Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրահռչակում ենք հայերի՝ Ուրարտուի ժառանգ լինելը». Միքայել Բադալյանը՝ Էրմիտաժում Էրեբունու անկյունի բացման մասին

Փետրվար 16,2024 19:30

Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժ թանգարանում՝ Ուրարտուի դահլիճում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակում, բացվել է Էրեբունի թանգարանի անկյունը: «2023թ ապրիլին Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի եւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջեւ կնքվեց համագործակցության պայմանագիր, որը մատնանշում է համագործակցության բազմաբովանդակ հեռանկարներ: Այդ համատեքստում Էրմիտաժի մեր գործընկերները մասնակցեցին Կարմիր բլուրում իրականացվող պեղումներին, Էրմիտաժը Էրեբունուն նվիրաբերեց արժեքավոր գրականություն, ինչպես նաեւ Էրեբունի թանգարանում կայացավ Էրմիտաժի՝ հնագույն մետաղի արհեստավարժ վերականգնողների կողմից նախապատրաստված դասընթաց:

Նաեւ շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում ենք երկու կարեւոր նախագծերի վրա՝ Էրմիտաժում Էրեբունի թանգարանի անկյան եւ Էրեբունի թանգարանում՝ Էրմիտաժի անկյան ստեղծման վերաբերյալ: Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին սիրով համաձայնեց, եւ փառք Աստծո, տեղի ունեցավ երկու հաստատությունների թիմերի կողմից շատ ներդաշնակ աշխատանք, գրվեցին տեքստերը, պատրաստվեց բուկլետը, ու ականավոր հնագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Բորիս Պիոտրովսկու ծննդյան օրը՝ փետրվարի 14-ին, Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում՝ Ուրարտուի դահլիճում ստեղծվեց Էրեբունի թանգարանի անկյունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ձեւակերպմամբ. «Սա չափազանց մեծ իրադարձություն է, եւ ըստ երեւույթին Էրեբունին միակ թանգարանն է, որ Էրմիտաժի նման համաշխարհային նշանակություն ունեցող հաստատությունում ունի իր անկյունը, որտեղ ներկայացված են Երեւանի Ուրարտական դամբարանից՝ աճյունասափոր, որը պատմում է թաղման ծեսի մասին, հետուրարտական ժամանակաշրջանից՝ Նոր Արմավիրից գտնված սափոր, որը ցույց է տալիս ժառանգականությունը Ուրարտուից դեպի Երվանդունիներ, եւ ամենակարեւորը՝ այնտեղ ցուցադրվում է 1968թ Էրեբունի ամրոցից գտնված մի սեպագիր արձանագրություն, որը համարվում է Երեւանի քարե անձնագրերից մեկը; Նման չորս արձանագրություններ կան, եւ հիմա դրանցից մեկը ցուցադրվում է Էրմիտաժում»:

Միքայել Բադալյանը հավելեց, որ ցուցադրության կողքին դրված են բուկլետներ, որոնք անընդհատ սպառվում են, քանի որ մեծ է հետաքրքրությունը. «Մարդիկ տեսնում են, որ Էրեբունին Երեւանի օրրաններից մեկն է, Էրեբունին այն տեղն է, որտեղից սկսվում է Երեւանի գրավոր պատմությունը: Գիտեք, թե վերջին շրջանում որքան են փորձում աղավաղվել Երեւանի պատմությունը, եւ մենք պահպանելով գիտականության սկզբունքները՝ ցույց ենք տալիս ակնհայտ փաստերի վրա, որ Երեւանի գրավոր պատմությունը սկսվում է Էրեբունուց: Նաեւ սրանով հանրահռչակում ենք Ուրարտուն, հայերի՝ Ուրարտուի ժառանգ լինելը, այդ ժառանգությունը կրելը: Ինքս խորապես շնորհակալ եմ Միխայիլ Պիոտրովսկուց՝ այս կարեւոր իրադարձության համար»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ անկյունը կգործի մեկ տարի, մեծ հավանականությամբ հնարավոր է նաեւ երկարաձգվի:

Ըստ Բադալյանի, մյուս կարեւոր պայմանավորվածությունն էլ այն է, որ վերաստեղծվում է հայ-ռուսական հնագիտական արշավախումբը Կարմիր բլուրում, վերակենդանացվում են Միխայիլ Պիոտրովսկուց եկած ավանդույթները: Փաստորեն, Կրամիր բլուրն արդեն կունենա երկու արշավախումբ՝ հայ-ավստրիականը եւ հայ ռուսականը: Ինչ վերաբերվում է Էրեբունիում Էրմիտաժի անկյուն ստեղծելուն, մեր զրուցակցի հավաստմամբ, այն նախատեսվում է ամռան վերջին կամ աշնան սկզբին: Էրմիտաժի անկյուն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: Միքայել Բադալյանը նաեւ հիշեցրեց, որ շուտով Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությունը կփակվի, որովհետև Լուվրի թանգարանի հետ պետք է իրականացնեն թանգարանի ցուցադրության արդիականացում:

Դառնալով, Էրմիտաժում Էրեբունի թանգարանի անկյունի բացմանը, Բադալյանը հավելեց, որ Հայաստանի մշակութային կյանքի համար չափազանց կարեւոր այս իրադարձությանը ներկա են եղել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, բարձրաստիճան եւ նշանավոր այլ հյուրեր, համայնքի ներկայացուցիչներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարների հեղինակային իրավունքները պատկանում են Էրմիտաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829