենք, թե՝ ոչ, մեր երկրի շահերի հետևի՞ց ենք գնում արտաքին քաղաքականության մեջ, թե՝ ոչ։ Այդ առումով վեկտորի փոփոխություն խոսույթն ինձ համար այնքան էլ ընդունելի չէ»,-Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայից Կարեն Դալալաղյանի փաստմանը՝ վեկտորի պատճառով քանիցս հայրենիք կորցրինք, Ուկրաինան, որը փորձելով երկու աթոռին նստել, տեսնում ենք՝ ինչ վիճակում է և հարցին՝ արդյոք նման վտանգ մեզ չի՞ սպառնում, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ մեր արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է․ սա է մեր վեկտորը։

Հարցին՝ ինչպիսի՞ վերաբերմունք ունեք Ուկրաինայի հանդեպ՝ մարդասիրակա՞ն, թե՝ քաղաքական դիրքորոշում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այն, որ մենք Ալմաթիի հռչակագիրն ընդունում ենք՝ որպես մեզ համար, բայց այդ հռչակագիրը նաև ընդունել են խորհրդային 13 հանրապետություններ՝ այդ թվում ՌԴ-ն և Ուկրաինան։ Իրենք են նախաձեռնողը, որովհետև Բելովեժյան համաձայնագրից է սկսվել։ ՌԴ-ն, Ուկրաինան, Բելառուսը որոշեցին, որ ԽՍՀՄ գոյություն չունի․ իրենք դառնում են անկախ պետություններ և ճանաչում իրար սահմանները։ Մեր ընկալումն այն է, որ Ալմաթիի հռչակագիրն է հիմքը անկախությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Եվ նույնը պետք է մեր տրամաբանությամբ գործի նաև Ուկրաինայի դեպքում, քանի որ այդ թուղթը վերաբերում է բոլորիս։ Եթե դա քանդում ենք, ուրեմն կարող է քանդվել ամեն ինչ։ Ասել եմ նաև, որ Ուկրաինայի հարցով ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ։ Սա մեր անկեղծ դիրքորոշումն է, և նոր չէ, որ դրա մասին ասում եմ։ Ցավում ենք, որ չենք կարող որևէ, այսպես ասած, ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ցավում ենք երեխեքին համար, իհարկե, ցավում ենք։ Ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է։ Շնորհակալության հարց կա։ Ուկրաինայում հայերը ո՞նց են զգացել իրենց, լավ են զգացել։ Մենք հո երախտամոռ չե՞նք։ Ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ-ի ժամանակ, այլև դրանից առաջ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ԵՄ-ի և ընդհանրապես արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում կարևորում է ոչ միայն նյութական հարաբերությունները, այլև արժեբանական․ «Ժողովրդավարությունը մեզ համար կարևո՞ր է, թե՝ ոչ։ Սրա վրա պետք է կառուցենք։ ԵՄ-ի հետ մեր կապերը ինչո՞ւ են զարգանում՝ ժողովրդավարության շնորհիվ, որովհետև նախ ԵՄ-ն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին, հետո մենք էլ այստեղ ուզում ենք և ամոթ չէ դա ասել՝ ավելի լավ սովորել, թե ինչ է ժողովրդավարությունը։ Ոչինչ, որ մենք մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, ավանդույթներ ունենք։ Բայց կան պետական ավանդույթներ, որ մենք կորցրել ենք մեր շատ բարդությունների պատճառով։

Մենք շինարար ազգ ենք, բայց եկեք դուրս գանք փողոց՝ այստեղ՝ Գերմանիայում մենք պե՞տք է էդ շենքերին նայենք, թե ասենք՝ չենք տեսնում․ մենք ենք շինարար, ուրիշ շինարար չկա աշխարհում։ Մեկ-մեկ ամաչում ենք ինքներս մեզ խոստովանել, որ ինչ-որ տեղ սխալվել ենք։ Իմ կարծիքով՝ ԵՄ-ն մի տեղ է, որտեղ կարելի է սովորել, թե մեծ պետությունը ոնց է փոքր պետության հետ նույն սեղանի շուրջ նստում, հավասարը հավասարի հետ խոսում։ Մեր դժվար ու դաժան պատմության պատճառով մեզ թվում է՝ միակ լեզուն հարկադրանքի լեզուն է։ Սա 21-րդ դարն է․ մենք պետք է արժեքների մասին մտածենք՝ խոսքի ազատություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն։

Որ ասում եք՝ մեր ժողովուրդը պատրաստ չէր խոսքի ազատությանը, իսկ կներեք՝ որտե՞ղ պիտի պատրաստվեր։ Կա չէ՞, որ բանը փակում ես, փակում ես, սեղմում ես, սեղմում ես, մեկ էլ մի օր որ բացվում է, սաղ ռեմոնտը փչացնում է։ Ոչինչ, մենք պետք է գնանք այս ճանապարհով»։

Կարեն Դալալաղյանն ասաց, որ ՀՀ ԿԳՄՍ-ին առաջարկել է, որ Խարկովում ուսանած հազարավոր ուսանողների տեղափոխվեն ՀՀ-ում կրթությունը շարունակելու, սակայն լուռ մերժում է ստացել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ինքս էլ եմ բախվում նման խնդիրների․ մարդիկ շատ դեպքերում իրենք ոչ թե ուզում են այդպես լինի, այլ՝ know how-ն գիտեք չէ՞, թարգմանաբար նշանակում է արժե իմանալ։ Մենք շատ դեպքերում ինքներս էլ լավ չգիտենք՝ ինչ է պետությունը, պետություն-քաղաքացի հարաբերությունները ոնց պետք է ճիշտ կառուցել։ Նեղվում են մարդիկ, հայհոյում, բայց այս ամենի եզրակացությունը պետք է լինի՝ սովորել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829