Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակներից ո՞րն է նախընտրում, «ինքնակամ տա՞լը», թե՞ «ուժով վերցնելը»․ «ՉԻ»

Փետրվար 17,2024 10:50

Ադրբեջանը շատ հստակ է ձևակերպում իր «օրակարգը» (կամ ինքնակամ տալիս ես, կամ ուժով եմ վերցնում), և երրորդ տարբերակ չի թողնում։ Հետևաբար, հարց է ծագում՝ այդ «օրակարգին» հավատարիմ Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակներից ո՞րն է նախընտրում, «ինքնակամ տա՞լը», թե՞ «ուժով վերցնելը»։

«Ուժով վերցնելու» տարբերակը նշանակում է նոր և լայնամասշտաբ պատերազմ, հետևաբար՝ ամենավառ երևակայության դեպքում անգամ հնարավոր չէ դա անվանել «խաղաղության օրակարգ»։ Մնում է ինքնակամ (Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «բանակցային եղանակով») տալու տարբերակը։ Այսինքն, «խաղաղության օրակարգին հավատարիմ մնալ»՝ նշանակում է ինքնակամ տալ այն, ինչ ուզում է Ադրբեջանը։ Ընդ որում՝ «այն, ինչ ուզում է»-ի վերջնական ցանկը հայտնի չէ և համալրվում է ամենօրյա ռեժիմով․ մեկառմիշտ հրաժարվել Արցախից, անկլավներ, «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցի փախստականների վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», «ռազմական հանցագործների» բացահայտում, ռազմատուգանքներ, հրաժարում պատմությունից, Սահմանադրությունից, պետական խորհրդանիշներից, Սփյուռքից, բանակի թվի և սպառազինության սահմանափակում, բնօգտագործման սահմանափակումներ, հրաժարում ինքնուրույն արտաքին քաղաքականությունից, հետագայում՝ գուցե ադրբեջաներենը երկրորդ պետական լեզու ճանաչելու պարտադրանք․․․ Ցանկը կարելի է երկար շարունակել, որովհետև Ալիևը ոչ երևակայության պակաս ունի, ոչ ախորժակի, ու եթե հայտարարում ես, որ պատրաստ ես հանուն խաղաղության վճարել ցանկացած գին՝ այդ «ցանկացածի» ծավալն անընդհատ մեծանալու է։ Ու ինչ-որ պահի, միևնույն է, պատերազմն անխուսափելի է դառնալու։

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժամանա՞կ է ձգում՝ ձևացնելով, թե իբր պատրաստ է զիջել ամեն ինչ, բայց իրականում թաքուն ուժեր է կուտակում, որպեսզի ինչ-որ պահի կարողանա վճռականորեն «ոչ» ասել Ադրբեջանին։ Տեսականորեն չի բացառվում, բայց համաձայնվեք՝ այդպիսի քաղաքականությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ոչ միայն ժամանակ ես ձգում, այլև փորձում ես այդ ժամանակն արդյունավետ օգտագործել։ Իսկ այսօրվա իշխանություններն ակնհայտորեն այդ ժամանակն օգտագործում են բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու և դրանից առավելագույն դիվիդենտներ ստանալու համար։

Այն դեպքում, երբ Ադրբեջանն այդ նույն ժամանակն օգտագործում է իր հաջորդ ագրեսիան լեգիտիմացնելու համար, այդ թվում՝ նաև Հայաստանի իշխանությունների անուղղակի աջակցությամբ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829