Լրահոս
Օրվա լրահոսը

«Շենքն ապօրինի զավթել են եւ թույլ չեն տալիս, որ ղեկավարը մուտք գործի»․ Աննա Եղիազարյանին թույլ չտվեցին մուտք գործել ՀԿԽԸ գրասենյակ

Փետրվար 17,2024 13:47

Այսօր ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի Աննա Եղիազարյանը մուտք գործի «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գրասենյակ։ Աննա Եղիազարյանը պնդել է, որ կազմակերպության ընտրված նախագահ է եւ պետք է մուտք գործի շենք։ Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տվել։ Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ այս պահին կա կառավարման ճգնաժամ, այս քայլին են գնում, որպեսզի հետագայում անցանկալի իրավիճակ չլինի։

Աննա Եղիազարյանը հայտարարեց, որ  գործադիր մարմնի նախկին ղեկավարը՝ Արթուր Արիստակեսյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է, թույլ չի տալիս, որպեսզի ինքը մուտք գործի շենք։ «Շենքն ապօրինի զավթել են եւ թույլ չեն տալիս, որպեսզի կազմակերպության ղեկավարը մուտք գործի շենք»,- ասաց նա։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ ոստիկանությունը երկու կողմերից դիմում է ստացել, որոնք պետք է քննարկվեն։ Իսկ Արթուր Արիստակեսյանը մուտք է գործել շենք, քանի որ նա փաստացի տնօրինում է շենքը։

Նշենք, որ փետրվարի 15-ին հայտարարություն տարածվեց, որ «Հայկական Կարմիր խաչի» ընկերության 28-րդ արտահերթ համագումարում, որը հրավիրվել էր ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ, Աննա Եղիազարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ։

Այնուհետեւ «Հայկական Կարմիր Խաչի» ընկերության նախագահությունը տարածեց հայտարարություն՝ հերքելով Աննա Եղիազարյանի ընտրության մասին տեղեկությունը։ Ըստ հաղորդագրության՝ ՀԿԽԸ նախագահությունը և ՀԿԽԸ անդամներն արտահերթ համագումար չեն հրավիրել, եւ ինքնակոչները բացարձակ կապ չունեն նախագահության եւ ՀԿԽԸ-ի արտահերթ համագումարի անցկացման հետ։

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում էր, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության Երևանի մարզային մասնաճյուղի նախագահության որոշմամբ  փետրվարի 12-ից դադարեցվել է Աննա Եղիազարյանի ՀԿԽ ընկերության անդամակցությունը։ Անդամակցության դադարեցման համար հիմք է ծառայել այն, որ ՀԿԽԸ գլխավոր քարտուղար, գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի կողմից կատարվել են հայտարարություններ առ այն, որ նախագահությունը գործում է ապօրինի, այն է՝ Մխիթար Մնացականյանն իրավունք չունի լինելու նախագահության նախագահ, քանի որ վերջինս չի հանդիսանում նախագահության անդամ։

«Աննա Եղիազարյանը մտադրված ոտնահարում է նախագահության բարի համբավը, վերջինիս մեղադրում է անօրինական գործողությունների մեջ՝ չօգտվելով ՀՀ օրենսդրությամբ ընձեռված հնարավորություններից, չի կատարում նախագահության կողմից կայացված որոշումը եւ չի ենթարկվում կազմակերպության կանոնադրությանը, որը հանգեցնում է։ Վերջինս զբաղվում է նախագահության բարի համբավի ոտնահարմամբ և իր անձնական շահով, այն է՝ նախագահության նախագահ դառնալու մեծ ցանկությամբ»,- նշված էր «Հայկական Կարմիր Խաչի ընկերության» հաղորդագրության մեջ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829