Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային դատարաններում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը միտված մեր աշխատանքը պետք է ուժեղանա». Արմինե Տիգրանյան

Փետրվար 17,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ, ՀՊՏՀ դասախոս, Արցախի մշակութային ժառանգություն մշտադիտարկում ծրագրի գիտաշխատող, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ Արմինե Տիգրանյանը։

«Միջազգային խաբկանքը, որ ստեղծվել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության պատմության կեղծման ուղղությամբ, տարակուսանքի տեղիք է տվել միջազգային հարթակում, եւ Եվրոպական խորհրդարանում համաժողովը նախաձեռնել էին, որ նաեւ պատմական անկախ գիտական ճշմարտություն փորձեին վեր հանել եւ հասկանային, թե ի վերջո Ադրբեջանի զեղծարարության քաղաքականության ակունքները որտե՞ղ են գտնվում»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց ԵՊՀ, ՀՊՏՀ դասախոս, Արցախի մշակութային ժառանգություն մշտադիտարկում ծրագրի  գիտաշխատող, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ Արմինե Տիգրանյանը։

Հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանում տեղի էր ունեցել «Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը՝ ԵԺԿ խմբակցության եւ պատգամավոր Միրիամ Լեքսմանի նախաձեռնությամբ։ Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգությունը. պաշտպանության մեխանիզմները ժառանգության պահպանության միջազգային համակարգում» գիտական աշխատանքի հեղինակ, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, «Եվրոպա Նոստրա» կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։ Արմինե Տիգրանյանը նշեց՝ համաժողովից առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունել էր չորս բանաձեւեր, որոնցից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» 2022 թվականին ընդունված  բանաձեւն էր (N 2582), որն ամբողջությամ վերաբերում է ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացմանը, մնացած երեքի (Եվրոպական խորհրդարանի՝ 2021 թ. մայիսի 20-ի հայ ռազմագերիների մասին բանաձեւը (N 2693), Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւը (N 2391), Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» N 2517  բանաձեւը` ընդունված 2023 թվականի հոկտեմբերի 12-ին) հոդվածներում դա արձանագրվում է։ Ուստի այս համաժողովը այդ բանաձեւի արձագանքն էր։ Համաժողովի  առանցքում հատկապես հոգեւոր արժեքների  պահպանությունն էր եւ այն խնդիրները, որ այսօր Ադրբեջանն իրականացնում է՝ փորձելով  խեղաթյուրել  հայկական արժեքները։

Մեզ հետ զրույցում փորձագետն ասաց. «Մի կողմից Ադրբեջանը փորձում է ոչնչացնել մշակութային ժառանգությունը, եւ այդ քաղաքականության արդյունքում արդեն մի քանի եկեղեցիներ օկուպացված տարածքներում ոչնչացված են՝ այդ թվում Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Ջեբրայիլի (Մեխակավանի) Սուրբ Աստվածածին եկեղեցիները հիմնահատակ ավերվել են, ոչնչացված են մի շարք խաչքարեր, պատմական գերեզմանոցներ։ Գոյություն ունի ադրբեջանական քաղաքականության մեկ այլ կողմ՝ յուրացումը. պղծվում են եկեղեցիները, հռչակվում են աղվանական, եւ աղվանա-ուդիական, ադրբեջանական փոքրամասնություն կազմող կրոնական համայնքը ծեսեր է իրականացնում։ Սա նույնպես շատ վտանգավոր քաղաքականություն է, որովհետեւ օտարում է արժեքների ինքնությունը»։ Արմինե Տիգրանյանն ասաց՝ համաժողովին հրավիրվել էին ոչ միայն քաղաքական գործիչներ, այլեւ այն ուներ ակադեմիական բնույթ։ Փորձագետը նկատեց՝ սովորաբար նման քննարկումներում ավելի թիրախային է այն, թե ինչ է հնչում այդ պահին, եւ դրանով սահմանափակվում են։ Բայց այս անգամ նրանց ուշադրությունը հրավիրված էր հատկապես գիտական կողմին։

Արմինե Տիգրանյանի «Արցախի հայկական մշակութային ժառանգությունը. պաշտպանության մեխանիզմները ժառանգության պահպանության միջազգային համակարգում» գիրքը, որը հրատարակվել էր ՎԷՄ համահայկական հանդեսի կողմից՝  Վէմ թիվ 6-րդ մատենաշարով, բաժանվել է Եվրոպական խորհրադարանի պատգամավորներին եւ հրավիրված հյուրերին։ Գրքի գիտական խմբագիրը պգգգդգ պրոֆգ Համլետ Պետրոսյանն է։ Մեր զրուցակիցն ասաց՝ գրքում մանրամասն քննված են 2020-ից հետո Ադրբեջանի կողմից իրականացված՝ ժառանգության հետ կապված ոչնչացումները։ Ներկայացված են նաեւ միջազգային բոլոր այն օրենքները, որոնք պաշտպանում են այդ արժեքները։

Արմինե Տիգրանյանը կարեւորեց նաեւ Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչ Պիեռ դ՛Աղժանի ելույթը, որով նա փաստել է՝ Ադրբեջանը հերքում է հայկական մշակութային ժառանգության գոյությունը եւ զբաղված է իրականությունը խեղաթյուրելով. «Նա նշեց՝ Ադրբեջանն այսօր հայելային քաղաքականություն է իրականացնում, որը շատ վտանգավոր է։ Այսինքն՝ եթե ՀՀ-ն որեւէ  հայցով դիմում է Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ, Ադրբեջանը գտնում է այդ նույն հոդվածով հակադարձելու տարբերակը։ Հակընդդեմ հայցերով այսօր Ադրբեջանը նույնիսկ գերակշռում է։ Թվում է՝ մի  կողմից մեր դատական հայցերը բավարար են, որ Ադրբեջանը պատժվի, բայց մյուս կողմից հակընդդեմ հայցերն այնքան բազմազան են, որ միջազային իրականության դատական համակարգը կոլապսի է ենթարկվում»։

Համաժողովի ընթացքում բաց տեքստով խոսվել է, որ թեեւ Եվրոպան այսօր կախված է ադրբեջանական նավթից ու գազից, եւ սա կենսական անհրաժեշտության կարիք է, բայց այդ կարիքը չպետք է ոչնչացնի մարդու իրավունքների եւ մշակութային ժառանգության պահպանումը. «Այսինքն՝ մի կողմից այսօր ԵՄ-ն Ադրբեջանից կախված են էներգետիկ ռեսուրսներով, մյուս կողմից չի կարող եւ չպետք է հանդուրժի գլոբալ այն խնդիրը, որ Արցախի ժառանգության ոչնչացումը համամարդկային աղքատացում է, համամարդկային ժառանգության ոչնչացում։ Սա հենց այն թեզն է, որը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է առաջ քաշում։ Այսինքն՝ ժառանգությունը, ճիշտ է, պատկանում է որեւէ հանրույթի, բայց այն համաշխարհային, ընդհանուր մշակութային բազմազանության մի մասն է, եւ չի կարելի աղքատացնել մոլորակն իր եզակի արժեքներից»։

Արմինե Տիգրանյանը նաեւ կարեւորեց ֆրանսիացի պատգամավորի այն արձանագրումը, որ Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունն էթնիկ զտում է։ Միջազգային իրավական համակարգում էթնիկ զտումը չունի իրավական ձեւակերպում, բայց այն համալիր հանցագործությունների շարք է, որում ներառված է եւ’ ցեղասպանությունը, եւ’ տեղահանությունը, եւ’ մարդու իրավունքների խախտումները, եւ’ պատերազմական հանցագործությունները. «Էթնիկ զտում անվանել Ադրբեջանի  քաղաքականությունը միջազգային նմանատիպ բարձր կառույցի պատգամավորի կողմից, արդեն լուրջ ազդակ է»։

Ըստ Արմինե Տիգրանյանի՝ նաեւ կարեւոր էր այն, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հստակ համարվել է պետական։ Նա ընդգծեց. «Մի բան է, երբ հպանցիկ, անհանդուրժողականության պահի տակի ազդեցության պարագայում է մի բան լինում, բայց այլ է, երբ Եվրոպական խորհրդարանը հստակ արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից հայատյացությունը եւ մշակութային ժառանգության ոչնչացումը պետականորեն ընդունված հստակ քաղաքականություն է, որը հարյուրամյա պատմություն ունի։ Նաեւ արձանագրվեցին Նախիջեւանի դեպքերը, եւ այսօրվա ոչնչացումները կապվեցին Նախիջեւանի անպատժելիության հետ։ Այսինքն՝ արձանագրվեց, որ եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատժեր, աշխարհը եթե հստակ դատապարտեր Նախիջեւանի 15 հազար խաչքարերի, 20 հազար տապանաքարերի, 130 եկեղեցիների ոչնչացումը՝ 4-17 դգդ-ի, այսօր մենք  չէինք ունենա այս իրականությունը։ Եթե 2020-ից հետո աշխարհը գոնե պատժեր Ադրբեջանին, կամ Հաագայի արդարադատության  դատարանի որոշումները կիրառվեին, կրկին չէինք ունենա այս իրավիճակը։ Անպատժելիության գաղափարը եւս հստակորեն արձանագրվեց»։

Հետաքրքրվեցինք՝ ինչ-որ փաստաթուղթ ընդունվե՞ց, որ հետո ԵՄ գործադիր մարմիններին ներկայացվի, Արմինե Տիգրանյանը հայտնեց՝ որոշվել է ընդունել համատեղ հայտարարություն, որի հիմքի վրա հնարավոր է լինի Եվրոպական խորհրդարանի նոր բանաձեւ կամ նոր որոշում, որը կունենա որոշակի մեխանիզմներ. «Այդ փաստաթղթի առանցքում պետք է լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջան անաչառ այցելությունը եւ ժառանգության ներկա վիճակի գնահատումը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտականությունն է»։

Մշակութային ժառանգության փորձագետը զրույցի ընթացքում փաստեց՝ Եվրոպական խորհրդարանը միջազգային այն քաղաքական կառույցներից է, որը միշտ օրակարգում է պահում Արցախի ժառանգության պաշտպանության հարցը։

 

Մեր այն դիտարկմանը՝ թեեւ փաստ է, թե ինչ մեծ գործ է անում Եվրոպական խորհրդարանը, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ այս կառույցը որոշում ընդունող մարմին չէ եւ հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ պետք է նաեւ ինչ-որ վերանայումներ արվեն, որ լինեն ոչ միայն հայտարարություններ եւ արձանագրումներ, այլեւ կոնկրետ պատժիչ գործողություններ ընդդեմ Ադրբեջանի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համաձայն եմ՝ Եվրոպական խորհրդարանը չունի լծակներ, որ պատժի կամ կասեցնի կամ լուրջ դերակատարություն ունենա, բայց այդ կառույցը փոխում է միջազգային խոսույթը, ձեւավորում միջազգային այլ խոսույթ, որը հստակ արձանագրում է, որ Ադրբեջանը դեմ է գործում Արցախի ժողովրդի մշակույթի իրավունքներին։ Այն աշխարհի երկրորդ ժողովրդավարական կառույցն է. 490 միլիոն մարդու ձայն է ներկայացնում։ Այդ տեսանկյունից, եթե այդ կառույցը արդեն փոխել է իր խոսույթը, դա կարեւոր է, բայց դա ծովից մի գդալ ջուր է, եւ սա չի կարող ազդել այն քաղաքականության վրա, որն այսօր Ադրբեջանն է վարում։ Համոզված եմ՝ ՀՀ-ն պետք է ուժեղ, կարծում եմ՝ նույնիսկ բաց տեքստով հանդես գա։ Ադրբեջանին դատապարտման այդ տեքստերն այսօր չկան։ Այսօր լայն զանգվածներին հասանելի չէ, թե 2 օր առաջ ինչ եկեղեցի, պատմական ինչ գերեզմանոցներ են ոչնչացվել, կամ ամենօրյա տառապանքը տեղահանված արցախցիների, մշակույթի իրավունքի խախտումները։ Այսօր այդ թեզերը պետք է ամենօրյա կտրվածքով այնքան հնչեն, որ սովորական լինեն միջազգային տարբեր դերակատարների համար, որ Ադրբեջանի դերը լինի հակադարձելը մեր թեզերին»։

Արմինե Տիգրանյանի փաստմամբ՝ այսօր Արցախի ժառանգության պաշտպանության մեծ խնդիրը դրված է հիմնականում անհատների, նվիրյալ մարդկանց ուսերին։ Հարցին՝ Ձեր փորձագիտական կարծիքը չե՞ք տրամադրում պետական մարմիններին, պատրա՞ստ են լսել, նա ասաց, որ ինքն անկախ փորձագետ է, զբաղվում է գիտությամբ եւ հետազոտում այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը անկախ, անաչառ տեսանկյունից. «Իմ խնդիրը քաղաքականությունը չէ։ Մենք մեր գործով ենք զբաղվում, մենք հետազոտում, ուսումնասիրում ենք, բարձրացնում ենք խնդիրներ, որը համալիր կերպով կարող է ներկայացվել միջազգային դատարաններին եւ կառույցներին»։

Արմինե Տիգրանյանն ասաց՝ Պիեռ դ’Աղժանի հետ համագործակցելու են եւ պետք է ներկայացնեն Ադրբեջանի ոչնչացումները միջազգային դատարաններ. «Այն աշխատանքը, որ արվում է MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակի կողմից, որը նաեւ ներկայացվում է իմ գրքերում, իմ գիտական հոդվածներում, պետք է այսօր արդեն ուղիղ կերպով հասնի մինչեւ միջազգային դատարաններ։ Հռոմի կանոնադրությունը միակ միջազգային փաստաթուղթն է, որը մարդկայնության դեմ ծանր հանցագործություններն է քննում, ու այսօր Արդարադատության միջազգային դատարանը միակն է, որ որպես քրեական հանցագործ կարող է պատժել Ադրբեջանին։ Հռոմի կանոնադրությունը մենք պետք է՝ որպես պետություն դնենք օրակարգում՝ որպես առաջնային հարց ու այդ կանոնադրության բոլոր կետերին անդրադառնալով՝ պետք է ստեղծվի մի կարեւոր թիմ, որը մի ուղղությամբ կզբաղվի տեղահանության, մյուսը՝ ժառանգության հարցերով, մյուսը՝ ռազմական հանցագործությունների հարցերով, ու համալիր կերպով կդիմեն այդ դատարանին։ Կարծում եմ՝ միջազգային դատարաններում մեր աշխատանքը պետք է ուժեղանա, պետության խոսույթը պետք է պաշտպանվողականությունից վերածվի ավելի առաջնորդականի, եւ պետք է յուրաքանչյուր ոլորտ օգտագործի մյուսի արած աշխատանքը, այլ ոչ թե յուրաքանաչյուրը գործեն առանձին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829