Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտանման պատմություն կար, որ տարբեր բնակավայրեր իրենց էին վերագրում: Ինչևէ, որտեղ եղած կամ չեղած լինելն այստեղ կարևոր չէ: Գյուղամեջում սյանն ամրացված ռադիոբարձրախոսը հաղորդում է, թե՝ այսպես ու այսպես, կաշառք վերցնելու համար այսինչ մինիստրին պաշտոնից հանել են ու բանտարկել: Գյուղացիներից մեկը արձագանքում է. «Վայ, քու յուրդը չբլի, այ մարդ, ախր ինչդ էր պակաս, զամմինիստրի պես ապրում էիր, էլի…»:
Հիմա իսկը էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Վահան Քերոբյանինն է: Ամենևին նկատի չունենք, թե Վահան Քերոբյանը թաթախված է կոռուպցիոն բնույթի արարքներում, ինչպիսիք նրան մեղսագրվում են՝ դատելով պաշտոնական լրահոսից ու նրան «տնային կալանքի» ենթարկելու որոշումից: Մենք, ի տարբերություն ՔՊ-ական կարկառունների, հարգում ենք անմեղության կանխավարկածը: Դատ կլինի (եթե իհարկե, բանը դատի հասնի), դատաքննություն կլինի (եթե այն փակ չլինի), կիմանանք:
Ինչ վերաբերում է «զամմինիստրի պես ապրելու» ակնարկին, ապա նկատի ունենք այն, որ Վահան Քերոբյանը, անկախ ամեն ինչից, լինելով հաջողակ բիզնեսմեն, 2020-ի պատերազմից ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո համաձայնեց աշխատել ձախողված, պարտության խորհրդանիշ դարձած, ձախորդություն, փորձանք, ավեր բերող Նիկոլ Փաշինյանի հետ, համաձայնեց դառնալ նրա ձևավորած կառավարության առանցքային նախարարներից մեկը, ստանձնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
Այստեղ նույնիսկ խոսքը սոցիալական վիճակի մասին չէ, այլ այն մասին, որ նա ինքն էլ տեսնում էր, որ այդ կառավարության օրերը, պատկերավոր ասած, հաշված են: Համենայն դեպս, Վահան Քերոբյանը պատրանքներ չուներ, և նրա՝ նման ընկալման մասին են վկայում նրա իսկ ձևակերպումները, որ արել է իր հրաժարականի հայտարարության կամ գրառման մեջ: Ահավասիկ, բաց թողնենք հեքիաթային ժանրին պատկանող «գլուխգովանության» հատվածներն ու չզլանանք և Վահան Քերոբյանի հրաժարականի հանրային տեքստի միայն այդ հատվածը մեջբերենք բառացի. «Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր»:
Կարդացեք նաև
Լավ, ամենը կամ շատ ու շատ բաներ դնում ենք մի կողմ, հապա էլ ինչո՞ւ, ավելի ճիշտ՝ հանուն ինչի՞ էիր «արանքը ճղած» ընթանում դեպի մի քանի օրվա կյանք ունեցող կառավարություն, իսկապես՝ մի՞թե «կապիտուլյանտ կառավարության» անդամ լինելը մի առանձնահատուկ գայթակղություն էր, որին անհնար էր դիմադրել:
Հա, ու անխուսափելիորեն, շատերը հենց այս՝ սոցիալ-կենցաղային ընկալման տիրույթում (նորմալ տիրույթ է, ի դեպ) վերծանեցին Քերոբյանի ասածն ու քիչ առաջ մեր նշածի տարբերակով հարցեր ու մեկնաբանություններ շրջանառեցին:
Բայց, մեր կարծիքով, Վահան Քերոբյանի այդ արտահայտությունը ոչ թե սոսկ հիշեցում էր, այլ առաջին հերթին կոնկրետ ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին: Ակնարկ էր առ այն, որ, ա՛յ Նիկոլ Փաշինյան, այն օրերին, երբ քո իշխանության օրերը, թվում էր, թե հաշված են, Վահան Քերոբյանը, այլ վահանքերոբյաններ ևս, կանգնեցին քո կողքին, օգնեցին քեզ, որ դուրս գաս ծանր վիճակից ու բունկերից (Օնիկ Գասպարյանի ականջը կանչի), մի խոսքով…
Իսկ հիմա, երբ Վահան Քերոբյանն է հայտնվել անախորժ իրավիճակում, Նիկոլ Փաշինյա՛ն, դու իրեն «փուռն ես տալիս»՝ ժողովրդական բառուբանով ասած:
Հետաքրքրաշարժ ակնարկ է, անկեղծ ասած: Բայց ախր այն ո՞ւմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանի՞ն: Լո՞ւրջ:
Այսինքն (չնայած, ի՞նչ «այսինքն», երբ փաստն ակնհայտ է), Հայաստանում կան անձինք, որոնք ամենայն լրջությամբ կարծում են, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ «գործ բռնել» ու մնալ անարա՞տ, չանվանարկվե՞լ, չվարկաբեկվե՞լ, «չքցվե՞լ», «փուռը չգնա՞լ»: Ինչպիսի՜ անլրջություն:
Մնում է միայն զարմանալ, թե նման ընկալումային հատկանիշներով Վահան Քերոբյանն ինչպես է բիզնես հիմնել ու այն զարգացրել, այն էլ՝ իր ու իր նախկին շեֆ Փաշինյանի կողմից «բոբոյացված» նախկինների ժամանակ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում