Լրահոս
Օրվա լրահոսը

Ով երբ եւ ինչպես պետք է հայտարարագիր ներկայացնի, օգտվի սոցիալական ծախսի փոխհատուցումից

Փետրվար 19,2024 12:30

Ինչպես գիտենք, արդեն իսկ ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Մասնավորապես, 2022թ. դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով Հարկային օրենսգրքի 156 հոդված 4.1 կետում նախատեսվել է ՀՀ քաղաքացիների, բացառությամբ անչափահասների, եկամուտների հայտարարագրման եւ դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգը: Հայտարարագրման համակարգի ներդրման առանձնահատկությունների մասին «Առավոտ»-ը զրուցել է «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերության Կորպորատիվ իրավական սպասարկման ծառայության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանի հետ։

-Պարոն Եզեկյան, ի՞նչ է իրենից ներկայացնում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, ո՞ւմ է այն վերաբերելու, եւ երբվանի՞ց:

-Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը իրենից ներկայացնում է մի գործընթաց, երբ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով լրացվում է հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, որը դառնում է հասանելի միայն պաշտոնատար անձանց խիստ սահմանափակ շրջանակի համար: Հայտարարագրերի նախագծերը պատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա: Դրանք հայտարարատուի կողմից այնուհետեւ կարող են ճշգրտվել եւ արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ: Եկամուտների հայտարարագիրը ներկայացվելու է տարին մեկ անգամ` մինչեւ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։ Ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը պետք է ներկայացվեն հետեւյալ ժամկետներում.

1) 2023թ. հաշվետու տարվա համար՝

ա. 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

բ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ. արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),

գ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվում են իրական շահառու,

դ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք 2023թ. ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավել փոխառություն.

2) 2024թ. հաշվետու տարվա համար՝

1.2024թ. ընթացքում վարձու աշխատող համարվող եւ 1-ին կետում չնշված՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները,

2.2024թ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ 1-ին կետում չնշված՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները,

3.2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

4.ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023թ. արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),

5.ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվում են իրական շահառու,

6.ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024թ. ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

7.1-ին մասով նախատեսված նշված ֆիզիկական անձինք.

3) 2025թ. հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար`

ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր չափահաս ՀՀ քաղաքացիները:

Այսպիսով՝ հայտարարագրման համակարգի ներդրումն իրականացվում է երեք փուլով՝ 2023, 2024 եւ 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: 2025 թվականից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը: Ընդ որում դա վերաբերում է նաեւ կենսաթոշակ ստացող եւ աշխատանք չունեցող անձանց:

-Ինչպե՞ս պետք է ներկայացվեն հայտարարագրերը։

-Հայտարարագրերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով` վեբ տարբերակով կամ բջջային հավելվածով: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային նույնականացում նույնականացման քարտի միջոցով, իսկ փոփոխություններ անելու եւ դրանք հաստատելու համար ունենալ էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար կարելի է օգտվել ներքոհիշյալ 2 տարբերակներից որեւէ մեկից.

1.Այցելել բջջային օպերատորներից որեւէ մեկի գրասենյակ եւ տեղում ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը կամ ակտիվացնել այն վճարային տերմինալների միջոցով կամ էլ այցելելով https://www.ekeng.am կայք:

2.Այս տարբերակի համար պետք է ունենալ էլեկտրոնային չիփ պարունակող նույնականացման քարտ եւ ծրարով տրամադրված PIN եւ PUK ծածկագրեր, ինչպես նաեւ քարտ ընթերցող սարք: Դրանից հետո, կարել է https://www.ekeng.am կայքի միջոցով ակտիվացնել էլեկտրոնային քարտը եւ ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

-Ինչպես հայտնի է, հայտարարագիր ներկայացրած մեր քաղաքացիները, որոնք արել են որոշակի ծախսեր, որոնք, օրինակ, կապված են կրթության եւ առողջապահության հետ, այդ կատարված ծախսերի որոշակի չափով կկարողանան հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկը: Կցանկանայի նաեւ այս հարցին անդրադառնայիք, ո՞վ կարող է փոխհատուցում ակնկալել, ի՞նչ չափով։

-Եկամուտների հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները եւ զավակները (որդեգրողները եւ որդեգրվածները):

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ Հայաստանում գործող կրթական հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները)։

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամը։

Անհրաժեշտ է հիշել, եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերի մասով։ Ընդ որում, եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է նաեւ հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված եւ (կամ) վճարված եկամտային հարկի գումարների եւ hարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջեւ առկա է դրական տարբերություն:

Հարցազրույցը՝

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829