Գիրք նվիրելու օրը հրաշալի առիթ էր հանդիպելու բժիշկ-գենետիկ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքի համահեղինակ Գոհար Շահսուվարյանի հետ, որի հետ զրույցը բժշկության ու արվեստի զարմանալի խաչմերուկներում հայտնվելու ևս մեկ հնարավորություն էր մեզ համար։
-Տիկին Շահսուվարյան, մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել ենք «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքին՝ զրուցելով գրքի համահեղինակ, սրտաբան Արմեն Փիրուզյանի հետ։ Այսօր հնարավորություն ունենք լուսաբանելու բժշկական բացահայտումների ձեր ներկապնակը։ Ինչի՞ց սկսվեց արվեստի, մասնավորապես կերպարվեստի ու բժշկության միջև գրքում նկարագրված այդ զարմանալի կապերի հանդեպ հետաքրքրությունը։
-Տարիներ առաջ, երբ աշխատում էի Գենետիկայի կենտրոնում և հաճախ հանդես էի գալիս նաև որպես կենտրոնի մեդիա դեմք, Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ հեռուստատեսային ելույթի հրավեր ստացա: Այդ առիթով որոնումների մեջ էի, թե գենետիկական և բժշկական ասպերտները ներկայացնելուց բացի ինչ այլ հետաքրքիր տեսանկյունից կարելի է դիտարկել և մատուցել խնդիրը։ Հենց այս պրպտումների արդյունքում էլ սկսվեցին բացահայտումները․․․ Նախ պարզվեց, որ միջնադարյան մի շարք՝ հատկապես կրոնական թեմաներ ունեցող կտավներում պատկերված հրեշտակներից ոմանք ունեն Դաունի համախտանիշին բնորոշ արտաքին առանձնահատկություններ՝ աչքերի շեղ մոնղոլոիդ բացվածք, փոքր քիթ և այլն։ Հետաքրքիր է, որ բավականին բնորոշ և տպավորիչ դեմքով այդ կերպարները պատկերվել էին շատ ավելի վաղ, քան բժշկական գրականության մեջ առաջին անգամ (1866 թ․) նկարագրվել է համախտանիշը։
Հավանաբար դեռևս այդ շրջանում արդիական է եղել նրանց՝ հասարակությանը ինտեգրման խնդիրը, և թերևս արվեստագետները, նրանց պատկերելով հրեշտակների դերում, փորձել են ցույց տալ, որ եթե երկնքում այդ մարդիկ տեղ ունեն, ապա երկրի վրա մենք պարտավոր ենք նրանց ընդունել, ինչը ունի սոցիալական մեծ իմաստ ու խորհուրդ։ Պարզվեց նաև, որ Դաունի համախտանիշի կապը գեղարվեստի հետ այդքանով չի սահմանափակվում․ կան այս համախտանիշն ունեցող նկարիչներ, որոնք, ստեղծագործելով ուրույն ոճով ու ձեռագրով, բավականին մեծ հաջողությունների են հասել արվեստի բնագավառում։
Կարդացեք նաև
Իմ որոնումներն անընդհատ շարունակվում էին, քանի որ, դասավանդելով Բժշկական համալսարանում, աշխատում էի ուսանողների համար ավելի պատկերավոր դարձնել գենետիկայի բարդ և միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր առարկան: Արդյունքում պարցվեց, որ բժշկության և արվեստի հետ կապված հսկայական տեղեկատվություն կա, որը կարելի է միացնել, համակարգել, լրացնել նաև մեր սեփական դիտարկումներով և հրատարակել գրքի կազմում: Դա հնարավոր դարձավ նաև բժիշկ-սրտաբան Արմեն Փիրուզյանի հետ համագործակցության շնորհիվ, որը նույնպես հետաքրքրված էր և նախաձեռնել էր «Բժշկությունն արվեստում» հոդվածների շարքը: Անգամ համատեղ հաղորդում պատրաստեցինք, որտեղ բժշկության ու արվեստի կապի համատեքստում անդրադարձանք ընտանեկան հիպերխոլեսթերինեմիային․ նա՝ որպես սրտաբան, ես՝ որպես գենետիկ:
Այդ թեմայի առնչությամբ հետաքրքիր բացահայտում էր պարունակում Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզան, որը, երևի ամենից մանրակրկիտ հետազոտված կտավն է, թերևս միայն արյան անալիզ չեն վերցրել Մոնա Լիզայից: Սակայն մեր ուշադրությունը գրավեց մի բան, որը դերևս այնքան էլ քննարկված չէր․ Մոնա Լիզայի ձախ աչքի վերին կոպի անկյունում նկատվում է դեղին, ուռուցիկ մի բիծ, որը սրտաբաններն անվանում են քսանթելազմ և որը, ըստ էության, ճարպային կուտակում է և վկայում է խոլեսթերինի փոխանակության խաթարման մասին:
Եվ սա ընդամենը բացահայտումներից մեկն է: Գրքի վրա բավականին երկար աշխատեցինք՝ արդյունավետ օգտագործելով Քովիդի ժամանակաշրջանի մեկուսացումը և, տպարան մտնելուց 9 ամիս անց, Անտարես հրատարակչության անձնակազմի աջակցությամբ, «ծնվեց» «Բժշկական բացահայտումների ներկապնակը»: Ասեմ ավելին, այժմ ես ավարտել եմ գրքի փոփոխված, նորացված և լրացված ռուսալեզու տարբերակը և բանակցուքյուններ եմ վարում առավել շահավետ հրատարակման պայմանների շուրջ:
-Կարծեմ՝ Քովիդի մասին նյութը գրքի եզրափակիչ գլուխն է, որն ավարտվում է այսպես․ «Արվեստը կվերապրի ցանկացած աղետ, ու շնորհիվ դրա՝ մարդկությունը ևս կգոյատևի։ Արարչության անսպառ էներգիան ստեղծեց Երկիր մոլորակը իր ամբողջ բազմազանությամբ, և հենց այդ էներգիան էլ կպահպանի կյանքը»։ Իրոք այդպե՞ս եք կարծում։
-Այո, արվեստն ու գեղեցկությունը կփրկեն աշխարհը: Մարդկության պատմությունն է ապացուցում դա, իսկ համավարակի և համընդհանուր հուսահատության և մեկուսացման պայմաններում դրանք զուտ խոսքեր չէին, այլ բոլորիս անհրաժեշտ հույսի և լույսի նշույլ։
– Իսկապես, շատերը կարողացան հաղթահարել այդ փորձությունը, որն ինչ-որ առումներով խթան հանդիսացավ նաև գիտության զարգացման համար։ Այդ զարգացումը երբեմն «վախեցնում է», օրինակ՝ դուք խոսել էիք «գենետիկական մկրատների» ստեղծման մասին, որոնք թույլ են տալիս խմբագրել գենոմը, արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ մարդը հնարավորություն կունենա փոխելու իր գեներն ըստ իր ցանկության։
-Եթե ժամանակին մեր պապերին ասեին, որ կգա մի ժամանակ, երբ մարդիկ անլար հեռախոսով կկարողանան վճարումներ և գնումներ կատարել, նկարվել, տեսախցիկի շնորհիվ շփվել երկրագնդի մյուս ծայրում բնակվող իրենց բարեկամների հետ, նրանք խորհուրդ կտային դիմել համապատասխան մասնագետի, ավելի շուտ հոգեբույժի․․․ Ինչպես տեսնում ենք, այսօր այդ ամենը իրական է և առօրյա… Այնպես արագ և անսպասելի են զարգանում գիտությունը և գենետիկան, այժմ կան հետագա բացահայտումների համար անհրաժեշտ գրեթե բոլոր խթանները․ գիտնականներն այսօր աշխատում են ԴՆԹ-ի հետ, բազմացնում են, սինթեզում, կլոնավորում, ունեն այսպես կոչված գենետիկական մկրատը, որը թույլ է տալիս գենոմի մի հատվածը կտրել, փոխարինել մյուսով և այսպես շարունակ․․․ Ես, լինելով բժիշկ, այլ ոչ թե կենսաբան, իհարկե այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում գործնականում, բայց հույս ունեմ, որ կհասցնեմ իմ պացիենտներին ուղղորդել նման բուժման մոտ ապագայում։
Իհարկե, վերը թվարկվածը դեռևս էքսպերիմենտալ եղանակներ են, և մենք չգիտենք, թե դրանք ինչ հետևանքներ կունենան ապագայում, չէ՞ որ մարդու օրգանիզմն ու բնությունն առհասարակ հավասարակշռված մի համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, և մենք չենք կարող առանձնացնել մի բջիջը և դիտարկել այն օրգանիզմից կամ տիեզերքից զատ։ Բավական է հիշել քվանտային խճճվածության տեսությունը, որի համաձայն իրարից հեռու գտնվող մի խումբ տարրերի փոփոխությունն ազդում է այլ տեղում գտնվող տարրերի վրա՝ դրանց մոտ որոշակի փոփոխություններ առաջացնելով։
Բերենք պատվաստումների օրինակը, որոնք փրկեցին սերունդներ, բայց հնարավոր է՝ հանգեցրին նրան, որ մուտացված ինչ-որ նոր ձևեր ի հայտ եկան, այսինքն՝ միևնույն է, բնությունը հակազդելու է նոր հոմեոստազի հասնելու նպատակով։
-Վերադառնալով արվեստի ու բժշկության, մասնավորապես գենետիկայի կապի թեմային՝ հետաքրքիր է իմանալ՝ ԴՆԹ-ի պարույրի գեղարվեստական ո՞ր մատուցումն է ձեզ ավելի հոգեհարազատ։
-Պարույրն ինքնին և՛ ֆիզիկական, և՛ թեոլոգիական, և՛ գենետիկական, և՛ փիլիսոփայական նշանակություն ունեցող երևույթ է, մի ունիվերսալ կառույց է, որն օգտագործվում է ամենատարբեր ասպարեզներում իր ֆունկցիոնալության շնորհիվ։ Արվեստի մեջ ԴՆԹ-ի պարույրին առավել տպավորիչ անդրադարձել է Սալվադոր Դալին, որը նաև շատ հետաքրքրված էր գիտությամբ, և իր օրոք էր, երբ Ֆրենսիս Քրիքի և Ջեյմս Ուոթսոնի կողմից բացահայտվեց (1953 թ․) ԴՆԹ-ի երկպարույրը։ Դրանից շատ ոգեշնչված՝ Դալին ստեղծեց նկարների մի ամբողջ շարք, այդ թվում, աշխարհում ամենաերկար անվանումն ունեցող կտավը, որը կոչվում է «Գալացիդալացիդեզօքսիռիբոնուկլեիայսիդի», որը շատ հետաքրքիր է իր կառուցվածքով:
Կտավի առաջային ֆոնին պատկերված է Քրիստոսին հիշեցնող կերպար (հավանաբար՝ Գալան), որը դեմքով նայում է դեպի լույսը, դեպի ապագան, նրա մի կողմում մարդկանցից բաղկացած խորանարդներ, որոնք խորհրդանշում են պայքարը, պատերազմը, վերջը, մյուս կողմում ԴՆԹ-ի պարույրն է, որը մարմնավորում է կյանքը, սկիզբը, վերածնունդը, և իր նշումներում Դալին ասում էր, որ ԴՆԹ-ի պարույրն այն աստիճանն է, որը մարդուն կապում է Աստծո հետ․․․ Եվ դրանք զուտ բառեր չեն, դրանց մեջ կա անսահման խորություն, և երևի թե կգա ժամանակը, երբ մենք կհասկանանք՝ ինչպես այդ պարույրի միջոցով բարձրանալ դեպի լույսը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ