Ս.թ. փետրվարի 14-ին Նյու Յորքի հանրահռչակ Քարնեգի Հոլ համերգասրահում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ ամերիկահայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի մենահամերգը, որին նախորդեց ընդունելություն՝ ՄԱԿ-ում բազմաթիվ անդամ-երկների դեսպանների մասնակցությամբ։
Ընդունելությանն իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ ներկա ծանր փորձություններով և մարտահրավերներով լի ժամանակները չափազանց բարդ են շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար՝ այդ համատեքստում կարևորելով այդպիսի ժամանակներում արվեստի, մշակույթի ու երաժշտության առանձնահատուկ նշանակությունը՝ որպես հույսի, համախմբման և ոգեշնչման աղբյուր։
Ընդգծվեց, որ չնայած ՄԱԿ անդամների միջև առկա լեզվական, մշակութային, կրոնական և այլ տարբերություններին՝ ազատության, խաղաղության, զարգացման առաջխաղացման, մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության հաստատմանն ուղղված ձգտումները համընդհանուր են, և հենց դրանք են, որ ընկած են Միավորված ազգերի կազմակերպության հիմքում։
Մենահամերգի ընթացքում հնչեցին Առնո Բաբաջանյանի, Ջորջ Գերշվինի (George Gershwin) և ժամանակակից այլ հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները։