Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները ֆրանսիացի դիվանագետների հետ քննարկել են ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթին առնչվող հարցեր

Փետրվար 16,2024 19:40

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենի եւ Մարի Լորժուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը:

Զարուհի Բաթոյանը դիվանագետներին է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված իր եւ գործընկերների հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում ու մի շարք օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի մշակման նախապատմությունը, հիմնական փոփոխությունները:

Դիվանագետները հետաքրքրվել են նաեւ 2017 թվականին ընդունված օրենքի արդյունքներով, ինչպես նաեւ դրանից կատարած հետեւություններով:

Օրենսդրական փաթեթի համահեղինակ Ծովինար Վարդանյանը, խոսելով նախագծի դրական կողմերի մասին, հատկապես առանձնացրել է ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման կարեւորությունը եւ մշակութային փոփոխությունները` ընդգծելով, որ երբեմն ոչ զոհը, ոչ էլ բռնություն գործադրողը տեղյակ չեն, որ կատարվողն ընտանեկան բռնություն է: Ըստ Ծովինար Վարդանյանի` իրազեկումն այս օրենսդրական նախաձեռնության կարեւորագույն փուլն է:

«Մի բան է ունենալ լավ օրենսդրական նախաձեռնություն, բայց այլ բան է ունենալ լավ օրենք` իր կիրարկման ընթացքում»,- նկատել է նախաձեռնության համահեղինակ Սոնա Ղազարյանը: Նա կարեւոր է համարել Ֆրանսիայի հետ փորձի փոխանակումը, նաեւ հասկանալու համար, թե ինչպիսի խնդիրների է Ֆրանսիան հանդիպել օրենքի կիրարկման ընթացքում:

Հյուրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու ոլորտային բարեփոխումներին, հատկապես` հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829