«Իշխանական բուրգի ճաքերի մասին շատ շուտ է խոսել: Խնդիրն այն է, որ Նիկոլի մոտ միշտ անհրաժեշտություն կա հասարակության մի մասին ինչ-որ իրադարձությունով կերակրել: Չկան այլեւս հների կերպարները, կարծես թե սպառվել են կամ այն նշանակությունը չեն ունենա, դրա համար սկսել են յուրայիններից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
Հարցին ի պատասխան՝ Քերոբյա՞նն էլ է դառնալու «նախկին»՝ Նիկոյանը ծիծաղեց. «Արդեն կարծում եմ նախկին է: Ես զարմացա մի անգամ, որ այս իշխանության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող մեկը, որին աշխատանքից հանել են, մեկ էլ տեսնենք՝ եկել է, կանգնել է մարդկանց մոտ: Ես չէի տեսել, այլապես նրան դուրս կշպրտեի»: Լրագրողները հորդորեցին անվանական խոսել, Նիկոյանն ասաց, որ խոսքը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին է. «Նա իրավունք չունի, նա Նիկոլի հետ պետք է պատասխան տա, հանկարծ չփորձի սրբագրվել: Քերոբյանը ուրիշ տարբերակ է: Քերոբյանը նախարար է եղել, ինքն էլ երեւի չիմացավ ինչի եկավ»:
Ըստ Նիկոյանի, սա վարչապետի «խաղն» է, որ հանկարծ մարդիկ չսկսեն մտածել, անընդհատ կերակրում է տեսարաններով, որովհետեւ մտածող քաղաքացին իր համար վտանգավոր է. «Իշխանական բուրգը հենց այնպես չի ճաքի: Եթե ընդդիմությունը փորձի գործնական քայլերի դիմել, նորից կերակրատաշտակի գործոնը նրանց կմիավորի»:
Կարդացեք նաև
Նիկոյանը նշեց, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք գիտեն, որ արարքներ կան, որ չեն մոռացվում ու մի օր պատասխան են տալու. «Իրենք չեն ուզում Նիկոլի հետ կիսել այդ դաժան պատասխանատվությունը, որը անխուսափելիորեն լինելու է: Շատ մարդիկ ձգտում են փախչել պատասխանատվությունից, բայց դե Նիկոլը հասկանում է՝ այնպես պիտի անի, որ դա լինի կոլեկտիվ պատասխանատվություն: Նիկոլն ուզում է իմանան՝ ով հաց է տանում տուն, այդ հացի մեջ հայի արյուն կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ