Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով հարցին, որ սահմանային լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հասել է արդեն իր մերձավորներին, ո՞րն է իր գնահատականը՝ պատասխանեց, որ այս բոլոր սցենարների մասին իրենք ասել էին. «Մի բանաձեւ մնում է ուժի մեջ, քանի դեռ սրանք են իշխանության, որեւէ լավ բանի սպասել չի կարելի: Մենք արդեն չենք էլ քննարկում սրանց ստերը՝ բանակի բարեփոխումներ եւ այլն…Ակնհայտ է, որ ոչինչ չի արվում սահմանների անձեռնմխելիության, ՀՀ տարածքային ամբողջականության եւ նրա վերականգնման, ամբողջականության խնդրի լուծման համար: Ոչինչ չի արվում, բացի պատեպատ ընկնելուց, որպեսզի հնարավորինս երկարաձգեն կապիտուլյանտի իշխանությունը»:
Հարցին՝ բա դուք՝ որպես ընդդիմություն, ի՞նչ եք անում այս իշխանությանը հեռացնելու համար, բացի գրառումներ անելուց ու հարցազրույցներ տալուց՝ Զաքարյանը պատասխանեց. «Առնվազն 3 անգամ արվել է առավելագույնը, բայց ցավոք, հանրային բավարար աջակցություն չի եղել, այստեղ հանրությունը ամենաքիչ անելիքն ունի, նաեւ քաղաքական ուժերի միավորման խնդիրը ընդդիմադիր դաշտում առ այսօր լուծված չէ»:
Ըստ Արտակ Զաքարյանի, մինչեւ ընդդիմությունը չդադարեցնի «ով է բերել Նիկոլին» արհեստական փուչիկ հարցադրումները, այդ հիվանդ երեւակայությանը վերջ չդրվի, թե՝ «ով ուզում է լինի, մենակ նախկին չլինի, սպասենք թազա ուժ գա»՝ չի լինելու. «Դա հեքիաթների մեջ է: Մենք ունենք այն, ինչ ունենք, ունենք լավ թե վատ՝ կայացած ընդդիմադիր դաշտ, գետնի վրա կանգնած ու ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական ուժեր, որոնց խնդիրը լիարժեք չի լուծվել: Միայն իրենց միավորմամբ հարց չի լուծվի, որովհետեւ ինչպես տեսանք Երեւանի ավագանու ընտրություններին, կողքից կհայտնվեն ուժեր, որոնք կանեն այն, ինչ հակադիր է մեր պետության շահերին»:
Հարցին՝ ԵՄ-ի հետ նոր օրակարգը ի՞նչ կտա ՀՀ-ին՝ պատասխանեց. «Ոչինչ, որովհետեւ ԵՄ-ն ինքը օրակարգ չունի: ԵՄ-ն միայն մի օրակարգ ունի՝ ՌԴ-ի դեմ պատերազմել, ՌԴ-ին առավելագույնս մեծ վնաս հասցնել: Ես չեմ տեսնում, որ արեւելյան երկրների եվրոասոցացման գործընթացը բացառապես ՌԴ-ի հետ հակամարտությունը, այլ օրակարգեր ունի»:
Կարդացեք նաև
Իսկ թե ՌԴ-ի հետ ի՞նչ օրակարգ ունեինք՝ Արտակ Զաքարյանը թվարկեց. «Սրանց պարագայում ՌԴ-ի հետ բոլոր օրակարգերը ցավոք դառել են ֆիկտիվ: Գլխավոր օրակարգը անվտանգային օրակարգն էր, արցախյան խնդրի կարգավորման հայտնի սկզբունքներն էին, մեր համատեղ գլոբալ անվտանգության շրջանակներում մեր կոլեկտիվ անվտանգության հարցերի լուծումն էր՝ չկա: Այսօր մի օրակարգ է մնացել տնտեսական հարաբերություններ, պետական քաղաքականության մեջ դա չի երեւում»:
Հարցին՝ սպասե՞նք լայնամասշտաբ պատերազմի՝ նա պատասխանեց. «Հիմա որ փափուկ բարձ դնեմ, ասեմ՝ չի լինի՝ սուտ կլինի: Միեւնույն ժամանակ տեսնում եմ որոշակի զսպող հանգամանքներ, կանխարգելիչ հանգամանքներ՝ լայնամասշտաբ պատերազմ չլինելու: Դրանք ավելի շատ գլոբալ զարգացումների մեջ են, քան սրանց գործողությունների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ