ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում վերլուծելով Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն կատարած այցելությունը՝ անդրադարձավ հայ համայնքի հետ նրա հանդիպման ժամանակ հնչեցված հարցին ու դրա պատասխանին: «Հայ համայնքի ներկայացուցչի, մի նորմալ մարդու դիտարկմանը, որ դու ձախողել ես ու պետք է գնաս, նա ի՞նչ է պատասխանում: Սա շատ կարեւոր է: Ասում է՝ ես երկու անգամ հրաժարական եմ տվել: Ու ոչ մեկը չասաց, թե երկու անգամ հրաժարական տալուց հետո եղե՞լ է մեկ րոպե, որ դու վարչապետ չաշխատես: Այսինքն, հրաժարական ես տվել, ուրեմն պետք է վարչապետ չլինես: Ու ո՞նց է լինում, որ հրաժարական ես տալիս ու մնում ես վարչապետ:
Հայաստանի պատմության մեջ այդպիսի պաշտոնյա չի եղել: Նա միակն է: Օրինակ, Վահան Քերոբյանը: Նա, որ հրաժարական է տվել, հիմա նա էկոնոմիկայի նախարա՞ր է: Բա ո՞նց է եղել, որ Վահան Քերոբյանը հրաժարական է տվել ու էկոնոմիկայի նախարար չի, իսկ դու վարչապետի պաշտոնից հրաժարական ես տվել ու մնացել ես վարչապետ: Սա Հայաստանի միակ պաշտոնյան է, որ հրաժարականից հետո մնացել է իր պաշտոնին: Սերժ Սարգսյանն էլ էր հրաժարական տվել ու չմնաց վարչապետ: Լեւոն Տոր-Պետրոսյանը որ հրաժարական տվեց, մնաց նախագա՞հ:
Ասում է, մենք գնացել ենք ընտրության, մարդիկ ինձ ընտրել են: Ոչ, քեզ չեն ընտրել: Դա համամասնական ընտրություն էր: Այդ 680 հազարը ընտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ ընտրել է, որովհետեւ այդ կուսակցությունը ներկայացել է նախընտրական ծրագրով ու այդ ծրագրում գրված է, որ իրենք գալիս են իշխանության Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելու նպատակով, Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու նպատակով, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա իրականացնելու նպատակով, «Անջատում՝ հանուն փրկության» ծրագիրն իրականացնելու նպատակով:
Սրա համար են ընտրել: Հիմա դուք դա ե՞ք անում: Եվ եթե դուք դա չեք անում, նշանակում է՝ դուք ձեր նախընտրական ծրագրից շեղվել եք: Այսինքն, շառլատաններ եք: Ընդ որում, ժողովուրդն ընտրել է Ազգային ժողով: Եվ Ազգային ժողովն ընտրում է վարչապետ, նախագահ, ՍԴ դատավոր, Վճռաբեկի դատավոր: Սրանք ԱԺ-ն է ընտրում: Մի գումարման ընթացքում ԱԺ-ն կարող է 10 անգամ վարչապետ ընտրել:
Կարդացեք նաև
Ինքը մտածում է՝ եթե ինքը վարչապետ չպիտի լինի, պիտի արտահերթ ընտրություն լինի: Ինչպես 2021-ին: Ոչ, հրաժարական ես տվել, որովհետեւ 2018 թվականի խոստումներդ խախտել ես ու մարդիկ դուրս են եկել, պահանջել են: Եվ եթե դու հրաժարական ես տվել, պիտի հեռանաս, Ազգային ժողովը ընտրի վարչապետ: Մեր սահմանադրությունը սա է նախատեսում, այլ ոչ թե նոր ընտրություն: Սա հո նախագահի ընտրությո՞ւն չի, որ նախագահը հրաժարական տա ու նոր նախագահի ընտրություն լինի:
Խախտել են մեր ամբողջ երկրի կառավարման մոդելը: Հիմա էլ ասում են՝ ժողովուրդը մեզ ընտրել է, թողեք մինչեւ 2026 թվականը ինչ ուզենք՝ անենք: Ոչ, մինչեւ 2026 թվականը դուք պիտի անեիք ձեր նախընտրական ծրագիրը: Բայց դուք շեղվել եք: Ու եթե շեղվել եք դրանից, ուրեմն, պիտի թողնեք գնաք: Ամբողջ խմբակցությունը պիտի թողնի գնա: Կամ էլ խմբակցությունը կանգնի ասի՝ դու սխալ վարչապետ ես: Դու մեզ խաբել ես: Մենք քո հետ թիմ ենք կազմել, գնացել ընտրության: Մարդկանց մենք այս ենք խոստացել, մարդիկ մեզ ընտրել են: Ու հիմա դու գնացել՝ թուրքի համար ես ծառայում: Է, գնայիր՝ Միլլի մեջլիսում ընտրվեիր պատգամավոր, եթե կընտրեին»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ