Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի անդամներից 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մտել է եզրափակիչ ու Հին Աշխարհամասի չորրորդ չեմպիոնական տիտղոսի համար վաղը գոտեմարտելու է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմետ Կարամուսի հետ։ Հատկանշական է, որ Արսենը կիսաեզրափակչում մեկուկես րոպեում 10։0 հաշվով բացահայտ առավելության էր հասել ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։
Ոսկե մեդալի համար պայքարելու է նաեւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, որի մրցակիցը լինելու է Վրաստանը ներկայացնող Արակի Կեմերտելիձեն։
65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը անսպասելիորեն անհաջողության մատնվեց քառորդ եզրափակչում եւ սփոփիչ գոտեմարտում պայքարելու է բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք ստանալու համար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ