ՀՀ վարչական դատարանի Երեւանի նստավայրում դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ այսօր կայացավ «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՌՀ-ի՝ 2023 թ․ դեկտեմբերի 20-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով նիստը, որն ընթացավ հատուկ վարույթի ընթացակարգով։
ՀՌՀ-ն ռադիոընկերության լիցենզիան մեկ ամսով կասեցրել էր այն բանի համար, որ անցած տարեվերջին ուղիղ հեռարձակմամբ «Երեկոն Տիգրան Կեսոյանի հետ» հաղորդման եթերում ռուսաստանաբնակ Տիգրան Քյոսայանն իր մենախոսության ժամանակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի, այսօրվա Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին, ինչը ռադիոընկերությունը անմիջապես չի կանխել։
Ռադիոընկերության ներկայացուցիչն իր խոսքում նախ նշեց, որ հեռարձակողը միանշանակ դեմ է եթերում նման արտահայտություններ հնչեցնելուն եւ որպես հաստատում ընդգծեց, որ նախ այդ հաղորդումը՝ մասնավորապես, եւ տվյալ հաղորդաշարը՝ ընդհանրապես, եթերից ընդմիշտ հեռացվել են, եւ երկրորդ, որ հաղորդումը եթեր է գնացել ուղիղ հեռարձակմամբ, այդ արտահայտությունները տեւել են մի քանի րոպե եւ իրենք գործնականորեն չէին կարող այդ ընթացքում արագ կողմնորոշվել ու այդ հատվածի ուղիղ հեռարձակումը ակնթարթորեն դադարեցնել։
Կարդացեք նաև
Դատարանը լսեց նաեւ ՀՌՀ ներկայացուցիչների հիմնավորումները, որից հետո նիստը հայտարարվեց փակված։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի ս/թ․ մարտի 4-ին՝ պաշտոնական կայքի միջոցով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ