Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լրագրողները հարցրեցին Սահմանադրությունը փոխելու մասին. մի կողմից ասում են, թե Սահմանադրություն փոխելով՝ ժամանակ են փորձում շահել, մյուս կողմից Ալիեւն ակնարկում է, որ դա ինքն է ուզում, դուք ի՞նչ կարծիք ունեք՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ալիեւը չի ակնարկում, առաջին անգամ այդ մասին երկու տարի առաջ է խոսել, պահանջել: Չեմ կարծում, որ այս պարագայում ՀՀ կառավարիչների կողմից ժամանակ շահելը այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը: Այս մարդիկ 3,5 տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել առաջնագիծը, ապա այդ ժամանակը իրենց համար ի՞նչ նորություն պիտի բերի, միգուցե իրենց թվում է՝ ինչ-որ հրաշք տեղի կունենա ու Ադրբեջանը իր պահանջները հետ կքաշի, չի կարող այդպիսի բան լինել: Պիտի կրկնեմ՝ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը: Մենք արդեն գործ ունենք մեկը մյուսով փոխարինելու հետ: Այսինքն, այն կամքը, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ-որ տեղ փորձում են դրանով կոնպենսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությամբ»:
Նոր պատերազմի հավանականության մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Պատերազմը լինում է կողմերի միջեւ, երբ գոնե ինչ-որ չափով հնարավորություն կա ռազմական երկար գործողությունների»: Ճշտմանը՝ մենք այդ ռեսուրսը չունե՞նք քաղաքական առումով թե՞ մեր բանակը չունի՝ Սարգսյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել մեր բանակի ռեսուրսի չափի մասին, որովհետեւ ստույգ տեղեկություններ չունեմ, բայց որ չկա այդ կամքը, որ ուղղակի մեր բանակի պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել, դա ակնհայտ է: Երբ որ քո թշնամին ասեմ, հակառակորդն ասեմ՝ նրա պահանջով շատ արագ՝ ժամերի ընթացքում խոստանում ես, որ հեսա մեղավորներին կգտնես ինչ-որ մի կրակոցի համար, վաղը մյուս օրը, երբ ադրբեջանցիները ճնշեն, մեր զինվորները նույնիսկ ցանկություն չեն ունենալու դիմադրելու, որովհետեւ այդ դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն անցկացնել, պատժել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ