Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ» խորագրով

Փետրվար 18,2024 18:24

Թեհրանում կայացել է «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը։

«Արցախի հիմնահարցն ու կորուստը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփիյուռք հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը եւ այն ամեն մտահոգություններն ու ապագա հնարավոր զարգացումներն ու մեր անելիքները այն թեմաներն էին, որոնք քննարկվեցին «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում:

Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ փետրվարի 15-ին եւ 16-ին, Հայ հասարակական միության (Հայ ակումբ) սրահում կազմակերպվել էր «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ Հայաստանից, Արցախից հրաւիրված հյուրերի եւ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչների ու ազգային մարմինների մասնակցությամբ:

15-րդ խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության եւ ինքնիշխանության պահպանման համար:

Սկզբում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր օրհնության խոսքը փոխանցեց խորհրդաժողովին: Իր ելույթում Սրբազան Հայրը նշեց, որ Հայ Դատը հարյուրավոր տարիների դատ է մեր ժողովրդի պատմության եւ գոյության հետ կապված, այն օրվանից, երբ Հայաստանը պարագայաբար կորցնում էր իր անկախությունը, այդ ժամանակվանից սկսվել է Հայ Դատը: Սրբազան Հայրը դատապարտեց աշխարհի լուռ անտարբերությունը Արցախի հարյուր հազարավոր հայորդիների բռնի տեղահանման եւ Արցախի օկուպացման, իսկ այսօր, նաեւ Գազայում Պաղեստինի ժողովրդի տեղահանման ու նրանց կոտորածի ենթարկելու կապակցությամբ:

Խորհրդաժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրօ Մանոյանը, անդրադառնալով «Հայ Դատի պայքարի նորօրյա թիրախների ճշգրտումը, ռազմավարության եւ մարտավարության մշակումը առկա պայմանների եւ իրականության ֆոնին» խորագրով ամփոփված թեմային, համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հասարակությանը հրամցվող «խաղաղության բանակցությունների» իրական պատկերը, առկա մարտահրավերներն ու վտանգները:

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ընդդիմության անելիքներին առկա ճգնաժամը հաղթահարելու գործում թեմային:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի բանախոսության թեման էր. «ԶԼՄ-ների դերակատարությունը՝ համահայկական հանրային մտքի ձեւավորման, հասարակական անտարբերությունը վերացնելու եւ իշխանական ամբոխավարական քարոզչությանը դիմագրավելու եւ չեզոքացնելու գործում»:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիյանն, անդրադարձավ բռնագաղթւած արցախահայության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակին եւ Արցախի Հանրապետության պետական-քաղաքական ինստիտուտների պահպանման կարեւորությանը եւ համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանում արցախահայության իրավական ճղճիմ կարգավիճակը:

Սպահանի հայոց թեմից, Վարուժ Մովսիսյանն անդրադարձավ ՀՀ իշխանութիւնների կողմից Հայոց պատմությունը աղավաղելու փորձերին՝ նշելով, թե ինչ նպատակներ են հետապնդում այդ փորձերը եւ ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք ապագայում:

Հայոց Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը համապարփակ գծերով անդրադարձավ Հայ Առաքելական Եկեղեցու կարելիություններին՝ համազգային ճգնաժամը դիմագրավելու գործում եւ այն մասին, թէ ինչո՞ւ է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին հայտնվել ՀՀ գործող իշխանությունների թիրախում: Սրբազան Հայրը իր ելույթը ամփոփեց Արցախյան նահատակների անավարտ գործը համազգային համախմբվածությամբ իր ավարտին հասցնելու հրամայականով:

«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմի անդամ Սյունե Ֆարմանյանը, ներկայացրեց «Սփյուռքը մեկուսացնելու փորձը՝ համազգային միացյալ ճակատի թուլացման պատճառ: Ինչո՞ւ են ՀՀ գործող իշխանությունները փորձում Սփյուռքին հեռու պահել առկա քաղաքական գործընթացներից» թեման, իսկ Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանն անդրադարձավ Իրանի հարաբերություններին թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմից հետո: Նա ներկայացրեց այն իրական պատկերը, որն առկա է աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին:

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եւ քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը համապարփակ գծերով անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության արեւելման փոփոխության եւ ներկա պայմաններում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վտանգներին:

Քաղաքական վերլուծաբան Արտոյտ Զոհրաբյանն էլ ներկայացրեց «Հարավային Կովկասում Իրանի կառուցողական ռազմավարութեան դեմ ադրբեջանա-թուրքական, իսրայէլական եւ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը» թեման: Հատկանշական է, որ յուրաքանչյուր զեկուցաբերի ներկայացրած զեկույցից հետո լսարանին հարցումների, առաջարկների եւ տեսակետների ներկայացման առիթ էր տրվում:

Երկօրյա խորհրդաժողովը ավարտվեց ՀՅԴ Բյուրոյի խոսքով, որը ներկայացրեց Կիրո Մանոյանը, որը գնահատելով երկօրյա խորհրդաժողովը, կարեւորեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի պետականությունը ամրապնդելու եւ իրավիճակը բեկելու համար:

Իր հայրական խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Սրբազան Հայրը իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ հայ ժողովրդի ներկա իրավիճակը բարեկարգելու միակ ելքը պայքարն է իր բազմաբնույթ կողմերով: Պայքար մեր լեզվի, մեր հավատքի, մեր մշակույթի, ինքնուրույնության պահպանման եւ մեր հողային ամբողջականության համար: Սրբազան Հայրը բարձր գնահատեց Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնած խորհրդաժողովը, որը կոչված է նպաստելու նշված նպատակների իրագործմանը:

Օրվա եզրափակիչ խոսքով՝ ՀՅԴ Իրանի հյուսիսային շրջանի Կենտրոնական կոմիտեի խոսքը փոխանցեց Արամ Շահնազարյանը:

Նա ԿԿ-ի անունից երախտիքի եւ գնահատանքի խոսք փոխանցեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին՝ համաժողովը կազմակերպելու, Թեմակալ առաջնորդին՝ անվերապահ համագործակցութեան եւ աջակցության համար, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին, Հայաստանից ժամանած հյուրերին, Իրանի երեք թեմերից մասնակիցներին եւ Հայ ակումբի վարչությանը՝ անվերապահ համագործակցութեան համար: Նա անդրադարձավ այն հանգամանքներին, որոնք կարգավորելով հնարավոր կլինի վերադարձնել կորցրածը եւ կերտել հայ ժողովրդի տեսլականը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829