Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սևակ Միքայելյանը տապալել է ապօրինի սեփականաշնորհված անտառների վերադարձի դատական գործերը. «Հետք»

Փետրվար 16,2024 16:24

«Հետք»-ը գրում է. «Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը տապալել է Ծաղկաձորում գտնվող ապօրինի սեփականաշնորհված անտառներից 8.82 հա-ն համայնքին վերադարձնելու դատական գործերը։ Այդ հանգամանքը պարզել ենք դատական տեղեկատվական համակարգում առկա դատական գործերի ուսումնասիրության արդյունքում։

Դեռևս 2018 թ․-ին «Հետքը» բացահայտել էր պաշտոնյաների կողմից 2007-2009 թվականներին Ծաղկաձորում  50 հեկտար անտառի ապօրինի սեփականաշնորհման պատմությունը։ Հետագայում Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց, հաստատվեց կեղծ աճուրդներով հողերի սեփականաշնորհման հանգամանքը, սակայն քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում հայցերով դիմեց դատարան, որպեսզի պետությանը վերադարձվեն Կոտայքի մարզպետարանի աճուրդներով սեփակաշնորհված անտառային տարածքները։ Քանի որ անտառների մի մասը սեփականաշնորհվել էր Հրազդանի համայնքապետարանի կազմակերպած աճուրդներով, դրանք էլ դատարանում պետք է վիճարկեր և անտառային տարածքները համայնքին վերադարձներ Հրազդանի համայնքապետարանը։

Եթե Դատախազությունը հետևողական է եղել և արդեն երկու դեպքով՝ դատարանի վճռով պետությանն են վերադարձվել 2.4 հեկտար և 0.55 հեկտար անտառային տարածքներ, ապա նույնը չենք կարող ասել Հրազդանի համայնքապետարանի դեպքում։ Ընդհակառակը՝ Հրազդանի համայնքապետարանը տապալել է իրավական գործընթացը և մեկը մյուսի հետևից պարտվել դատարանում՝ գրեթե անհնար դարձնելով սեփականաշնորհված անտառները համայնքին վերադարձնելու հնարավորությունը։

Այսպես, 2020 թ․-ի օգոստոսին Հրազանի համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով 10 աճուրդի արդյունք անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանք։ Այդ աճուրդներով անտառային հողեր էին սեփականաշնորհել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ կապված անձը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը և խորհրդականի որդին, խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ազգականը (2 հողակտոր), պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը։

Ընդհանուր առմամբ Հրազդանի համայնքապետարանը տապալել է 8.82 հա անտառապատ տարածքների վերադարձի գործընթացը, որի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել էինք Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին։

Համայնքի ղեկավարը նշել է, որ առանց քննության գործերից մեկով, որով հողակտորի սեփականատեր էր դարձել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, կրկին հայց են ներկայացրել դատարան։ «Դատարանի կողմից հայցային վաղեմության հիմքով մերժված գործերով համայնքապետարանը վերադաս դատարան վճիռները չի բողոքարկել, քանի որ, ըստ էության, վճիռները պայմանավորված են եղել իրավունքի պաշտպանության համար սահմանված հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով։ Իսկ մնացած գործերը դատարանում քննվում են և գտնվում են ընթացիկ փուլում»,- իր պատասխանում նշել է համայնքի ղեկավարը»։

Հրազդան համայնքի ղեկավարն անտառների վերադարձի հարցով դիմել է դատախազություն, տեղեկանում ենք «Հետքի» հոդվածի վերաբերյալ Սևակ Միքայելյանի պարզաբանումից. «Հրազդանի համայնքապետարանը դատարանի կողմից առանց քննության թողնված գործերի ընդունման ժամանակահատվածում, աշխատակազմում իրավաբանական բաժին առկա չի եղել, իսկ իրավաբանական ապահովումը իրականացվել է` ծառայությունների մատուցման պայմանագրով: Միաժամանակ հայտնում եմ, որ եղել են նաև դատական նիստեր, որոնց ընթացքում համայնքապետարանը ծառայությունների մատուցման պայմանագիր չի ունեցել: Առանց քննության թողնված գործերից մեկով կրկին հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ և դեռևս քննվում է, իսկ մնացած գործերով համայնքապետարանը ներկայումս ձեռնարկում է քայլեր կրկին հայցադիմումներ ներկայացնելու և այդ իրավունքը վստահաբար իրացվելու է: Հարկ եմ համարում նշել, որ համայնքապետարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր տարբերակները՝ ի շահ համայնքի:

ՀՀ գլխավոր դատախազության և Հրազդանի համայնքապետարանի կողմից ներկայացված հայցերի և դատարանի կողմից կայացված որոշումները տարբերվում են նրանով, որ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան Կոտայքի մարզպետարանի կողմից կայացված աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ համայնքապետարանի դեպքում` համայնքն, ըստ էության, վիճարկում է իր կողմից կայացված օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված աճուրդներն անվավեր ճանաչելու գործընթաց, և այստեղ ամենևին խոսքը չի գնում անձերի մասին, այլ խոսքը համայնքապետարանի կողմից կայացված աճուրդների անվավեր ճանաչելու մասին է/իրավաբանական հանրությանը առավել հասկանալի կլինի/:

Ինչպես նաև համայնքապետարանը ձեռնարկել է բոլոր միջոցները, այդ թվում՝ համայնքի շահերի արդյունավետ պաշտպանության առումով` դիմել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով` համայնքային շահերի պաշտպանության հարցով դատարան հայց հարուցելու խնդրանքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829