Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցն ընդհանուր հայկական հարցի մաս է, ցեղասպանության հետեւանքով ձեւավորված իրավիճակները չեն կարող արդարացի համարվել»․ Պարույր Հայրիկյան

Փետրվար 19,2024 14:41

«Առավոտի» հարցերին պատասխանել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

-Պարոն Հայրիկյան, Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ասել է «Մենք ասել ենք՝ միջազգային հանրություն, ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետք է լինի անկախ։ Բայց ինքնորոշման իրավունքի օրենսդիրն ասել է մեզ, որ այո, ունեք այդ իրավունքը, դա պետք է իրացվի Ադրբեջանի կազմում՝ ԼՂ-ին բարձր ինքնավարություն շնորհելով։ Ձեր և մեր խնդիրն այն է, որ մենք ի սկզբանե այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել՝ այն մասին մտածելով, որ մենք կարող ենք ճղել, անցնել միջազգային գործընթացները եւ հասնել մեր նպատակին։ Իրականում մեզ թվացել է՝ մենք Ադրբեջանի դեմ ենք հակամարտում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ»։ Միջազգային հանրության մոտ իրո՞ք նման դիրքորոշում է եղել։

-Այնպես չէ, որ ինքնորոշման մասին բոլորը ճիշտ պատկերացում ունեն։ Եթե խոսում ենք սկզբունքի մասին, երբ դու ճանաչում ես այդ սկզբունքի կիրառելիությունը, դա նշանակում է, որ ոչ թե միջազգային հանրությունը պետք է որոշի, այլ տվյալ տարածքը, պետությունը կամ ժողովուրդը։ Բայց ինքնորոշման սկզբունքի հակառակորդները երբեմն փորձում են այդ ինքնորոշումը փոխարինել իրենց որոշումով։ Այո, միջազգային հանրությունը կարող է ինչ-որ սահմանափակումներ կամ նկատառումներ ունենալ, բայց երբ ինքն ասում է, որ ընդունում է ինքնորոշման սկզբունքը, չի կարող խոսք գնալ այն մասին, որ միջազգային հանրությունն այլ բան էր որոշել։

Նիկոլ Փաշինյանին վկայակոչելն անշնորհակալ գործ է։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, միջազգային հանրությունը նույնպես բաղկացած է մարդկանցից, որոնք նախ եւ առաջ իրենք հարմարավետությամբ ու շահերով են առաջնորդվում։ Եվ, իհարկե, եղել են գործիչներ, ես առնչվել եմ տասնամյակներ առաջ, տեսել եմ, որ նույն խնդրի վերաբերյալ նույն Արեւմուտքի տարբեր ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն։ Դա սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դու լսում ես ոչ բոլորին, այլ կենտրոնանում ես ինչ-որ մեկի վրա։

Մենք շատ հզոր գործոն ենք ունեցել, դա հետեւյալն է՝ միջազգայնորեն ճանաչված, ցեղասպանության հետեւանքով ձեւավորված իրավիճակները չեն կարող արդարացի համարվել։ Դա պետք էր մատուցել միջազգային հանրությանը։ Եվ մեր գործը շատ հեշտանում էր նրանով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները ճանաչել էին։ Եվ միջազգային հարաբերություններում, մեր կարգավիճակը քննարկելիս, պետք է ոչ թե Արցախի վրա ծանրանային, այլ ընդհանրապես ծանրանային հայկական միասնական հարցի վրա՝ Արցախը ներառելով դրա մեջ։ Հիմա, թե ինչպես իրենց կպահեին Լեւոն Տեր-Պետրոսյանը, բոլշեւիկյան դաստիրակություն ստացած մյուս պետական գործիչները․․․ Մեղադրելը շատ հեշտ է, բայց պետք է փորձել հասկանալ, որ նրանք այդպիսի դաստիարակություն են ստացել, չեն ապրել միջազգային իրավունքի ենթակա, ցեղասպանություն ապրած, բռնազավթված Հայաստանի գիտակցությամբ։ Դրանից էլ գալիս է այս ամենը։ Իսկ Նիկոլը պարզապես ողորմելի պատեհապաշտ է, հարմարվող։ Իր բախտը բերում է, որ ընդդիմադիրների դաշտում ունի դաշնակիցներ, որոնք իր վտանգավորությունը մի քիչ պակասեցնում են։

Ինձ մոտ արդեն ամրագրված է, եւ շատերն են դա ասում, ասում են, որ ամեն օր Նիկոլը մի նոր վատ բան է ասում։ Կարեւոր չէ՝ որտեղ է ասում, եթե հրապարակային դա ասում է, ընկալվում է որպես Հայաստանի պատասխանատուի կարծիք։ Եվ հենց դա է վտանգավոր։

-Նախ նա հայտարարեց, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, դրանից ամիսներ հետո Արցախն ամբողջությամբ բռնազավթվեց։ Հիմա էլ այս թեզերով փորձում է արդարացնե՞լ իր գործողությունները։

-Ընդհանրապես ընդունված է՝ ապիկարներն ուրիշների վրա են գցում իրենց անկարողությունը, իրենց անգիտությունը։ Այդպես ընդունված է՝ ամբարիշտները միշտ ասում են, որ իրենք մեղավոր չեն, ուրիշներին են վկայակոչում։

-Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստն ու իրավունքը չեղարկված չէ, հետեւաբար, ի՞նչ պետք է անել։

-Եթե Հայաստանն է այդ հարցի մասին խոսելու, ապա այստեղ ես համաձայն եմ որոշ գործիչների ձեւակերպման հետ, որ Հայաստանը չպետք է խոսի միայն Արցախի ինքնորոշման մասին։ Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի ենթակա սուբյեկտ, այլ շեշտադրումներ ունի անելու։ Դրանք են՝ ցեղասպանության հետեւանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի՝ բռնազավթումից առաջ ունեցած միջազգային կարգավիճակը։ Եվ հետո պետք է անցնել ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Քաղաքակիրթ աշխարհը պայմանավորվեց, որ Մինսկի խումբ պետք է գործի։ Իսկ Մինսկի խումը երկու ելակետային դրույթ էր նշում՝ մեկն ինքնորոշման սկզբունքը, մյուսը՝ սահմանների անձեռնմխելիության մասին պայմանավորվածությունը։ Եվ տեսեք, թե ինչ կատարվեց՝ ինքնորոշման սկզբունքը Նիկոլի օգնությամբ արտամղվեց, բայց երբ Հայաստանն ունենա օրինավոր իշխանություն, խորացնի իր հարաբերությունները քաղաքակիրթ աշխարհի հետ, դրա մասին կխոսի։

Բայց, կրկնում եմ, առանձին Արցախի մասին խոսելը դա Թուրքիայի հաջողությունն է, դա մեզ պարտադրված խնդրի վրա արհեստականորեն ծանրանալ է, երբ այդ խնդիրն ընդհանուր հայկական հարցի մաս է կազմում։ Եվ մեր օրերում դա կարելի է կոչել ոչ թե հայկական հարց, այլ ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրի փոխարինում ինչ-որ առանձին հատվածով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829