Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերեն են հրատարակվել իրանցի մեծ պոետ Հաֆեզի գազելներն ու քառյակները

Փետրվար 17,2024 17:46

Բնագրային թարգմանությամբ հայ ընթերցողի սեղանին է դրվել պարսկական գրականության երևելիներից մեկի՝ պոետ Հաֆեզի գազելների ու քառյակների ժողովածուն։ Ժորժ Աբրահամյանի բնագրային թարգմանությամբ և Տիգրան Գրիգորյանի խմբագրմամբ այն հրատարակել է «Զանգակը»։ Շնորհանդեսը Երևանի Կապույտ մզկիթում էր։ Ներկա էին նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, իրանագետներ ու հաֆեզասերներ։

292 գազելից և 16 քառյակից բաղկացած ժողովածուն կարդացվում է մեկ շնչով, ընթերցողին ստիպում արևելյան պոեզիան վայելել իր բոլոր գույներով։ Հաֆեզի գրքերն Իրանում ամենակարդացվողն ու վերահրատարակվողն են։ Ընդ որում, Ղուրանից հետո այն ամենաշատ հրատարակված և կարդացված գիրքն է։

Իրանագետ, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը Հաֆեզի պոեզիան թարգմանել է մեկ տարում։ Ասում է՝ իր համար մեծ պատասխանատվություն ու համարձակություն եղել Հաֆեզ թարգմանելը․ «Հաֆեզը, լինելով 14-րդ դարի պոետ, զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենաընթերցվածներից և ընթերցվողներից այսօր։ Պարսկական պոեզիան ունի մի քանի գագաթներ, ինչպիսիք են Ռումին, Սաադին, Ֆիրդուսին և ուրիշներ, որոնք շատ սիրված են: Այդ գագաթներից մեկը Հաֆեզն է, և մյուս պոետներից տարբերվում է նրանով, որ չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում»:

Ժորժ Աբրահամյանն ուսումնասիրել է նաև Հաֆեզին վերաբերող մասնագիտական գրականություն, փորձել հեղինակին ներկայացնել իր բոլոր առանձնահատկություններով։ Ասում է՝ հաճախ ստիպված է եղել լեզվական որոշ խոչընդոտների բախվել։ Եղել են նույնիսկ քառյակներ, որոնք թարգմանել է մի քանի օրում, այդ ստեղծագործություններն իրենից մեծ էներգիա են խլել։

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը տպավորված էր Հաֆեզի հայերեն հրատարակությամբ։ Մեհդի Սոբհանին նշեց՝ շապիկն իրեն դու է եկել, 100 օրինակ գնել է, որ հայ գործընկերներին, ընկերներին ու հարազատներին նվիրի։ Դեսպանի խոսքով՝ Հաֆեզի այս հրատարակությունը կարևոր իրադարձություն է՝ մեկ անգամ ևս ընդգծելու երկրու երկրի բարեկամական հարաբերություններն ու մշակութային կապերը․ «Ուրախ եմ, որ գրքի շնորհանդեսը Երևանի Կապույտ մզկիթում է անցկացվում։ Սա մեզ համար խորհրդանշական վայր է։ Հաֆեզի գազելներն ու քառյակները թարգմանվել են շատ երկրներում։ Հաֆեզը գրում է սիրո, խաղաղության, արդարության մասին, և այդ ամենը հարկավոր է տարբեր ժողովուրդների մերձեցման համար: Ուրախ եմ, որ Հաֆեզը հասանելի է նաև հայ ընթերցողին»։

«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը նշեց, որ «Զանգակ»-ն առաջին անգամ է անդրադառնում պարսիկ հեղինակի, և որ շատ հրատարակչությունների համար վաճառքի տեսանկյունից ռիսկային է պոեզիա թարգմանելն ու հրատարակելը։ Իրենք ռիսկի են դիմել ու վաճառքի ցուցանիշներից գոհ են։ Ընդամենը երկու ամսում վաճառվել է տպաքանակի մեծ մասը․ «Պատրաստվում ենք վերահրատարակել այն։ Գիտեք, գործ ունենք իրանական գրականության երևելիներից մեկի՝ Հաֆեզի հետ, իսկ նրա գազելներն ու քառյակները հայերեն հրատարակելու նախաձեռնությունը թելադրված է նրանով, որ մենք պատմականորեն կապված ենք իրանական մշակույթի հետ, ինչը շատ հաճախ մոռանում ենք, և մենք որոշեցինք այդ կամուրջը լինել և մարդկանց հիշեցնել այդ մասին»:

«Զանգակ» հրատարակչությունից վստահեցրին՝ շարունակելու են հայ ընթերցողին ներկայացնել իրանական գրականությունը։ Առաջիկա տարիներին մտադիր են թարգմանելու և հրատարակելու իրանական այլ հեղինակների։

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վանա Հարությունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829