2008 թվականի հոկտեմբերի 16-ին Արցախում տեղի ունեցավ «Հայկական մեծ հարսանիքը»․ Գանձասարում, Շուշիում եւ Ստեփանակերտում կատարվեցին 674 երիտասարդ զույգերի պսակադրություն եւ հարսանյաց հանդիսություն: Միջոցառման նախաձեռնողը ռուսաստանաբնակ բարերար, արցախցի Լեւոն Հայրապետյանն էր։ Միջոցառմանը միացել էին նաեւ Ռուսաստանում բնակվող հայազգի մի շարք գործարարներ՝ Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը եւ Սամվել Սարգսյանը։ «Մեծ հարսանիքին» մասնակցած զույգերին բարերարները տրամադրել էին միանվագ 2 հազարական ԱՄՆ դոլար եւ նախատեսել էին այդ ընտանիքներում մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին աջակցություն ցույց տալ, առաջին երեխայի համար՝ 2 հազար, երկրորդի համար՝ 3 հազար, երրորդի համար՝ 5 հազար եւ չորրորդ երեխայի համար՝ 10 հազար ԱՄՆ դոլար: Հինգ տարվա ընթացքում 674 ընտանիքներում ծնվել էր 1070 երեխա: 200-ից ավելի պսակադրված զույգերի կնքահայրը` Ռուբեն Վարդանյանը, այսօր Բաքվի բանտում է: Շուշեցի Գեւորգ Թաիրյանը եւ կինը՝ Էլեոնորան, նույնպես այդ զույգերի թվում էին:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Գեւորգը երանությամբ է հիշում այդ օրը եւ անակնկալը, թե ինչպես իմացան, որ իրենց պսակադրության կնքահայրը Ռուբեն Վարդանյանն է: «Մեզ ասացին, որ հովանավորները շատ են, բայց կոնկրետ Շուշիի տարածաշրջանի զույգերին հովանավորելու է Ռուբեն Վարդանյանը: Դե, գիտեք, մինչեւ մարդուն անձամբ չես տեսնում, չես ճանաչում, լիարժեք պատկերացում չես կազմում: Ճիշտ է, անձամբ նրա հետ մենք երկար շփվելու հնարավորություն չունեցանք, բայց այն անշահախնդիր օգնությունը, որ տրամադրեց մեզ բոլորովին անծանոթ մարդը, անգնահատելի էր: Նա մեզնից ոչ մեկին չէր ճանաչում, բայց օգնությունը հավասար էր ու անհատույց: Այդ օգնության շնորհիվ ես զրոյից երկհարկանի տուն կառուցեցի Շուշիում, ընդհանրապես տուն չունեի: 4 երեխա ունեցա, եւ ամեն երեխայի հետ գումարը կրկնապատկվեց: Այն, որ Վարդանյանն իր բարեգործությունն Արցախում դեռ տասնամյակներ առաջ էր սկսել, ես կարող եմ փաստել: Դեռ այդ թվերին նա Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատի եկեղեցին վերանորոգեց, Վարդանյանն Արցախի մասին վերջին տարիներին չէ, որ հիշեց, ինչպես ադրբեջանական կողմն է փորձում «հիմնավորել»՝ «ահաբեկչական ֆինանսավորում» որակելով»,- պատմեց Գեւորգը՝ անդրադառնալով 2020թ․ պատերազմից հետո իր՝ Հայաստան գալուն, սակայն կարճ ժամանակ անց կրկին Արցախ վերադառնալուն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում