Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանդիպմանը Փաշինյանն ու Ալիեւը չէին ժպտում, դեմքի տարակուսած արտահայտություն ունեին, կապրենք կտեսնենք՝ ինչ արդյունք կլինի»

Փետրվար 17,2024 19:22

«Առավոտի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։

Թեեւ նախօրոք հայտարարված չէր, բայց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպումից հետո Շոլցը հայատարարեց, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների: Վերջին շրջանի լարվածության ֆոնին ի՞նչ կարող է փոխել այս հանդիպումը։

-Կապրենք՝ կտեսնենք, միշտ այդպիսի հայտարարություններ լինում են, այնուհետեւ Ալիեւը վերադառնում է եւ իր երգն է երգում ու հին գործողություններին է դիմում։ Բայց այն փաստը, որ հանդիպումը եւ այդ կոմունիկացիան տեղի է ունեցել, դա արդեն դրական է։ Դրական է, որ Շոլցը կարողացավ իր հովանու ներքո կազմակերպել այդ հանդիպումը։

Բայց ես փորձում եմ իրողությունները վերլուծել նաեւ հոգեբանական վերլուծության մեթոդով՝ ֆիզիոգնոմիկան, դեմքի արտահայտություններն ուսումնասիրելով։ Այն, ինչ մարմինն էր ցույց տալիս, լավատեսություն չներշնչեց, որովհետեւ չէին ժպտում, դեմքի տարակուսած արտահայտություն ունեին։ Արիստոտելյան ճշմարտություն է, որ միտքը չունի մի գաղտնիք, որը մարմինը երեւան չի բերի։ Ես ֆիզիոգնոմիկայի նեղ մասնագետ չեմ, բայց տեսնում եմ, որ շատ մեծ լավատեսության հիմքեր չկան՝ անտրամադիր էին եւ Փաշինյանը, այդքան մեծ խանդավառությամբ լցված չէր նաեւ Ալիեւը։ Այսինքն՝ մակերեսային գնահատելով՝ դրական է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել, մնացածը հընթացս կերեւա։

Գուրգեն Սիմոնյան

-Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը հայտարարեց, որ «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է», եւ պետք է լուծարել Մինսկի խումբն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը։ Եվ այսօր տեսնում ենք, որ նոր միջնորդ կա՝ ի դեմս Գերմանիայի։ Ի՞նչ է նշանակում սա։

-Հակամարտությունը կարգավորված չէ, անկախ նրանից, որ Ադրբեջանն ասում է՝ կարգավորված է, հայկական կողմն էլ հաստատում է, որ՝ այո, կարգավորված է։ Արցախահայերի իրավունքների մասին ո՞վ պետք է հոգա։ Ե՛վ ԱՄՆ-ն, ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ առհասարակ եվրոպական տիրույթը, այդ թվում՝ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան արցախահայերի մասին չեն մոռացել։ Մարդիկ են տեղահանվել իրենց պապենական բնօրրանից, էմիգրանտներ չեն արտաքսվել, իրենց պապենական բնօրրանից մարդիկ են արտաքսվել։ Այս իրավունքները Եվրոպան եւ ԱՄՆ-ն չեն մոռանում։ Դա նշանակում է, որ ինչքան էլ Ալիեւն իր մկանները ցուցադրելով պնդի, հայկական կողմն էլ երկյուղած հաստատի, որ չկա նման հարց, միեւնույն է այդ հարցը կա եւ շարունակելու է մնալ։ Ալիեւն ասում է՝ չկա այդ հարցը, հայկական կողմն էլ չի ասում, որ կա, ասում է՝ լավ, չկա, բայց եթե հարցը չկա, ապա Ալիեւն ինչո՞ւ է արծարծում Մինսկի խմբի ցրման հարցը։ Եթե արցախյան հարցը չկա, Մինսկի խումբն էլ չկա։ Եթե նա ասում է՝ պետք է Մինսկի խումբը ցրենք, նշանակում է՝ հարցը կա։ Նրանք շատ լավ հասկանում են դա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829