Լրահոս
Օրվա լրահոսը

COP29 նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանն աչքի է ընկնում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով. Մերի Ռոբինսոն

Փետրվար 19,2024 12:08

Euobserver-ը  հրապարակել է Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնի հոդվածը, որտեղ նա նշում է, որ COP29 նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանը սպրդել է Մյունխենի անվտանգության համաժողովի մանրազնին վերլուծությունից:

Ստորև ներկայացվում է հոդվածի հայերեն թարգմանությունը.

«Այս շաբաթ հրապարակված Մյունխենի անվտանգության զեկույցը՝ ամենամյա համաժողովին ընդառաջ, շատ մանրակրկիտ կերպով է նկարագրում միջազգային անվտանգությանն առնչվող ամենահրատապ մարտահրավերները:

Այնուհանդերձ, զեկույցում բացակայում է ժողովրդավարության համար առանցքային մի թեմա և այն չի արժանանում պատշաճ ուշադրության. այն է՝ համաշխարհային պայքարն անարդար ու կեղծ ընտրությունների դեմ, որոնք մինչ օրս էլ շարունակվում են տեղի ունենալ։ Այս երևույթն ակնհայտորեն դրսևորվել է վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի արտահերթ ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում, ոչ անսպասելիորեն, հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ հավաքելով քվեների ավելի քան 92 տոկոսը:

Ադրբեջանի նախագահի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի սկզբներին, մինչդեռ նախագահ Ալիևը դրանց անցկացումն արագացրել է՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ին, արդյունքում՝ խիստ մտահոգիչ հարցեր առաջացնելով ժողովրդավարական գործընթացները շահարկելու վերաբերյալ: Ամսաթվերի այս կտրուկ փոփոխության թափանցիկության բացակայությունը մտահոգություն է առաջացնում գործող նախագահի՝ ընտրական ժամկետները շահարկելու իրավասության վերաբերյալ:

Նախագահ Ալիևի՝ ընտրություններն արագացնելու որոշումը համընկնում է հաշվարկված քաղաքական ռազմավարության հետ։ Հենվելով ժողովրդականության աճի ալիքի վրա, որը ձեռք է բերվել վերջերս կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բռնազավթման արդյունքում, Ալիևը նպատակ էր դրել այդ շարժիչ ուժը կապիտալի վերածել և ապահովել իր շարունակական տիրապետությունը իշխանության գլխին:

Այս մանևրը նախադեպ ունի. այն արձագանքն է անցյալի այն դեպքերի, երբ նախագահը փոփոխել էր ընտրական օրենսդրության կանոնները հօգուտ իրեն, որպեսզի պահպաներ իր հոր կողմից տասնամյակներ առաջ սկիզբ դրած կլեպտոկրատիային:

Իլհամ Ալիևը 2009 թվականին չեղարկել էր նախագահների պաշտոնավարման երկու ժամկետի սահմանափակումը՝ ամրապնդելով իր դիրքերը նախագահի պաշտոնում: Դրան հաջորդել էին 2016 թվականի օրենսդրական փոփոխությունները՝ ներառյալ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը՝ 5-ից դարձնելով 7 տարի, և թեկնածուների տարիքային շեմի իջեցումը, ինչն էլ բացահայտ ակնարկ էր տոհմական ծրագրի իրականացման, այն է՝ ապագայում իր որդուն իշխանության անխափան փոխանցումն ապահովելու նպատակով:

Մեկ այլ կասկածելի քայլով էլ Ալիևը իր կնոջը նշանակել էր երկրի առաջին փոխնախագահ՝ ամրապնդելով ընտանեկան վերահսկողությունը երկրի ղեկավարության վրա:

Ալիեւի երկաթյա կառչածությունը

Ադրբեջանի քաղաքական լանդշաֆտի վրա Ալիևների ընտանիքի անսասան ​​կառչածությունն ավելի է ընդգծվում արդար ընտրական գործընթացների ճնշմամբ և մարդու իրավունքների հարգանքի խնդիրներով:

2003 թվականին իշխանության ղեկը ստանձնելուց ի վեր Իլհամ Ալիևը հետևողականորեն ճնշել է ընդդիմությանը և կալանավորել է ավելի քան հարյուր քաղաքական հակառակորդների, ինչպես նաև բանտարկել է Լեռնային Ղարաբաղի ութ հայտնի նախկին առաջնորդներին՝ իր վարչակազմի կողմից ավելի քան 120 հազար էթնիկ հայերի էթնիկ զտումներից հետո:

Հետևապես, զարմանալի չէ, թե ինչու նախագահի մյուս վեց թեկնածուները, որոնք  այս վերջին ընտրություններում առաջադրվել էին Ալիևի «դեմ», բացարձակապես չքննադատեցին նրա իշխանությանը, ըստ էության, փառաբանելով Ալիևին որպես մեծ պետական ​​գործչի, ինչն էլ հանգեցրեց ընտրությունների, որի ժամանակ «որևէ լուրջ տարաձայնություն չեղավ… [ինչը] հանգեցրեց իսկական բազմակարծությունից զուրկ մի մրցույթի»,- նշել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդներից մեկը։

Ավելին, խոսքի ազատության հանդեպ վարչակարգի արհամարհանքն ակնհայտորեն դրսևորվում է անկախ լրագրությունը խեղդելով, լրագրողների շարունակական ձերբակալություններով, այն լրագրողների, որոնք համարձակվել են բացահայտել կոռուպցիոն երևույթները՝ հատկապես ընտրություններին նախորդող ամիսներին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության համաշխարհային սանդղակում 180 երկրների թվում Ադրբեջանին դասակարգել է 151-րդ հորիզոնականում, ինչն արտացոլում է խոսքի ազատության ճնշման շլացուցիչ օրինակը:

COP29

Չնայած այն պնդումներին, որ ընտրություններին ավելի քան 80 հազար դիտորդ է գրանցվել, Ադրբեջանի պատմությունը՝ դիտորդներին վտարելու, ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու և բողոքի ցույցերը բռնի ուժով ճնշելու դեպքերը, լուրջ մտահոգություններ են առաջացնում այդ երկրի ընտրական գործընթացների հանդեպ վստահության վերաբերյալ:

ԵԱՀԿ-ն իր հայտարարության մեջ մեջբերել է «քվեատուփերի լցոնման ցուցումներ…[ինչը] լուրջ հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվել են և ազնվորեն են ներկայացրել» այս ամիս անցկացված ընտրությունների ժամանակ:

Քանի որ միջազգային հանրությունն ականատես է լինում այս աղետաբեր նախանշաններին, հրամայական է դառնում հասցեագրել Ալիևի ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ կարևոր հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել այս տարեվերջին:

Քանի որ հիմա հազարավոր գործարարներ, կլիմայի և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ, ինչպես նաև պետական բանակցողներ պատրաստվում են այցելել Բաքու այս տարի, նրանք պետք է դա անեն մաքուր խղճով և կոչ անեն հյուրընկալող երկրին՝ պատշաճ կերպով վերաբերվել մարդու հիմնարար իրավունքներին, որը COP գործընթացի առանցքային բաղադրիչն է:

Անթույլատրելի է վարչակազմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման արձանագրությունների վրա աչք փակելը: Խիստ անհրաժեշտություն է, որ Ադրբեջանը հարգի մարդու իրավունքները և անկախ մամուլը, ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին և խաղաղության համաձայնագիր կնքի Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իր ռազմական գործողություններից հետո: Սա նվազագույնն է, ինչ պետք է ակնկալել COP29-ը հյուրընկալող երկրից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829