Սահմանադրական դատարան դիմած փաստաբանական գրասենյակի դիտարկմամբ, օրենսդիրը տարբերակում է դրել վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների միջեւ, երբ բողոքարկվում են քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտեր, մի դեպքում՝ 10.000 ՀՀ դրամ, իսկ մյուս դեպքում՝ այլ օրենսդրական կարգավորում նախատեսված չլինելու դեպքում՝ հայցապահանջով պահանջվող գումարի 5 տոկոսի չափով, ինչի հիմքով հակառակ կողմից գործին մասնակցող անձինք անհավասար, նվազ բարենպաստ իրավիճակում են հայտնվում այլ գործին մասնակցող անձանց հանդեպ՝ առանց օբյեկտիվ հիմքի:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 11-րդ կետի «ա» եւ «թ» ենթակետերի, 21-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի «գ» կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 393-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու մասին հարցով Սահմանադրական դատարան է դիմել «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊ ընկերությունը: Սահմանադրական դատարանը փետրվարի 13-ի աշխատակարգային որոշմամբ գործի քննությունը նշանակել է ապրիլի 23-ին: Գործով պատասխանողը՝ Ազգային ժողովն է:
Փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը «Առավոտին» երեկ ներկայացրեց, թե ինչու են դիմել Սահմանադրական դատարան: Դիմումը 19 էջ էր:
«Երեւան Ջուր» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» ՍՊ ընկերության գումարի բռնագանձման պահանջի մասին: Թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործով դատարանի 12.07.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Դատարանի նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել «Երեւան Ջուր» ՓԲ ընկերությունը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, դատարանի 12.07.2022 թվականի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է:
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանի 09.02.2023 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Փաստաբանական գրասենյակը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2023 թվականի որոշմամբ վերադարձվել է պետական տուրքի գումարը պակաս վճարված լինելու հիմքով: «Լեվ Գրուպ»-ը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՍԴ դիմելու վերաբերյալ միջնորդություններով:
Վճռաբեկ դատարանը պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը ոչ միայն մերժել է, նաեւ վճռաբեկ բողոքն է թողել առանց քննության:
Փաստաբանական գրասենյակը հղում էր կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետին, համաձայն որի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, եւ վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից եւ ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից: Իսկ նույն օրենքի նշյալ հոդվածի թ) ենթակետի ուժով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու եւ ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու, ինչպես նաեւ ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու եւ ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով:
Լ.Բաղդասարյանը կարծում է. «Հիշյալ իրավանորմի մեկնաբանման արդյունքում բաց են մնում վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու դեմ, ինչպես նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման արդյունքում կայացված մնացյալ եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար 20.000 ՀՀ դրամ դրույքաչափով պետական տուրք վճարելու հարցերը»:
Ըստ դիմումատու ընկերության՝ մինչ 2021թ. ապրիլի 19-ի թիվ ՀՕ-177-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի ուժով ոչ առեւտրային կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ հայցերով պետական տուրքից ազատված էին, իսկ նույն հոդվածի իմաստով սահմանված էր նաեւ, որ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք պետական տուրքի վճարումից ազատվում են դատարանի վճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար եւս. «Այսինքն, օրենսդրի տրամաբանությունը հանգել էր նրան, որ նույն հարցը շոշափող դատական ակտի վերաքննության կամ վճռաբեկության բողոքարկման փուլում համապատասխան կատեգորիայի անձը պետական տուրքից պետք է ազատվեր, կամ առնվազն վերադաս դատական ատյան բողոքարկման դեպքում պետական տուրքի դրույքաչափն էականորեն չտարբերվեր»։
Ասվածը հիմնավորելու համար դիմումատուն հղում էր կատարել ՍԴ որոշումներին, որոնցում Սահմանադրական դատարանն անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցերին (նշվել էին՝ ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143-Ռ.Մ.): Դիմումատուն նշել էր, որ 2021թ. ապրիլի 19-ի թիվ ՀՕ-177-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական տուրքի դրույքաչափերը փոփոխվեցին, եւ սահմանվեց, որ գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներով պետական տուրքի դրույքաչափը կազմում է 10.000 ՀՀ դրամ, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու եւ ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու, ինչպես նաեւ ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու եւ ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով պետական տուրքի գումարը կազմում է բազային տուրքի 20-ապատիկի չափով:
«Եթե պետական տուրքի դրույքաչափերի միջեւ տարբերություն չի դրվում գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման կապակցությամբ, մասնավորապես՝ սույն դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման բողոքարկման արդյունքում կայացված գործն ըստ էության չլուծող եզրափակիչ դատական ակտի եւ նույն գործով կայացվելիք վճռի՝ որպես գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտի միջեւ, առաջանում է իրավական անորոշություն, այդ թվում օրենսդրական բաց, որը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ եւ 78-79-րդ հոդվածներին՝ հաշվի առնելով, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի եւ անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ նման օրենսդրական մեկնաբանման եւ կիրառման արդյունքում էականորեն խաթարվում է վճռաբեկ բողոք բերող անձի արդար դատաքննության եւ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները՝ կապված պետական տուրքի գումարի զգալի չափի էական տարբերության հիմքով պետական տուրքի գումարը չվճարելու արդյունքում բողոքարկման իրավունքի սահմանափակմամբ, քանի որ գործին մասնակցող մի անձի համար վերաքննիչ բողոք բերելու դրույքաչափը սահմանվել է 10.000 ՀՀ դրամ, իսկ հակառակորդ գործին մասնակցող անձի համար հիշյալ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված եզրափակիչ դատական ակտի համար՝ հայցապահանջով պահանջվող դրամական գումարի 5 տոկոսը, որով գործին մասնակցող անձը նույն հարցի վերաբերյալ վերադաս բարձր դատական ատյան դիմելու համար հայտնվում է անհավասար եւ նվազ բարենպաստ իրավիճակում հակառակորդ գործին մասնակցող անձի հանդեպ» նշում է դիմումատու ընկերությունը: Այսինքն, այս գործով, երբ վերաքննիչ բողոք «Երեւան ջուրն» է բերել, նա պետտուրք է վճարել 10 000 դրամ, իսկ երբ փաստաբանական գրասենյակն է բողոք բերել՝ 20 000 դրամ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2024