Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, քանի որ դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է»․ Նիկոլ Փաշինյան

Փետրվար 19,2024 12:50

«Դուք օգտագործում եք կորսված հայրենիք արտահայտությունը, ես հայեցակարգային առումով պիտի չհամաձայնեմ Ձեզ հետ, և նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք՝ առաջարկում ենք և կարծում, որ մենք պետք է առաջնորդվենք հետևյալ տրամաբանությամբ, որ հայրենիքը պետությունն է, որովհետև եթե Ձեր տրամաբանությամբ նայենք, պիտի մեզ Ձեր տրամաբանությունը մղի ողբալ կորսված հայրենիքի համար, որովհետև մենք միշտ էլ կորսված հայրենիք ունենք»,-Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրեն հարցեր տված գերմանաբնակ հայ Սամվել Լուլուկյանին այսպես հակադարձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ 2018-ից առաջ էլ մարդիկ խոսում էին կորսված հայրենիքի մասին, դրանից առաջ էլ (մոտ տասն անգամ կրկնեց դրանից առաջ էլ արտահայտությունը,-հեղ․)։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կա երկու ընկալում․ «Ուզում եմ ձեզ հետ կիսվել այն ընկալումների փոփոխությամբ, որ իմ մեջ է տեղի ունենում։ Եթե դա իմ մեջ է տեղի ունենում, տեղի է ունենում նաև մեր ժողովրդի մեջ, քանի որ մեր ժողովրդի քվեով ու ընտրությամբ եմ ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որովհետև համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, քանի որ դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է, իսկ մենք հայրենիք ասելով պիտի նկատի ունենանք պետություն։ Այսօր մենք ունենք պետություն, այն ավելի ու ավելի անկախ քաղաքականություն է փորձում վարել։ Կորսված հայրենիքի տեսլականը, որը դրված է, դրված է նրա համար, որ մենք երբեք չկարողանանք պետություն կայացնել, անընդհատ գնանք ինչ-որ կորսված հայրենիքի հետևից և չկարողանանք տեսնել, հոգ տանել այն հայրենիքի մասին, որը մենք ունենք՝ այսինքն՝ ՀՀ-ի համար։ Մենք ասում ենք՝ հայրենիքը մեր ունեցած ՀՀ-ն է։ Եվ մենք պետք է կենտրոնանանք այդ հայրենիքն ուժեղացնելու, ծաղկեցնելու, որպես պետություն զարգացնելու և նրա անկախությունն ու ինքնիշխանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Անցնում ենք ցավոտ ճանապարհով, որովհետև կորսված հայրենիքի՝ անդադար տեսլականը մի բանի համար է, որ մենք այդպես էլ չկենտրոնանանք պետություն ունենալու անհրաժեշտության վրա։ Մեր խնդիրն այս տեսլականից դուրս բերելն է»։

Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ այս ճանապարհով գնալու դեպքում վտանգներ կան, բայց նաև նշեց՝ այդ ճանապարհով չգնալը ավելի մեծ վտանգներ է բերելու մեզ․ «Մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնենք և մեր կապերը անվտանգության և բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնենք»։

Սամվել Լուլուկյանը պնդեց՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում և հարցրեց՝ հիմա ունե՞ք այն համարձակությունը, պատասխանատվությունը, որ եթե Դուք համար մեկ պատասխանատուն եք, հեռանաք՝ նկատի չունեմ հրաժարականը, այլ ընդհանրապես քաղաքական դաշտից հեռանալը, քանզի այժմ ՀՀ-ն է զոհասեղանին դրված։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Իմ վարչապետության ժամանակ երկու անգամ հրաժարական եմ տվել, և երկու անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Մեր քաղաքական թիմով մասնակցել ենք։ Շատ քաղաքական ուժեր կան, որոնք մեզնից ակնկալում են, որ մենք ուղղակի հեռանանք, բայց մենք դա չենք կարող անել, որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ, և եթե ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը։ Մենք կարող ենք մեր մանդատը վերադարձնել, երկու անգամ վերադարձրել ենք, ասել ենք՝ ժողովուրդ, դուք որոշեք՝ ում եք տալիս այդ մանդատը, և ժողովուրդը որոշել է, որ կրկին պիտի տա մեզ։ Դա առնվազն նշանակում է, որ մեր որոշ բացատրություններում, պատճառաբանություններում, ժողովուրդը մեզ համարել է արդարացի և լեգիտիմ»։

Սամվել Լուլուկյանը հակադարձեց՝ բայց Ձեզ մանդատ չեն տվել, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում։ Ձեզ մանդատ են տվել ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար և հարցրեց՝ եթե Դուք ընտրության գնայիք ու ասեիք՝ մենք ճանաչելու ենք Արցախն Ադրբեջանի կազմում, քանի՞ մարդ Ձեզ կընտրեր։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Պետք է արձանագրենք՝ այն, ինչ ընկալել ենք՝ որպես ինքնորոշման իրավունք և մեր ամբողջ քաղաքականությունը 1994-ից և դրանից առաջ սկսած կառուցվել է դրա վրա, իրականում այլ իմաստ է ունեցել, որովհետև մենք՝ բոլորս, չգիտենք կամ երկար ժամանակ չենք տիրապետում մի կարևոր հանգամանքի։ 1996-ի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողով, այն Ղարաբաղի հարցի վերաբերյալ տվել է ինքնորոշում եզրույթի մեկնաբանությունը, և Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը, իր հայտարարությունում նշելով, որ այս դիրքորոշումը կիսում է ամբողջ միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, որը ՀՀ-ն է, բառացիորեն արձանագրել է հետևյալը, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ այսինքն՝ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով։ Այստեղ է մեր հիմնարար խնդիրը։ Այդ խնդրի մաս եմ նաև ես՝ օբյեկտ և սուբյեկտ։ Օբյեկտ եմ այնքանով, որ ես մասն եմ այն ընկալման, որը ինքնորոշման իրավունքը ընկալել է այդպես։ Մենք ասել ենք՝ միջազգային հանրություն, ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետք է լինի անկախ։ Բայց ինքնորոշման իրավունքի օրենսդիրն ասել է մեզ, որ այո, ունեք այդ իրավունքը, դա պետք է իրացվի Ադրբեջանի կազմում՝ ԼՂ-ին բարձր ինքնավարություն շնորհելով։ Ձեր և մեր խնդիրն այն է, որ մենք ի սկզբանե այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել՝ այն մասին մտածելով, որ մենք կարող ենք ճղել, անցնել միջազգային գործընթացները և հասնել մեր նպատակին։ Իրականում մեզ թվացել է՝ մենք Ադրբեջանի դեմ ենք հակամարտում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ։ Եվ եղել են ուժեր, որոնք մեզ, կներեք, բայց դուխ են տվել։ Ուզում եմ հիշեցնել՝ 1996-ի այս դիրքորոշմանը ԵԱՀԿ բոլոր երկրները համաձայնվել են․ միայն ՀՀ-ն է վետո դրել։

Սա ինչի՞ եմ ասում՝ այս քաղաքականությունն ինչի՞ եմ վարում, քանի որ դավաճա՞ն եմ, օտարերկրյա գործակա՞լ եմ, որ երազում է՝ էլ ի՞նչ հող տա որևէ մեկին։ Իհարկե, մարդիկ կարող են այդպես մտածել, բայց անում եմ մի բանի պատճառով, քանի որ հասկանում եմ, որ եթե այն ճանապարհը, որի մի մասը նաև ես եմ վերցրել ինձ վրա, շարունակենք, այդ ժամանակ կկորցնենք հայրենիքը։ Ի վերջո, պետք է խոսել ճշմարտության լեզվով․ այն ռեժիմը, որ մենք հավաքվենք և մեզ համար առանձին մոլորակ ստեղծենք, մենք առանձին գլոբուսի վրա պետք է ապրենք և այդտեղից մեր ճշմարտությունները պարտադրենք աշխարհին, այդպիսի բան չի լինելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829