Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իրագործել իր ծրագրերը, Արցախից հետո Հայաստանում է ադրբեջանցների համար «էստի համեցեք» դրություն ստեղծել»

Փետրվար 17,2024 12:45

«Առավոտի» զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, նախ Հայաստանի ՊՆ-ն փետրվարի 12-ին հաղորդագրություն տարածեց, այն մասին, որ «եթե պարզվի, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ է բացվել, հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»։ Դրան հաջորդեց այն, որ փետրվարի 13-ին թշնամին հրաձգային զենքերից կրակ բացեց Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ վիրավոր: Ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները։

-Իմ կարծիքով՝ արդեն պետք է պարզ լիներ, թե ով է կրակ արձակել, եթե հայտարարություն ու պարզություն չկա մինչ օրս, ուրեմն կա խնդիր։ Պաշտպանության նախարարության հայտարարությունը, հավանաբար, ուղղված էր նրան, որ փորձում էին միջադեպը կանխել, որ զարգացում չլիներ։ Բայց այն ստացավ զարգացում, որը բերեց մարդկային զոհերի եւ ողջ հանրության համար ընդգծեց, որ «խաղաղության օրակարգը» սուտ է։ Իշխանություններն ստիպված եղան դա ընդունել եւ արձանագրել, որ Ադրբեջանը նախապատրաստվում է հարձակման։

-Այսինքն՝ ի սկզբանե պարզ էր, որ «խաղաղության օրակարգը» սուտ է։ Եվ ի՞նչ է ստացվում՝ հանրությանը խաբո՞ւմ էին։

-Դուք հիմա մեկ նախադասությամբ ջնջեցիք Նիկոլ Փաշինյանի բոլոր ջանքերը։ Ավելի քան 1,5 տարի ինքը հայ ժողովրդի գլուխը արդուկում եւ համոզում է, որ Իլհամ Ալիեւի հետ ունի խաղաղության մասին համաձայնություն, եւ պատերազմ չի լինի։ Իսկ ովքեր ասում են, որ պետք է պաշտպանվել, պաշտպանական շրջաններ ստեղծել, բետոնային կառույցներ կառուցել, նրանք, ըստ իշխանության, գործակալներ են, որոնք պատերազմ են հրահրում։ Այդ փոխհրաձգության ժամանակ մենք ունեցանք կորուստներ, որովհետեւ մեր առաջնագիծն այսօր չունի համապատասխան պաշտպանության կառույցներ։ Մարդիկ խրամատներում բաց երկնքի տակ իրենց մարտական առաջադրանքը կատարելիս շատ խոցելի են այսօր։ Եթե 30 տարի առաջ կարելի էր խրամատը համարել որպես նվազագույն ինժեներական պաշտպանական միջոց, այսօր դա անհնար է։ Ես կարող եմ օրինակ բերել ուկրաինացիների, ռուսների պաշտպանական դիրքերը եւ այլն։ Բոլոր երկրները դա հասկանում են, բացի Հայաստանի ռազմական ու քաղաքական ղեկավարությունից։ Առավել եւս, 2020 թվականին ի հայտ եկավ, որ բաց երկնքի տակ կռվելն անհնար է, դա բերում է մեծ զոհերի։ Ես պարզապես չեմ հասկանում, թե ո՞նց կարելի է սեփական զինվորների կյանքին այդպես վերաբերվել։ Մոտեցում կա, որ զինվորները պարտավոր են իրենց մարտական հերթապահությունը բաց երկնքի տակ իրականացնել։ Պատերազմից երեք տարի է անցել, պրիմիտիվ խրամատներ են կառուցել։ Եվ այս իրողության մասին ես խոսում եմ պարբերաբար, որ դա պետք է փոխվի։ Մեր հանրությունը դեռեւս դա չի ընկալում կամ շատ քիչ է ընկալում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հանձնվելը ճիշտ է։ Ձեռքերը բարձրացնելը դա իր քաղաքական սկիզբն է եղել, բացառությամբ մեկ դրվագի, երբ ինքը աքլորի պես պատերազմ էր հրահրում քաղաքական ու դիվանագիտական քայլերով։ Մեծ հարց է՝ ինչո՞ւ էր դա անում՝ խելքի պակասությունից, թե՞ պատվեր էր կատարում։ Մեծ հաշվով ինքն այսօր ամեն ինչ անում է, որ մեր հասարակության, ժողովրդի, բանակի դիմադրությունը նվազեցնի, հավասարեցնի զրոյի։

-Դա նրան հաջողվո՞ւմ է կարծես։

-Իրեն հաջողվում է դա անել։ 2022 թվականի մայիսից ինքն սկսեց քարոզը, որ Արցախի կարգավիճակի հարցում հարկավոր է իջեցնել նշաձողը, ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Եվ այդ քարոզի հետեւանքով այնպիսի դեմորալիզացիայի ենթարկեց եւ Արցախի հանրությանը, եւ Արցախի Պաշտպանության բանակը, որ սեպտեմբերի 19-ին ընդամենը մեկ օր տեւեց Արցախի դիմադրությունը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իրագործել իր ծրագիրը՝ անզեն, անպաշտպան Հայաստան։ Այսօր իրականությունը դա է։ Չեմ կարծում, որ մարդիկ դա չեն տեսնում։ Բայցեւ սայլը տեղից չի շարժվում, դեռեւս հանրային պահանջ ձեւավորված չէ, որպեսզի իշխանությունն ու ռազմական ղեկավարությունը սկսեն այդ գործով զբաղվել, եւ մենք ունենանք պատշաճ պաշտպանական շրջաններ։ Նույնիսկ դրա նշանները չկան, որ մարդիկ այդպիսի մտահոգություններ ունեն կամ դրա մասին մտածում են։ Այսօր, ցավոք սրտի, սա է իրադրությունը։ Այդ իրադրության պատճառով են մեր հայրենակիցները զոհվում։ Ադրբեջանը կարող է կրակ արձակել, բայց եթե բետոնային կառույցներ լինեն շփման գծում, մեր զինվորներին ոչ մի վնաս չեն կարող պատճառել։ Տեսնում ենք, որ այդ պաշտպանությունը չկա, եւ ադրբեջանցիները երբ ուզեն, որտեղ ուզեն, կարող են առաջնագծում մեզ վնաս պատճառել, մեր հայրենակիցներին սպանել։ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանիցների համար «էստի համեցեք» դրություն է ստեղծել եւ շարունակում է դա քարոզել՝ պնդելով, որ պետք չէ թշնամուն առիթ տալ պատերազմ հրահրելու։ Եվ նույնիսկ հիմա մենք չլսեցինք Փաշինյանի այնպիսի դիրքորոշում, որը կարող էր պատերազմը կանխելուն ուղղված լինել։

Գուցե մարդկանց համար հասկանալի չէ՝ ես պարզաբանեմ։ Հայաստանի վրա հարձակվելու համար Ադրբեջանին հարկավոր է ունենալ երաշխիք, որ ՀԱՊԿ-ը չեզոք է մնալու։ Ադրբեջանն այսօր այդպիսի երաշխիք ունի։ Երկրորդ, իրեն հարկավոր է ունենալ երաշխիք, որ ՌԴ-ն չեզոք կման։ Այդպիսի երաշխիք եւս ունի։ Երրորդ, իրեն պետք է երաշխիք, որ Հայաստանի վրա հարձակման դեպքում Հայաստանի իշխանությունները դիմադրություն չեն կազմակերպելու։ Ձգտելու են հրադադար կնքել՝ թեկուզ տարածքների կորուստներով, բայց համազգային դիմադրություն չեն նախաձեռնելու։ Ոնց որ թե այդ երաշխիքը նույնպես Ադրբեջանի իշխանություններն ունեն։ Եթե Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարեր, որ Հայաստանն Ադրբեջանի հարձակման դեպքում դիմադրություն է ցուցաբերելու իր ողջ ուժերով, որ խզելու է ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական բոլոր պայմանագրերը, որ դիմելու է ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Եվրամիության մյուս պետություններին, ՆԱՏՕ-ին՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով, նման պայմաններում եւ Ռուսաստանի, եւ Ադրբեջանի համար վերանում է պատերազմ նախաձեռնելու շարժառիթը։ Կարծում եմ՝ հասկանալի է բոլորին, որ Հայաստանի վրա հարձակման դեպքում գլխավոր շահառուն, բացի Ադրբեջանից, նաեւ Ռուսաստանն է, որն ակնկալում է, որ իր զորքերը պետք է կանգնեն նոր շփման գծում եւ վերահսկողության տակ վերցնեն Հայաստանի ճանապարհներն ու դրանով ամբողջությամբ կախման մեջ դնեն Հայաստանը Ռուսաստանից։ Այսինքն՝ այդ դասավորության մեջ հասկանալի է, որ Հայաստանի վարչապետի հստակ եւ պարզ խոսքը, որ մենք այդ բոլոր քաղաքական խաղերը կանխելու կամք ունենք, կկասեցնեին թշնամու եւ մեր այսպես կոչված դաշնակցի քաղաքական խաղերը։ Բայց քանի դեռ դա չկա, վտանգը պահպանվում է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829