Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար առաջնայինը առանց կոմպրոմիսի պրոֆեսիոնալիզմն է»

Փետրվար 17,2024 12:00

Թավջութակահար Հայկ Սուքիասյանի ձեւակերպմամբ, հաջողությունն ամեն մարդու դեպքում տարբեր է, ինչպես մատնահետքը

Վերջերս Երեւանում էր Եվրոպայում բնակվող թավջութակահար Հայկ Սուքիասյանը, որը հաջողությամբ ելույթներ է ունենում միջազգային հեղինակավոր բեմերում, սիմֆոնիկ նվագախմբերի հետ եւ կամերային անսամբլներում, հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի ու դիրիժորների հետ: Հայկ Սուքիասյանը ելույթներ է ունեցել մի շարք հանրահայտ դահլիճներում, այդ թվում՝ Konzerthaus Berlin, Semperoper Dresden, HՊndel Halle, Stiftung Mozarteum Salzburg, Salle Cortot Paris, National Auditorium of Madrid, Teatro Real Madrid, Kursaal San Sebastian, L’Auditori Barcelona: Որպես կամերային երաժիշտ՝ նա ի թիվս այլոց, հանդես է եկել Անն-Սոֆի Մութերի, Նատալյա Պրիշեպենկոյի, Դիմուտ Պոպենի, Մարի Էլիզաբեթ Լոտի, Զախար Բրոնի, Ֆելիքս Ռենգլինի, Մասիմո Մերչելլիի հետ:

Աննե-Սոֆի Մուտտերի հետ

«Առավոտը» երաժշտից հետաքրքրվեց՝ շատ բեղմնավոր գործունեություն է ծավալում, պարբերաբար համերգներ է ունենում տարբեր երկրներում, շփումներ՝ դասական երաժշտության ոլորտի ամենահնչեղ անունների հետ, ինչպե՞ս է հասել այս ամենին: «Այդ ամենին հասել եմ քրտնաջան աշխատանքի միջոցով: Գիտե՞ք՝ շատ վտանգավոր է մտածել,  թե ինչ-որ բանի հասել ես, պարզապես պետք է մտածել, որ դա շարունակական գործընթաց է, մարդ պետք է կարողանա անընդհատ աշխատել իր պրոֆեսիոնալիզմի վրա, ինչի հիմքում ընկած է աշխատանքը»,-նշեց թավջութակահարը:

Զուբին Մետայի, Պլասիդո Դոմինգոյի եւ սոլիստների հետ՝ Թագուհու 80-ամյակին նվիրված համերգից հետո

Հայկից հետաքրքրվեցինք՝ իր կյանքում եղե՞լ են բախտորոշ դիպվածներ, հանդիպումներ, որոնք անդրադարձել են իր կարիերայի վրա: Երաժիշտն ասաց, որ առանց դիպվածների եւ բախտորոշ հանդիպումների հնարավոր չէ, ուղղակի ճիշտ չի համարում մի քանիսին առանձնացնելը: Ընդգծեց, որ այդ հանդիպումները եղել են սկսած իր պատանեկան տարիներից, մարդիկ ոգեշնչել են խորապես ուսումնասիրել այն ամենը, ինչ կապված է թավջութակի, երաժշտության, արվեստի ու կյանքի հետ: Նա նախ իր ուսուցիչներին հիշեց. «Սկսել եմ Սայաթ Նովայի դպրոցից, որտեղ Աշոտ Այվազյանից հետո ամենաերկարը Տիրուհի Սարգսյանի մոտ եմ սովորել: Այնուհետեւ կոնսերվատորիայում Արմեն Մեսրոպյանի դասարանում: Այդ տարիներին նաև կարևոր դեր են խաղացել Ալեքսանդր Չաուշյանի, Էդուարդ Թոփչյանի, Կարեն Քոչարյանի, Ռուբեն Ասատրյանի, Ռամոն Յաֆֆեյի, ինչպես նաև Խաչատրյանի տրիոյի անդամների հետ ստեղծագործական շփումները… Շատ-շատ հանդիպումներ են եղել, օրինակ՝ Իվան Մոնիգետի (2017 թվականի աշնանը Հայկը ընտրվել էր Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia-ի կատարելագործման ծրագրի ուսանող՝ աշխարհահռչակ թավջութակահար, պրոֆեսոր Իվան Մոնիգետտիի դասարանում), Պլասիդո Դոմինգոյի, Սթիվեն Իսերլիսի, Նատալյա Պրիշեպենկոյի, մեր հայրենակից Նարեկ Հախնազարյանի, և իմ այժմյան մենթոր Սոլ Գաբետտայի հետ…»:

Սթիվեն Իսերլիսի հետ

Մեր հարցին, որ 2019 թ.  Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը, երկու անգամ պարգեւատրվել է Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից, Ֆելիպե 6-րդ թագավորի դիպլոմին է արժանացել, նման պահերին ի՞նչ զգացողություն է ունենում, եւ ընդհանրապես ինչպե՞ս է վերաբերվում մրցույթներին, մեր զրուցակիցը նշեց, որ մրցույթների ավելի շատ մասնակցել է պատանեկան տարիքում: Հավելեց, որ առանձնապես տարված չէ մրցույթներով, բայց միեւնույն ժամանակ կարծում է, որ ինչ-որ առումով դրանք խթան են հանդիսանում՝ ավելի լավ աշխատելու համար: Հայկ Սուքիասյանի ձեււակերպմամբ, իրեն ավելի դուր են գալիս մեծ երաժիշտների հետ շփումները, նրանց հետ նվագելը, քանի որ դա շատ ավելի մեծ դպրոց է, քան ցանկացած մրցույթ:

Ֆելիպե 6-րդ թագավորի կողմից դիպլոմը

Հարցրինք՝ կա՞ն կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, որոնք իր համար այցեքարտային են: «Շատ երաժիշտներ ունեն նման ստեղծագործություններ, որոնք այցեքարտային են համարում, ես գերադասում եմ բազմակողմանի լինել, աշխատում եմ նվագել բոլոր ժամանակների երաժշտությունը: Ունենք ամեն սերնդի` արդեն դասական դարձած և երիտասարդ հրաշալի կոմպոզիտորներ»,-ասաց թավջութակահարը:

Դառնալով տարբեր երաժիշտների հետ շփումներին, Հայկ Սուքիասյանն ասաց, որ յուրաքանչյուր շփում հարստացնում է իրեն, եւ այդ առումով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիների շփումները բացառություն չեն: Հիշեց նաեւ Մեդեա Աբրահամյանին եւ Արմեն Մեսրոպյանին, ասաց, որ ջերմ հուշեր ունի նրանց հետ կապված:

Խոսելով հնագույն գործիքի մասին, որով ներկայումս նվագում է, Հայկը նշեց. «Ինձ համար մեծ երջանկություն է այդ գործիքով նվագելը, այն ասես իմ ընկերը լինի, դա 1660-1670-ականներին Ջիովանի եւ Ֆրանչեսկո Գրանչինոյի կողմից պատրաստված գործիք է: Այդ գործիքն ինձ օգնում է արտաբերելու այն, ինչ ուզում եմ հասցնել ունկնդրին: Հուսով եմ, որ կհաջողվի մի քիչ ավելի երկար նվագել այդ գործիքով»:

Զախար Բռոնի հետ

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է իր հաջողության գրավականը եւ իրեն համարո՞ւմ է հաջողակ մարդ: «Ես ինձ համարում եմ քրիստոնյա մարդ: Ինչ վերաբերվում է հաջողության երաշխիքին կամ գրավականին, իմ կարծիքով, ամեն մարդ ունի իր ուժեղ կողմերը, ինչպես եւ մեդալի հակառակ կողմը: Կարեւոր է հավաքվել ու հասկանալ, թե ինչպես կարող ես ծառայել հանդիսատեսին…Մի խոսքով, երաշխիք գոյություն չունի, բայց կա մեկ այլ բան՝ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը: Դա իհարկե իր ուժն ունի եւ ճակատագրի հարց է: Բայց ինձ համար առաջնայինն առանց կոմպրոմիսի պրոֆեսիոնալիզմն է: Ինձ շատ են հարցնում հաջողության գրավականի մասին: Կարծում եմ՝ դա ամեն մարդու դեպքում տարբեր է, ինչպես յուրաքանչյուրի մատնահետքը, բնավորությունը»,-պատասխանեց Հայկ Սուքիասյանը:

Նա ասաց, որ ցանկացած համերգն իր ընկալմամբ ասես ծես լինի, անչափ կարեւորում է, որ ասելիքը հասնի ունկնդրին, նրա հոգին փառավորվի: «Երաժիշտ կա, որ ավելի շատ իրեն է ուզում ներկայացնել, քան այն երաժշտությունը, որ կատարում է, ինձ համար առաջնահերթությունը  երաժշտությունն է եւ կոմպոզիտորի լեզուն ու այն միտքը, որ փորձում է փոխանցել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մեննահեմ Պրեսսլերի հետ

Հայաստանի մասին խոսելիս թավջութակահարը նշեց, որ վերջին անգամ 2015-ին է համերգով հանդես եկել: Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել էր Բելգիայի Կաթոլիկ համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, եւ որպես մենակատար՝ Հայկը հրավիրվել էր նվագելու Սեն-Սանսի թիվ մեկ կոնցերտն ու Վաչե Շարաֆյանի թավջութակի եւ նվագախմբի համար գրված սյուիտի վերջին՝ «Հաջորդ օրը» կոչվող մասը: Թավջութակահարն ասաց, որ այս պահին Հայաստանի հետ կապված ծրագրեր չկան, բայց ինքը միշտ բաց է համագործակցության համար. «Հուսով եմ, որ ապագայում կլինի նախագաիծ, որին ես եւս մասնակից կլինեմ: Հատկապես հայրենիքում հանդես գալը ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է»: Ինչ վերաբերվում է հայ կոմպոզիտորների հետ համագործակցությանը, այս մասին էլ նշեց. «Ունենք հրաշալի կոմպոզիտորներ: Պատիվ եմ ունեցել մաեստրո Տիգրան Մանսուրյանի համար նվագել, աշխատել եմ Վաչե Շարաֆյանի, Արսեն Բաբաջանյանի հետ, առիթ եմ ունեցել նվագելու Արթուր Ավանեսովի հետ»:

Հայկ Սուքիասյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ Երեւանի հետ իր զգացմունքային կապին, հիշեց իր երեւանցի Սամվել պապին, որը երեխա ժամանակ իրեն ուղեկցում էր թավջութակի դասերի. «Թավջութակն ինձանից մեծ էր, պապիկն էր տանում գործիքը ու ճանապարհին խոսում էինք քաղաքից, մարդկանցից, երաժշտությունից: Ցավոք, նա այժմ չկա, եւ երբ վերադառնում եմ Երեւան, նոստալգիկ զգացողություններ եմ ունենում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Իսպանիայի թագուհին եւ Հայկ Սուքիասյանը՝ պարգեւատրման արարողության ժամանակ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829