2018 թվականին Հայաստանում իշխանության եկած խմբավորումը, երկիրը տանելով ծանրագույն պարտությունների եւ այլ փորձությունների, պարբերաբար նոր պատմույթներ (նարատիվ) եւ խոսույթներ (դիսկուրս) է նետում ասպարեզ, դրանով հանրությանը շեղում իրական կորուստներից ու այս ամենի իրական պատասխանատուից, այսինքն՝ իրենից: Հերթական խայծը պետություն եւ հայրենիք եզրերի «հակասություններին» էր վերաբերում:
Իմաստն այն է, որ մենք ունենք, կամ դասագրքերի, երգերի, գրականության միջոցով մեզ ներարկել են պատկերացումներ մի հայրենիքի մասին, որն այսօր Հայաստան պետության իրական սահմանների հետ չի համընկնում: Դա, մի կողմից, գրգռում է մեր հարեւաններին, որոնք դրանում տեսնում են իրենց նկատմամբ տարածքային պահանջի նկրտումներ, մյուս կողմից էլ՝ հանգեցնում է ՀՀ իշխանությունների եզրահանգմանը, թե իրականության հետ առերեսվելու փոխարեն սին երազանքներ փայփայելով՝ մենք ի վիճակի չենք ծաղկեցնել այն երկիրը, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից եւ ամրագրված միջազգային պայմաններով:
Եվ դրա համար մեզ առաջարկվում է հրաժարվել ազգային խորհրդանիշներից, անցյալի պատմությունից, ազգային-ազատագրական պայքարի էջերից եւ այլն: Հաջորդ փուլում, կարելի է չկասկածել, կփոխվեն հայագիտական առարկաների դասագրքերը, կարգելվեն հայոց պատմության հերոսական դրվագներ պատկերող գեղարվեստական ֆիլմերը, անգամ ազգային պատկերասրահի շատ կտավներ կտեղափոխվեն պահեստներ, եթե, իհարկե, չոչնչացվեն: Սա սպասվում է շատ մոտ ապագայում, քանի դեռ կառավարող վարչախումբը իշխանության ղեկին է:
Ակնհայտ է, որ մեր հարեւանները՝ Ադրբեջանն ու նրա թիկունքին կանգնած Թուրքիան, իրենց հերթին, չեն ճանաչում անգամ Հայաստանի ներկայիս սահմանները: Ավելին՝ հավակնում են Երեւանին՝ ՀՀ ողջ տարածքը անվանելով «Արեւմտյան Ադրբեջան»: Այնպես որ, միամտություն կլինի կարծել, թե «պահանջատիրությունից» մեր հրաժարումը նրանց ետ կպահի «Մեծ թյուրքական աշխարհի» ստեղծման հարյուրամյա սեւեռուն գաղափարից:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ է անում 2018-ին փողոցից իշխանություն ներխուժած լիբերալ եւ կոսմոպոլիտ գաղափարների ու արտաքին պատվերների տակ կքած խմբավորումը: Ջարդում է «Փոքր հայրենիքի» գաղափարը՝ պատմական հիշողությունները, ազգային խորհրդանիշները, եւ ցանկանում է ունենալ «պետական հայրենասիրություն»՝ 29.800 քառ. կմ-ի վրա, իսկ գուցե ժամանակի ընթացքում ավելի փոքր տարածքի վրա կառուցած:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում