Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան․ «Ժամանակին, երբ ադրբեջանցիները փորձ էին անում կրակել հայկական դիրքերի վրա, ավելի խիստ պատասխան էր տրվում»

Փետրվար 16,2024 20:22

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջին օրերին մեր սահմաններում ահագնացող լարվածությանը՝ ասաց․ «Ներքին Հանդից հետո Ադրբեջանը նոր հայտարարություն է անում, իբրեւ Վարդենիսի հայկական դիրքերից կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Հանրությունն արդեն ակտիվ ընկալում է, որ սա լուրջ հող է նախապատրաստում ոչ միայն լոկալ ընդհարումների, այլեւ լայնածավալ պատերազմ սկսելու համար։ Իսկ մեր պաշտպանության նախարարությունը, կարծես, ընդամենը դարձել է արձանագրող, տեղեկատվություն փոխանցող։ Ժամանակին, երբ ադրբեջանցիները փորձ էին անում կրակել հայկական դիրքերի վրա, ավելի խիստ պատասխան էր տրվում մեր զինծառայողների կողմից։ Իսկ այսօր վախվորած են պատասխանում Ադրբեջանին։

Ներքին Հանդում ի՞նչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը հայտարարեց, իբր, կրակոցներ են եղել հայկական դիքերից եւ վիրավորվել է ադրբեջանական մեկ սահմանապահ։ Ու այդ ստորերը իրենց հարձակմանը նույնիսկ անվանում տվեցին «Հատուցում» ձեւակերպմամբ։ Իսկ ի՞նչ արեց հայկական կողմը։ Զինվորական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ կպարզեն՝ կրակել են, թե ոչ եւ եթե պարզվի, որ հայ զինվորը կրակել է, խիստ պատժի կներկայացվի։ Զինվորական ոստիկանությունն ո՞վ է, որ նման հարց որոշի։ Պաշտպանության նախարարության դերն ու նշանակությունը ամբողջությամբ կորել է»։

Թաթուլ Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց Ներքին Հանդում զոհված  զինծառայողների տարիքի վրա։ «Երկրապահ կամավորականների անունից դիրքերում է հայտնվել 67 տարեկան քաղաքացի, որը զինվորագրվել եւ կանգնել է դիրքերում։ Ո՞վ է թույլ տվել։ 67 տարեկան անձը նույնիսկ ռազմական դրության ժամանակ զորակոչի ենթակա չէ։ Եվ Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարում է, թե ԵԿՄ ութ հազար ներկայացուցիչներ կանգնած են դիրքերում՝ հայտարարելով կոնկրետ պետական գաղտնիք։

Ադրբեջանը հիմա կեղծ տեղեկություններ է հրապարակում, իբր, հիմա էլ իրենց դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել Վարդենիսի հատվածում։ Դա նույնպես պրովոկացիոն հայտարարություն է, որով հող է նախապատրաստվում հետագա լուրջ ընդհարումների, գուցե, լայնածավալ պատերազմի համար»։

Արդարադատության գեներալ-մայորն անդրադարձավ նաեւ օրերս վարդենիսցիների կողմից պետական մայրուղին փակելուն՝ նշելով, որ մարդիկ հասկանում են, թե ինչի են պետական հիմնարկները դուրս բերում սահմանամերձ տարածքներից։ Նույնը եղել էր նաեւ Մեղրիում ու մարդիկ վախի զգացում ունեն, որովհետեւ գիտեն, որ այս իշխանությունները պատրաստվում են այդ տարածքներն ել հանձնել։

Թաթուլ Պետրոսյանը չշրջանցեց նաեւ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները եւ այսօրվա իշխանության՝ դա անելու պատրաստակամությունը։ Նա ասաց, որ աբսուրդ է, երբ Հայոց Ցեղասպանությունը աշխարհում ճանաչել է 42 երկիր ու ստացվում է, որ ցեղասպանված երկիրն ի՞նքն է հրաժարվելու  այն ճանաչելուց։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829