Լրահոս
Օրվա լրահոսը

Զորայր Միրզայանի «Պարսից Գրականություն» գրքի շնորհանդեսը Երևանում

Փետրվար 18,2024 14:13

Իրանահայ ճանաչված գրող և թարգմանիչ Զորայր Հովսեփի Միրզայանի (1916-1964 թ․) «Պարսից Գրականություն (պոեզիա 1900-1960)» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 17 փետրվարի 2024 թվականին Երևանի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում։ Ներկա էին մեծ թվով բանասերներ, իրանագետներ և հյուրեր։ Հայր և որդի Միրզայանները Իրանում եղել են նշանավոր թարգմանիչներ․ հայերենի են թարգմանել թե իրանական գրականության գոհարներից (Օմար Խայամ, Բաբա Թահեր, Ֆիրդուսի, Հաֆեզ) և թե այլ հանրաճանաչ հեղինակներ՝ Ջորջ Բայրոնի, Վիկտոր Հյուգոյի, Դոստոևսկու, Մարկ Տվենի և Ռաբինդրանաթ Թագորի գործերից։ Զ․ Միրզայանի «Պարսից Գրականություն» գործը Երևանում խմբագրել և հրատարակության է պատրաստել իր զարմիկ Նիկիտ Միրզայանը, հանգուցյալ գրողի զավակների աջակցությամբ։

Զորայր Միրզայանը որպես գրականության գիտակ ներկայացրել է Իրանի վերջին հարյուրամյակի գրականության պատմությունը՝ նրա տարբեր փուլերը։ Դրանք են Սահմանադրական շարժման, պահպանողական և նորագույն շրջանները․ ապա ընտրել է այդ շրջանների լավագույն ներկայացուցիչներին, տեղադրել է բանաստեղծների համառոտ կենսագրականը և նրանց գործերից թարգմանաբար նմուշներ է ներկայացրել։ Գրքի խմբագիրը ավելացրել է նույն հեղինակներից այլ թարգմանություններ, որոնք կատարել են Հայաստանի կամ Սփյուռքի թարգմանիչները․ այդ գործերը թարգմանվել են Զ․ Միրզայանի մահվանից հետո։ Օգտակար են նաև Նիկիտ Միրզայանի ծանոթությունները և կազմած պարսկերեն հավելվածը։

Գրքի հրատարակումը ողջունեցին Ավ․ Իսահակյանի անվան կենտր․ գրադարանի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը և իրանագետներ Էմմա Բեգիջանյանը, Տիգրան Դավուդյանն ու Գևորգ Ասատրյանը․ մի քանի թարգմանություններից ասմունքեց Գայանե Սամվելյանը․ շնորհակալության խոսք ասացին գրող-թարգմանչի որդի Ջոզեֆ Միրզայանը և գրքի խմբագիր Նիկիտ Միրզայանը։

*** Խմբագիրը ընթերցեց նաև Զ․ Միրզայանի մահվան 30-ամյակի առիթով, անվանի գիտնական Բաբկեն Չուգասզյանի հրապարակած հոդվածը։ Հոդվածի վերնագիրն է «Զորայր Միրզայանի Պարսից գրականություն անտիպ աշխատությունը» (հոդվածը տպագրվել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի 16 օգոստոսի 1994 թ․ համարում): Չուգասզյանն այդ գրությունում հայտնում է, որ Միրզայանի հարազատները նրա մահվանից հետո գրական գործերն ուղարկում են Հայաստան։ Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի դրական եզրակացության հիման վրա Գիտությունների Ակադեմիայի նախագահությունն իր 9-ը հոկտեմբերի 1968 թ․ որոշումով Արևելագիտության ինստիտուտին հանձնարարում է գիրքը հրատարակել՝ գործի պատրաստումն ու խմբագրումը հանձնելով Չուգասզյանին։ Բ․  Չուգասզյանն ապա գրում է․

«Զ․ Միրզայանի աշխատանքը մանրակրկիտ խմբագրումից հետո 1972 թ․ հոկտեմբերին քննարկվեց Գիտությունների Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում և հանձնարարվեց տպագրության, սակայն ժամանակի իշխող քաղաքական պայմանները դժվարություններ հարուցեցին և խափանեցին գրքի հրատարակությունը․ գիրք, որ այնքան օգտակար կլիներ պարսից գրականությամբ և մշակույթով հետաքրքրվող հայ ընթերցողների լայն շրջանակներին և ուսանողությանը»։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829