ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չնայած տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ Վահան Քերոբյանի հետ ունեցել ենք տարբեր կարծիքներ, ընդհուպ՝ հրապարակային թեժ բանավեճեր, այդուհանդերձ, նրան համարում եմ Հայաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ նախարարներից մեկը: Միշտ ասել եմ, որ նա տարբերվում է համարձակ մոտեցումներով, նախաձեռնողականությամբ, իր կարծիքն անկաշկանդ արտահայտելու և իր գաղափարների համար «կռիվ տալու» հատկությամբ, սկզբունքայնությամբ և զարմանալի աշխատասիրությամբ:
Ու չնայած նշածս որոշ հարցերում տարբեր կարծիքներին՝ Վահանի հետ շատ արդյունավետ աշխատել ենք բազում նախագծերի շուրջ, որոնք նպաստել են մեր տնտեսական աճին, ներդրումների ներգրավմանը, մեր երկրի բիզնես միջավայրի բարելավմանը և ճանաչելիության բարձրացմանը:
Այս մասին ասել եմ թե՛ գործընկերներիս հետ մասնավոր զրույցներում, թե՛ հրապարակային՝ տարբեր հարցազրույցներում: Սակայն որոշ ԶԼՄ-ներ հանկարծ հիշել են իմ և Քերոբյանի տարաձայնությունների մասին, իսկ որոշ մարդիկ չարախնդում կամ ծաղրում են նրա 3 տարվա աշխատանքը: Ինչ-որ իմաստով այս գրառումս կարող եք դիտարկել նաև որպես արձագանք և հիշեցում:
Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, երբ անգամ հին թիմակիցներից ոմանք դժվար պահին հեռացան, և այս 3 տարիների ընթացքում շատ բան է արել մեր երկրի համար:
Իսկ հարուցված քրեական գործի մասին կարծիք չեմ հայտնում և չեմ հայտնի. դա իմ իրավասություններից դուրս է՝ պրոցես է ընթանում, ավարտվելուց հետո ամեն ինչ պարզ կլինի»: