Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր՝ հայրենասեր լինելու կոմպլեքսը չար խաղ է խաղացել մեր գլխին․ մեր մեծ սխալն այն էր, որ հեղափոխություն չարեցինք, այդ թվում` Ղարաբաղի հարցում»․ Նիկոլ Փաշինյան

Փետրվար 19,2024 10:05

«Մեր՝ հայրենասեր լինելու կոմպլեքսը չար խաղ է խաղացել մեր գլխին։ Հայրենասիրության ֆորմուլա կա․ տեղավորվես հայրենասիրության այդ կոմպլեքսի մեջ՝ առանց հաշվի առնելու, որ հայրենասիրության այդ շրջանակն ուրիշ տեղից է մեզ համար ձևավորվել»,-Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի արձանագրումների՝ հանդիպմանը ներկա երիտասարդներից մեկն ասաց՝ Ձեր խոսքից կարող եմ հասկանալ, որ Նիկոլը Փաշինյան՝ որպես քաղաքական գործիչ մինչև 2020-ը և 2020-ից հետո իրականությունից կտրված է, ի պատասխան վարչապետն ասաց, որ հայրենասիրության հետ կապված իր արձանագրումները պետք էր հասկանալ․ «Եթե Ձեր հարցը ձևակերպեմ այսպես՝ արդյոք այն ժամանակ ամեն ինչն ընկալո՞ւմ էի այնպես, ինչպես հիմա։ Ոչ։ Եթե ընկալեի, չէի թաքցնի, կասեի։ Բայց խնդիրն այն է, որ նաև այդ կոմպլեքսի, հազար ու մի այլ պատճառներով այլ կերպ էինք ընկալում»։

Մյուս դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ միջին վիճակագրական քաղաքացին գուցե ունի այդ հնարավորությունը հարցերին նայել իր պրիզմայով, իր տեսանկյունից, բայց նաև քաղաքական գործչի կարողությունն այն է, որ չոր հաշվարկներով և էմոցիոնալ դաշտից դուրս գտնվելով կարողանա ճիշտ որոշումներ կայացնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Կան իրավիճակներ, երբ չոր հաշվարկը սեղանին դրված է, և դու նայելով բախվում ես անհնարինության զգացման։ Մեր կուսակցական ժողովներից մեկում ասացի՝ մեզ հանցագործությունների մեջ մեղադրում են, բայց եթե ինձ հարցնեն՝ մեր հանցագործությունն ուրիշ տեղ է, որ մեր ժողովուրդն անընդհատ ուր գնում էին, մի բաժակ էին բարձրացնում, ասում՝ խաղաղություն, խաղաղություն․ մեր հանցագործությունը Ձեր ասած չոր հաշվարկն է, որ մենք չեկանք, ժողովրդին չասացինք, որ ժողովուրդ , խաղաղության համար, եկեք խոստովանենք, թե ինքնորոշում ինչ է նշանակում»։

Հարց տվող երիտասարդը միջամտեց՝ Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում․ անընդհատ կրկնում եք՝ ժողովուրդ, ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Բա ինչ եմ անում, որ չեմ զգում պատասխանատու։ Բայց նաև նույն ժողովուրդն էր, որ 2018-ին արեց աննախադեպ մի բան, որն ամբողջ աշխարհին զարմացրեց։ Եվ երևի մեր թիմի մեծ սխալն այն էր, որ մենք հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։ Չնայած՝ հիմա էլ, որ քննարկում ենք, չէ, նույնիսկ այսօր բոլորը դիմադրում են։ Մեր թիմում շատ ենք խոսում այդ մասին․ բոլորն ասում են՝ դա անհնար էր։ 2018-ի հեղափոխությունից առաջ շատերն ասում էին՝ չի լինի, չի ստացվի, դա անհնար է, բայց եղավ»։

Դիտարկմանը՝ շատ է խոսվում բանակի արդիականացման մասին, բայց օրեր առաջ, այդ թվում թոշակառու անձ զոհվեց սահմանին, մի՞թե ՊՆ-ում զտում չի իրականացվում․ ով ուզի, կարող է գնալ, սահմա՞ն պաշտպանել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք բացի բանակի համակարգից՝ ունենք նաև աշխարհազորային համակարգ, և երբեմն այդ համակարգը, որը հետագայում պիտի զարգանա և դառնա մեր տարածքային պաշտպանության համակարգի մաս, ունի կոմպոնենտ, և դրանով նաև նայում ենք, որ մեր բնակչությունը որոշակի ներգրավվածություն ունենա տարածքային պաշտպանվածությանը և որոշ կազմակերպությունների հետ համագործակցում ենք։ Իհարկե, այդ դեպքերից պետք է հետևություն անենք և կարգաբերենք, ճշգրտենք։ Մենք հիմա նաև քննարկում ենք համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգը, որի իմաստն այն է, որ հնարավորինս լայն շրջանակի մարդկանց պաշտպանենք երկրի անվտանգության ապահովման մասնակցության հարցում։ Տարիքի մեջ չէ խնդիրը։ Ավելի շատ պետք է աշխատենք, որ զինվորական կարգապահությունը և տրամաբանությունը լինի անառարկելի։ Եվ դա խնդիր է»։

Մյուս դիտարկմանը՝ չեք կարծում, որ պետական համակարգում նաև ծառայելու բաղադրիչը կա, միայն աշխատավարձը չէ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Այո, ծառայելու մասով համաձայն եմ Ձեզ հետ։ 90-ականների սկզբին, դա պետական աշխատանք չէր իհարկե, ես լրատվամիջոցներում էի աշխատում և շատ երկար ամիսներ առանց աշխատավարձ աշխատել եմ։ Համարում էի, որ ուզում եմ  լրագրող դառնալ․ ինձ համար ամենակարևորն իմ սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորությունն էր։ Առաքելության զգացողությունը ցանկացած գործում կարևորագույն բանն է,  առավել ևս պետական ծառայության մեջ։ Աշխատավարձը սոցիալական երաշխիք է ոչ թե նրա մասին, որ փող ենք տալիս ասում ՝ գնա, աշխատի, այլ որ մարդը առավելագույնս կենտրոնանա իր աշխատանքի վրա։ Կողքից տարբեր հարցեր՝ սկսած կենցաղայինից՝ երեխայի ուսման վարձը, հայրիկի առողջական խնդիրները, սկսած նրանից, որ մարդու հագուստը նրա ինքնազգացողության հետ կապ ունի, ակնհայտ բան է։ Բայց մենք ասում ենք՝ առաքելության զգացում ունես, դե արի, մի երեսուն տարի ձրի աշխատի։ Ինքը կարող է ասել՝ առաքելություն, բայց մենք ասում ենք՝ շնորհակալ ենք այդ առաքելության զգացողության համար, բայց մենք ուզում ենք ձեր աշխատանքն ու գիտելիքը պատշաճ գնահատել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829