«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի և առաջին համահավաք բնագրի 85-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց ««Սասունցի Դավիթ» Էպոսի լավագույն ընթերցող» խորագրով խաղ-մրցույթ` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի ավագ դպրոցի աշակերտների «Սասուն», «Առյուծ Մհեր», «Մարաթուկ» թիմերի միջև: Երեք թիմերն էլ փայլեցին էպոսի՝ իրենց համակողմանի իմացությամբ: Հաղթեց «Մարաթուկ»-ը:
Հիմնադրամի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Կուրղինյանը հիշեցրեց՝ 1874-ին հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանը տպագրեց «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուն, որի հավելվածում լույս տեսավ «Սասնա ծռեր» էպոսի՝ իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ «Սա հրաշալի առիթ է անդրադառնալու մեր ազգային հարստությանը: Միջոցառումը նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խրախուսելու էպոսի ընթերցումը, խթանելու դրա ճանաչումն ու բացառիկ դերի գիտակցումը»,- ընդգծեց Կուրղինյանը:
Մրցույթի ժյուրիի նախագահ, գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Հայկ Համբարձումյանը նշեց, որ հայ ժողովուրդն էպոսի մեջ գտնում է իր էությունը, ինքնությունը, ձգտում նմանվել էպոսի հերոսներին, հատկապես Սասունցի Դավթին: Նա ընդգծեց, որ էպոսի կարևոր ուղերձներից է ազնվությունը սեփական երկրի, հայրենիքի, անցյալի հիշատակների նկատմամբ: Գրականագետը բարձր գնահատեց խաղ-վիկտորինան և էպոսի վերաբերյալ մասնակիցների խոր գիտելիքները, նշելով, որ հոբելյանական միջոցառումներն առիթ են՝ առնչվելու համար մեր մեծ ու գաղափարական արժեքների հետ:
Կարդացեք նաև
Ժյուրիի անդամ, արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը հայտնեց, որ խիստ տպավորված, ավելին՝ հիացած է պատանիների՝ էպոսի իմացությամբ, և որ նրանք, իրենց գիտելիքներով ու արժանավայել պահվածքով, ապագայի մեծ հույս են ներշնչում: Միջոցառմանը զուգահեռ Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվեց հայկական ժողովրդական էպոսին նվիրված գրականության ցուցադրություն։ Ցուցադրված է Գարեգին Սրվանձտյանցի՝ 1874 թվականին հրատարակված «Գրոց ու բրոց. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»-ը, որից էլ սկսվում են «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրությունները: Բանահավաքները բնակավայր առ բնակավայր շրջել, հավաքել են տարբեր մարդկանց պատմությունները՝ էպոսի պատումները, և 1936 թվականին Մանուկ Աբեղյանի ձեռամբ կազմվել է առաջին հատորը, հետագայում՝ երկրորդը և երրորդը եւ, վերջապես, վերջին հատորը՝ լույս ընծայված արդեն 1999-ին, որոնք ևս ցուցադրված են:
Ցուցադրության մեջ արժանի տեղ ունի «Սասունցի Դավիթ» առաջին՝ «85-ամյա» համահավաք բնագիրը, որը կազմել են Մանուկ Աբեղյանը, Գևորգ Աբովը, Արամ Ղանալանյանը, խմբագրել է Հովսեփ Օրբելին, իսկ նկարազարդումների հեղինակը Մհեր Աբեղյանն է: Ցուցադրված են նաև էպոսի խորհրդային շրջանի հրատարակություններ, «Սասունցի Դավիթ»-ի գրական մշակումները. Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Թոթովենց, Սիտալ, Նաիրի Զարյան, Սողոմոն տարոնցի, Հակոբ Օշական և այլք, էպոսի՝ տարբեր լեզուներով թարգմանությունները, Հակոբ Կոջոյանի, Գրիգոր Խանջյանի, Երվանդ Քոչարի հայտնի ձևավորումները և այլ հրատարակություններ:
Նարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ