JAMnews. Բաքվում հրեշավոր սպանությունների շարք է իրականացվել։ Ընտանիքի հինգ անդամների սպանել են կացնահարելով։ Կասկածյալը նույն ընտանիքի 25-ամյա անդամն է։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ փետրվարի 13-ին՝ մոտավորապես ժամը 16:30-ին, ոստիկանությունը տեղեկություն է ստացել Բաքվի Խաթայի շրջանում կացնահարելով սպանության մասին։ Միջադեպը տեղի է ունեցել գեներալ Շիխլինսկի փողոցի 29 հասցեում գտնվող տներից մեկում: Սպանվածներն են Ահմեդով Մեհման Ահմեդ օղլուն (ծնված 1972 թ.), Ահմեդովա Բիկե Բադալ գիզին (ծնված 1977 թ.) և Ահմեդով Մուհամմեդ Մեհման օղլուն (ծնված 2015 թ.):
Հաղորդվում է, որ ոստիկանները ընտանիքի անդամների սպանության կասկածանքով բերման են ենթարկել Ահմեդ Մեհման օղլու Ահմեդովին (ծնված 1999 թ.)։
Ահմեդ Ահմեդովի ձերբակալությունից հետո հայտնի է դարձել ևս երկու սպանության դեպքի մասին։ Պարզվել է, որ կասկածյալը, նախքան ծնողներին ու կրտսեր եղբորը սպանելը, գնացել է Սուրախանի թաղամասում բնակվող քրոջ մոտ։ Նա տանն է եղել իր երեխայի հետ։
Կարդացեք նաև
Քննության տվյալներով՝ Ահմեդ Ահմեդովը կացնահարելով սպանել է իր քրոջը՝ Էլմիրա Մեհման գիզի Ահմեդովային (ծնված 1997թ.) և նրա 5-ամյա դստերը՝ Ուլվիային։ Հետո նա ուղևորվել է իր ծնողների տուն։
Զոհերի հարևանները լրագրողներին պատմել են, որ Ահմեդովների ընտանիքը օրինակելի է եղել, և նրանք երբեք խնդիրներ չեն ունեցել։ Բայց, ըստ նրանց, ավագ որդին՝ Ահմեդ Ահմեդովը, հոգեկան խնդիրներ ուներ, և նա երկար ժամանակ ապրել և բուժում է ստացել Ռուսաստանում։ Իսկ Բաքու վերադառնալուց հետո ապրել է ծնողներից առանձին։
Հարևաններից մեկն էլ պատմել է, որ երբ Ահմեդ Ահմեդովը դեռ 15 տարեկան է եղել, դանակով վիրավորել է հասակակցին, սակայն հոգեկան խնդիրների պատճառով չի կրել պատիժը, ենթարկվել է հարկադիր բուժման։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: