Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիզուալ պատմություններ պատերազմի մասին Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից

Փետրվար 19,2024 12:00

Մեր զրուցակիցն է «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հիմնադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանը

– Տիկին Աշխարոյան, ձեր հիմնադրամի կայքից ենք տեղեկացել, որ նախաձեռնել եք եւ արդեն ընթացքի մեջ է «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից» պատկերազարդումների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը։ Մեր դիտարկմամբ՝ առաջին անգամ է մեզ մոտ նման ծրագիր իրականացվում։

– Նման ձեւաչափով՝ այո։ Երբ սկսեցինք ծրագիրը, պարզվեց, որ կոմիքսների պատկերազարդողների համար բազմաթիվ դասընթացներ են անցկացվել Հայաստանի տարածքում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։ Սակայն գրաշուկայում կոմիքս գրքերի քանակը վերջին երկու տասնամյակների ընթացքում զգալի աճ չի գրանցել։ Պարզվեց նաեւ, որ ունենք ներուժ, տաղանդավոր պատկերազարդողներ, ովքեր, սակայն, չեն աշխատում հայաստանյան հրատարակիչների հետ։ Նշեմ նաեւ, որ մեր շուկայում վերջին տարիներին ստեղծված հայալեզու կոմիքսները կարելի է հաշվել մատների վրա։ Այս ծրագիրը տեւելու է երկու տարի, որի ընթացքում կանցկացվեի տասը առցանց դասախոսություն եվրոպացի մասնագետների կողմից, բացի դրանից ստեղծվելու է գիրք, որտեղ կներառվի 3 պատմություն՝ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից՝ գրված կին հեղինակների կողմից, իսկ պատկերազարդումները կիրականացնեն օրերս անցկացված մրցույթի հաղթողները։ Նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում։

– Ովքե՞ր են արտասահմանցի ձեր գործընկերները, կներկայացնե՞ք նրանց։

– Համագործակցում ենք Վրաստանի մեր վաղեմի գործընկեր՝ «Վրաստանի գրական նախաձեռնություն» կազմակերպության, իսկ Ուկրաինայում՝ «Կոմորա» հրատարակչության հետ։ Թերեւս այդ երկրների կողքին հայաստանյան կոմիքսների գրաշուկան ամենաաղքատն է. չկան ոչ միայն աշխարհահռչակ դասական կոմիքսներ, օրինակ՝ «Պերսեպոլիսը», որը ներկայացնում է պարսիկ աղջկա ներքին պայքարը որոշ ավանդույթների, հեղափոխության ու պատերազմի դեմ կամ «Մաուսը»՝ հոլոքոստի թեմայով, այլ նաեւ մեր հեղինակների գործեր։

– Ինչպե՞ս են ընտրվել մասնակից գրողները, նկարիչները։

– Գրողներն ընտրվել են իրենց երկրներում, գործընկերների կողմից։ Իսկ պատկերազարդողները, արդեն ասացի՝ մրցույթի արդյունքում։

Անի Ասատրյան

– Խնդրում ենք բարձրաձայնել նրանց անունները։

– Հայաստանը ներկայացնող ստեղծագործողներն են՝ գրող Անի Ասատրյանը եւ պատկերազարդող Աստղիկ Հարությունյանը, Վրաստանում՝ գրող Եկատերինե Տոգոնիձեն, նկարիչ Լուկա Լաշխին, իսկ Ուկրաինայում՝ գրող Վիրա Կուրիկոն, նկարիչ Սոֆիա Պոկորչակը։ Ծրագրի ընթացքում նախատեսված են փոխայցելություններ, մասնակցություն Եվրոպայում անցկացվող կոմիքսների փառատոնին, իսկ եզրափակվում է  Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսով, 2025թ.։

Ապրիլին բոլոր ստեղծագործական խմբերը առաջին անգամ կհավաքվեն Հայաստանում՝ միմյանց հետ ծանոթանալու, մտքերի փոխանակման նպատակով եւ այլն։ Նշեմ, որ գրքի ստեղծման գործընթացը կհամակարգի վրացի խմբագիր Միխեիլ Ցիխելաշվիլին։

Աստղիկ Հարությունյան

– Ընտրված է պատերազմի թեման։ Եթե կարելի է, ներկայացրեք, թե ինչպես են տեսնում պատերազմը գրող կանայք։

– Վերջին շրջանում աշխարհում մեծապես քննարկվում է ռուս-ուկրաինական պատերազմը եւ հասկանալի է, որ դրա ծավալներն ու վտանգը տարածվելու դեպի  Եվրոպա մեծ է։ Սակայն, ըստ էության բոլոր պատերազմները իրենց ազդեցությամբ նույնն են այդ իրավիճակում հայտնված ազգերի համար։ Հետեւաբար, ոչ միայն մեծ, այլեւ փոքր պատերազմներն ու կոնֆլիկները պե՛տք է բարձրաձայնվեն, քանի որ դրանցում, ի վերջո, մարդկային ճակատագրեր են։

Երեք կին գրողների պատմությունները նույնն են, բայց ծայրահեղ տարբեր են դրանց պատմելու ձեւերն ու գրական ոճերը։

Զրույցը՝  Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829