«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այսօր հրավիրած ասուլիսում շարժման համակարգող խորհրդի անդամ Հրանտ Բագրատյանն ասաց, որ բանը բանից անցնում է, Նիկոլ Փաշինյանն օրը մի բան է ասում ու խաբում ժողովրդին։
«Խաբելով, սուտ ասելով գնում է առաջ։ Ինքը կուտը գցում է, հասարակությունը երբեմն նստում ու լուրջ քննարկում է։ Այո, իհարկե, Ադրբեջանն ագրեսիվ պահվածք ունի, բայց այնպիսի տպավորություն կա, որ Երեւանից Փաշինյանն ասի՝ էլ ավելի ագրեսիվ պահիր քեզ, հարձակվիր գրավիր այդ միջանցքը, ինձ էլ կնշանակես քո ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք այսպիսի միտում ենք տեսնում, պարտավոր ենք զգուշացնել հանրությանը, որ ինչ ասում է, սուտ է ասում։ Այդ ի՞նչ խաղաղության է ինքը գնում, ո՞վ է այդ թույլիկի հետ խաղաղության գնալու։ Եվ նրա հեռացումն անմիջապես իրավիճակ կփոխի»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ապավինել Արեւմուտքին, բայց Արեւմուտքը բացահայտ ասում է՝ ինձ չապավինես։ «Ես այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանն աշխարհաքաղաքական երկու ընտրություն ունի, երկուսն էլ վատն են։ Մեկի դեպքում մենք ունեք երկու թշնամի՝ Ադրբեջան ու Թուրքիա։ Դժբախտաբար, Փաշինյանը ուզում է ընտրել երկրորդ տարբերակը, որտեղ իր թշնամիներ է ուզում դարձնել Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին։ Սրա տակից ոչ ոք չի կարող դուրս գալ։ Այն անհեթեթությունը, որն անում են ինքը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, էլ ո՞րն ասեմ, Անդրանիկ Քոչարյանը, Սարգիս Խանդանյանը․․․ Խոսում են անհեթեթ բաներ։ Այս ամենը հայ ժողովուրդը պետք է կանգնեցնի, այլապես ես կսկսեմ մտածել, որ եթե ժողովուրդը սրան չի արձագանքում, ապա ստացվում է, որ մեր ժողովուրդն ինքնակամ գնում է հերթական ցեղասպանության։ Մարզերում արդեն մարդիկ սկսել են հասկանալ, որ հնարավոր չէ ապրել Վարդենիսում։ Հնարավոր չէ եւ չենք ապրում Իշխանասարում, դուրս ենք եկել։ Նույնիսկ հպարտանում ենք, հարցնում ենք՝ ժողովուրդն այնտե՞ղ է, ասում են՝ մեզ հարիֆի տե՞ղ եք դրել, վաղուց հանել ենք ժողովրդին։ Նույն իրավիճակը Ներքին Հանդում է, Ճակատենում, Շուռնուխում, իր բերանով ասաց՝ 30 գյուղից դուրս ենք եկել, թողել ենք մեջը մեկ-երկու ծեր մարդ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանը կոչ արեց հասարակությանը՝ մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շատ թույլ է, հրաժարական է տալու։ «Ես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ հիմա դուրս արի ինքնակամ, հետո շատ բարդ է լինելու քեզ համար։ Դուրս արի, տեսնենք ինչ է հնարավոր անել։ Տեսնում ենք քայլերը, տեսնում ենք փրկության հնարավորություն»,- հավելեց Բագրատյանը։ Նա ընդգծեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հիմա ինքնակամ հեռանա, իրենք կապահովեն նրա ու նրա ընտանիքի անվտանգությունը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ