Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հիմնավորմամբ է 1999թ. հոկտեմբերի 27-ին մե՛ր Ազգային ժողովում մե՛ր պետության դեմ կատարված պետական ահաբեկչության կազմակերպիչների և հովանավորների մասով քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվում քննել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին․ բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Փետրվար 19,2024 14:23

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ տիկին Վարդապետյան, ստորև հարցս հռետորական չէ՛, այն պահանջում է  տրամաբանորեն հիմնավորված պատասխան

Հոկտեմբերի 27-ի քրեական վարույթի նախաքննությունը ՀՀ դատախազության որոշմամբ հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ քննարկելու նպատակով:

Սույն թվականի փետրվարի 5-ին որոշ հարցերի վերաբերյալ միջնորդություն էի ներկայացրել ԱԱԾ-ի տնօրեն պարոն Աբազյանին: Քիչ առաջ ԱԱԾ օպերատիվ գործունությանն աջակցման ծառայությունից ստացել եմ պատասխան, որից, մեղմ ասած, ցնցված եմ: Դրանում ինձ աչքալուսանք են տալիս, որ 2022թ. հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական մարմնի գործառույթները 2024թ. հունվարի 1-ից փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին և այդ հանգամանքով պայմանավորված ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ էլ որոշվել է Հոկտեմբերի 27-ի քրգործի անջատված մասի վարույթի նախաքննությունն ուղարկել հակակոռուպցիոն կոմիտե:

Հիշեցնեմ, որ ինքս ի սկզբանե դեմ եմ եղել այս գործի վարույթը ԱԱԾ-ին հանձնարարելուն, չեմ վստահել, որովհետև  ԱԱԾ-ն է հոկտեմբերի 27-ի գործը սարքողն էլ, կոծկողն էլ, «ծռողն» էլ:

Դիտեք   ինձ հետ այս հարցազրույցը, որտեղ ասածս հիմնավորել եմ: Բայց գործը  տրվեց ԱԱԾ-ին, 4 տարին անցել է, ոչ միայն հասարակությունը, այլև ես՝ որպես դիմումատու, ոչինչ չգիտեմ  ընթացքի մասին:

Ես իրավաբան չեմ, իրավական հարցերում  ճիշտ ու սխալը  չեմ կարող մեկնաբանել, բայց  շատ կուզենայի լսել ՀՀ գլխավոր դատախազ տիկին Վարդապետյանի բացատրությունն այն մասին, թե ի՞նչ հիմնավորմամբ է 1999թ. հոկտեմբերի 27-ին մե՛ր Ազգային Ժողովում մե՛ր պետության դեմ կատարված պետական ահաբեկչության կազմակերպիչների և հովանավորների մասով քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվում քննել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:

Ի՞նչ կապ ունի կոռուպցիայի դեպքերի բացահայտման ուղղությամբ գործող մարմինը  պետական ահաբեկչության կազմակերպիչների և հովանավորների բացահայտմանն ուղղված քրեական նախաքննության հետ:

Ի՞նչ է  ենթադրում ՀՀ գլխավոր դատախազի այս որոշումը, այս հարցս հռետորական չէ՛, այն պահանջում է  տրամաբանորեն հիմնավորված պատասխան, որից հասկանալի կլինի, թե այս քաղաքական  իշխանությունը որքանով է պատրաստ իսկապես բացահայտելու հոկտեմբերի 27-ի ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ: Այն չի՛  կարող կրկնվել, պետք է բացառել ցանկացած պետական ահաբեկչություն, իսկ դրա համար պետք է դատարանի առաջ կանգնեն  մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ, ԻՍԿ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

19.02.2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829