«Եթե դու չես վիճարկում, բայց անում ես արտահերթ համագումար, իմ՝ իրավապաշտպանիս կարծիքով դա իրավաչափ չէ, դա առոչինչ է՝ բխող բոլոր իրավական հետևանքներով»,-Հայկական կարմիր խաչի ընկերության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Լևոն Բաղդասարյանը, ներկայացնելով նախապատմությունն ասաց․ «2024-ի փետրվարի 8-ին տեղի ունեցավ նախագահության նիստ, և նախագահությունը հրավիրել էր նաև նախկին գլխավոր քարտուղար տիկին Աննա Եղիազարյանին և հաշվետվություն պահանջել հետևյալ հարցերի շուրջ՝ ո՞րն է պատճառը, որ տարեկան հաշվետվություն չեք ներկայացրել նախագահությանը, ո՞րն է պատճառը, որ 2024-ի բյուջեի նախագիծը նախագահությանը չեք ներկայացրել և մի քանի կանոնադրական խախտումներ, որի պատասխանը փորձել են ստանալ գլխավոր քարտուղարից, որից հետո նախագահությունը որոշել էր, որ նրան հեռացնի պաշտոնից»։
Այնուհետև նախագահությունն իր որոշմամբ գլխավոր քարտուղար էր նշանակել Արթուր Արիստակեսյանին։ Լևոն Բաղդասարյանն ասաց՝ իրավական ընթացակարգով՝ նախագահության որոշումները ենթակա են պարտադիր կատարման, այն շահագրգիռ անձը, որը գտնում է, որ նախագահության որոշումներն իրավաչափ չեն, այն կարող է վիճարկվել դատական կարգով։
Նա ասաց, որ նախագահությունը դիմում էր ստացել նախաձեռնող խումբ անվանմամբ, որոնք ներկայացրել էին ցուցակ, որտեղ 1/3-ի ուժով ցանկացել են իրականացնել արտահերթ համագումար․ «Նախագահությունը հայտնաբերել է մեղմ ասած՝ թերություններ․ ցուցակում ներկայացված որոշ անձանց անվան տակ ստորագրություն չի եղել, անձնագրային տվյալները թերի են եղել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համագումարում պետք է հաստատվի 2024-ի բյուջեն, 2023-ի հաշվետվությունը, նախագահությունը որոշել է մերժել դիմումը և հերթական համագումարի օր նշանակել 2024-ի ապրիլի 8-ին։ Նախագահության որոշումները ենթակա են անհապաղ կատարման։ Նախագահությունն է որոշում համագումարի տեղը, վայրը, ժամանակը։ Եթե նախագահությունը նման որոշում չի կայացնում, ապա արտահերթ համագումար տեղի չպետք է ունենա։ Դրա իրավական ընթացակարգ է․ այն շահագրգիռ անձինք, որոնք ցանկացել են՝ կայանա արտահերթ համագումար, սակայն մերժում են ստացել նախագահության կողմից, օրենքով սահմանված կարգով այն պիտի բողոքարկեին, ինչը չի բողոքարկվել։ Բայց երեկ տեղի ունեցավ հայտարարություն մամուլով, որ արտահերթ համագումար է տեղի ունեցել և ընտրվել է նոր նախագահություն, ինչը իմ բերած հիմնավորումներով՝ առոչինչ է՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ․ Գ․ Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ–ներին ուղարկվել է հետեւյալ հաղորդագրությունը, որը նաեւ հրապարակված է Հայկական Կարմիր խաչի ֆեյսբուքյան էջում․ «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը չի արձագանքի մամուլում հայտնված վարկաբեկող հայտարարություններին, որոնք արվում են փաստաբան Լևոն Բաղդասարյանի կողմից, քանի որ դրանք հուզական են, պարունակում են քաղաքական ենթատեքստ և հեռու են իրականությունից։
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի և նախագահության անդամների կողմից կատարված արարքների առթիվ ներկայացվել են հաղորդումներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական վարույթ, այս պահին ընթանում է նախաքննություն, իսկ այդ վարույթով ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ճանաչվել է տուժող։
Հաշվի առնելով, որ ընթանում է նախաքննություն, նախաքննության գաղտնիքը չբացահայտելու նպատակով, մենք զերծ ենք մնում դեպքերի, հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկատվություն տրամադրելուց, քանի որ ամբողջ գործընթացն իրականանում է իրավական դաշտում։ Իրավական դաշտից դուրս որևէ հայտարարություն չունենք անելու։
Միայն նշենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հիմնադրվել է բժիշկ Սպանդարատ Կամսարականի կողմից՝ 1920 թվականին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ է, առաջնորդվում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներով՝ չեզոք է, անկախ, և քաղաքականացված կառույց չէ»։