Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Եղիազարյանը մի ճակատագրական, ոչ մարդկային և ոչ Կարմիր խաչին հարիր քայլ արեց»․ Մխիթար Մնացականյան

Փետրվար 16,2024 20:44

«Ես ցավ եմ ապրում, նույնիսկ անհարմար զգում, որ այսպիսի մեծ ու կայացած կառույցը այսպիսի խնդիր ունի»,-Հայկական կարմիր խաչի ընկերության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կազմակերպության նախագահ Մխիթար Մնացականյանը՝ անդրադառնալով կազմակերպության ներսում եղած տարաձայնություններին։

Հիշեցնենք՝ երեկ հայտարարություն տարածվեց,  որ Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ։

Մինչդեռ փաստաբանը պնդեց, որ այդ նիստը իրավաչափ չէր կարող լինել։

Անդրադառնալով իր ու կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հարաբերություններին՝ Մխիթար Մնացականյանն ասաց․ «Աշխատանքային վիճակ էր, եղել է, որ դիտողություններ, հարցեր են եղել, որպես նախագահ իրեն կշտամբել եմ կամ ուշադրություն եմ դարձրել աշխատանքային ռեժիմով, մասնավորապես տենդերային աշխատանքը, ձևը, որ կատարում էր, մի քիչ հարմար չէինք գտնում։ Մինչդեռ ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համահունչ։ Կան նաև այլ դետալներ»։

Մխիթար Մնացականյանը Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահն է 1994-ից։ Նա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ավարտում է ծառայությունը․ «Կընտրվի հաջորդը, թող Աստված իրեն հաջողություն տա։ Աննա Եղիազարյանը մի ճակատագրական, ոչ մարդկային և ոչ Կարմիր խաչին հարիր քայլ արեց։ Մենք անկախության, չեզոքության և անկողմնակալության գաղափարներով օժտված ենք։ Մեր խարտիան է դա։ Երբ ինքն առանց նախագահության որոշման, որը կանոնադրորեն իրավաչափություն չուներ, օր ու ժամ են նշանակում, դրա հետ միասին կից գրությամբ գրում է, որ ես հաջորդ նախագահը լինելու ձեռնոց եմ նետում, միգուցե դա իրավական դաշտում նորմալ է, բայց բարոյականում նորմալ չէ։ Էլի գնացեք, ընդունեք։ Ես ընդունում եմ, սա կազմակերպություն է, որը ոչ մեկի սեփականությունը չէ, բայց անկողմնակալ և չեզոք դաշտում լինի։ Չէ՞ որ մեկ այլ երիտասարդ կարող է ավելի մեծ ներդրում ունի, ինչո՞ւ եք նրա դեմ ճանապարհը փակում։ Աննա Եղիազարյանը տարիներ շարունակ այդ նույն մարդկանց հետ է աշխատում․ ճանաչելիությունը, շփումը մեծ էր։ Բայց ինձ համար խորթ էր, որ ես 40 հոգու փոխարեն այնտեղ 100-ից ավել մարդ եմ տեսնում։ Ի՞նչ է դա, շոո՞ւ է, ի՞նչ է։ Ոչ մի անգամ ոչ մի համագումար այդպես չի անցել 25 տարվա մեջ։ Բոլորը գալիս են իրենց վկայականներով և իրավունք ունեն միայն նրանք մտնել։ Մնում էր որոշումն արդեն ձեռքով թռցնեին։ Չի կարելի։ Կարմիր խաչը սպորտային մարմնամարզություն չէ։ Դա, իհարկե, շոու էր․ շատերը չհասկացան։ Չէ՞ որ բավականին լուրջ մարդիկ, էլի նոր անդամներ, որոնք չէին ներկայացել, համաձայն չէին այդ որոշումների հետ։ Երևանը, Գյումրին չեն մասնակցել, սահմանամերձ ամենածանր գոտին՝ Գեղարքունիքը, չի մասնակցել, նրանք պրոտեստ են անում՝ առանց մեզ ի՞նչ որոշում եք կայացնում»։

Ըստ Մխիթար Մնացականյանի՝ Աննա Եղիազարյանն անհանգստացել է, որ օրինական նախագահության պահանջը չլինի, որովհետև օրինական պահանջը բյուջե, անելիք, գալիք ծրագիր, այլ խնդիրներ, որոնք պետք էր ներկայացնել մինչև համագումարը, որոնք կամ պատրաստ չէին, կամ էլ չեմ ուզում ուրիշ ոչ մի բան ասել, հետագայում կպարզվի։ Եթե քո ճանապարհն ուղիղ է, ինչի՞ց ես վախենում, այ հոգիս։ Եկեք, գնացեք նշանակած օրը, էլի գնացեք ընտրության։ Ինքը գնաց ոչ օրինաչափ, զարտուղի ճանապարհով, և այս զարտուղի ճանապարհն է, որը Կարմիր խաչի հեղինակությունը գցում է։ Ցավ եմ ապրում, քանի որ բավականին լուրջ աշխատանք է տարվել այս տարիներին»։

Նա պատմեց՝ 1990-ականներին, երբ եկավ առաջին օգնությունը, դրանից հետո օգնությունը դադարեց․ «Ամբողջ Կարմիր խաչով ունեինք 10-15 հոգի աշխատատեղ։ 13-14 տարի ես աշխատել եմ՝ որպես նախագահ, առանց ոչ մի կոպեկի, բայց կարողացել ենք ստեղծել։ Մարդիկ հավատացել են մեզ, արտասահմանյան դոնորները գալիս, ստուգում էին և տեսնում էին՝ ազնիվ է այս մարդկանց աշխատանքը և մեզ վստահում էին։ Դոնորը, երբ գումար է տալիս, ՀՀ-ում կայացած կառույցներից մեկը Կարմիր խաչն է, որն ունի լծակ ամբողջ մարզերում, որոնք հասցնում են շահառուներին այն նվերը, որ իրենք ուղարկել են այս կամ այն շահառուին։ Մարդիկ գնալով սկսեցին բարձրացնել նվիրատվությունը, ավելացավ մեր նկատմամբ ունեցած հավատը։ Այսօր փառք ու պատիվ, որ մեզ հավատում ու ճանաչում են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829